Բաժիններ՝

 ««Նորք-Մարաշի զինված խմբի» ղեկավարի մոտ նոր հիվանդություն է ախտորոշվել, և, եթե նրա հետ ինչ-որ բան կատարվի՝ պատասխանատուն իշխանությունն է». փաստաբան

«Ես նորանկախ  Հայաստանի պատմության մեջ երբևէ չեմ տեսել, որ լինի խտրականությամբ, անհավասար մոտեցմամբ համաներում: Ակնհայտ է ընտրովի արդարադատությունը: Ամիսներ առաջ տեղի ուենցած համաներման ժամանակ, չգիտես ինչու, առանձնացրեցին «Սասնա ծռեր» խմբին և կիրառեցին համաներում, իսկ «Նորք-Մարաշի զինված խմբի» դեպքում նման բան տեղի չունեցավ: Հետագայում խմբի  բոլոր անդամների մի մասը ստորագրությամբ դուրս եկավ, իսկ Արթուր Վարդանյանը շարունակում է գտնվել կալանքի տակ: Այս ընթացքում նա ձեռք է բերել ծանր՝ Կրոնի հիվանդություն: Ամբողջ գիտակցական կյանքում նա պետք է լինի բժիշկների հսկողության ներքո:

Արթուրն այս հիվանդության հետ կապված լուրջ խնդիրներ ունի, և հետագայում եթե նրա հետ ինչ-որ բան կատարվի՝ ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է երկրի բարձրագույն իշխանության վրա»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արթուր Վարդանյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը՝ հավելելով, որ, երբ հարցը բարձրաձայնում  են՝ պատասխանում են, թե դատական իշխանությունն անկախ է, եթե դատավորը կարծում է, որ կալանավորված պետք է մնա, ուրեմն այդպես է:

Նշենք, որ Կրոնի հիվանդությունը (անգլ․ Crohn’s disease) աղիների քրոնիկ բորբոքային հիվանդությունն է։

«Իմ կարծիքով՝ սա նախկին իշխանությունների կողմից կարված գործ է: Իշխանափոխությունից հետո պետք է այս գործը կարճեին կամ արդարացման դատական ակտեր կայացնեին: Զինված խումբը՝ ունենալով մեծ թվով զենք-զինամթերք՝ ոչ մի կրակոց չի արձակել: Ձերբակալությունից հետո իմ պաշտպանյալը հայտարարություն արեց՝ զենքի հետ կապված, և ասաց, որ իշխանությունը հողեր է տալու, և զենքը դիմադրություն ցույց տալու համար է: Այդ ժամանակ, միգուցե, հեքիաթի դաշտում էր, բայց հետո եղավ 2016թ.ապրիլյան պատերազմը»,- նկատեց Լևոն Բաղդասարյանը:

Նրա փոխանցմամբ՝ մերժում են իր պաշտպանյալին՝ ասելով, որ ծանր հոդված է, դուրս գալով՝ կարող է խոչընդոտել, թաքնվել:

«Մի քանի անգամ Վարդանյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն ենք ներկայացրել դատարանին, սակայն դատավորը մերժել է՝ պատճառաբանելով, որ մնալով ազատության մեջ՝ Վարդանյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը: Այսօր գրավի ինստիտուտ հասկացությունը Հայաստանում բացարձակ չի գործում կամ ընտրովի է կիրառվում: Կալանավայրում ինչքա՞ն պետք է մարդ մահանա, որ իշխանությունը հասկանա՝ խնդիր կա»,- նշեց Լևոն Բաղդասարյանը:

Փաստաբանը հայտնեց, որ իր պաշտպանյալը բուժում է ստանում «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում, սակայն, ըստ նրա՝ կալանավայրում չկան համապատասխան պայմաններ, որպեսզի  լիարժեք բուժում կազմակերպեն:

«Ոչ թե բուժում է ստանում, այլ ցավազրկումներով են տալիս, իսկ հիվանդությունն ավելի է բարդանում»,- ընդգծեց Լևոն Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ Նորք-Մարաշում վնասազերծվել է զինված խումբ:

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Վարդանյանի գլխավորած՝ 2015 թվականին Նորք-Մարաշում վնասազերծված 20 հոգանոց զինված խումբը ծրագրել է բռնությամբ զավթել իշխանությունը: Մասնավորապես, թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության և այլ հաստատությունների շենքերի վրա:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս