ԱՄՆ-ում առնվազն 21 մարդ է մահացել անոմալ ցրտերի պատճառով
Առնվազն 21 մարդ է մահացել ԱՄՆ-ի Միջին Արեւմուտքում հաստատված սառնամանիքների պատճառով: Այդ մասին հունվարի 31-ին հայտնել է Fox News հեռուստաալիքը:
Ոմանք մահացու ցրտահարվել են փողոցներում ու իրենց տներում, մյուսները զոհվել են բքով պայմանավորված վթարների ու դժբախտ պատահարների հետեւանքով:
Մրսած ու ցրտահարված հարյուրավոր մարդիկ են տեղափոխվում հիվանդանոցներ: Ռոքֆորդում (Իլինոյսի նահանգ) ջերմաչափերի սյունն իջել է մինչեւ ռեկորդային մինուս 34 աստիճան: Չիկագոյում նույնպես օդերեւութաբանական դիտարկումների հարյուրամյա պատմության ռեկորդ է գրանցվել՝ մինուս 29 աստիճան: Վիսկոնսինի նահանգի Մեդիսոնում հունվարի 31-ին մինուս 32 աստիճան էր:
Չիկագոյում գրասենյակների մեծ մասը հունվարի 31-ը ոչ աշխատանքային օր էր հայտարարել, ընդհատումներ են դիտվել էլեկտրականության եւ ջրի մատակարարման գործում, ինչպես նաեւ տրանսպորտում: Չեղարկվել են հազարից ավելի ավիաչվերթներ: Հինգշաբթի երեկոյան ցիկլոնը շարունակել է շարժվել դեպի արեւելք, Արեւմտյան Նյու Յորքում ավելի քան 50 սանտիմետր ձյուն է տեղացել:
Արդեն հանգստյան օրերին սառնամանիքներից տուժած նահանգներում կտրուկ տաքացում է սպասվում. ջերմաստիճանը կբարձրանա ըստ Ցելսիուսի միանգամից 27 աստիճանով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: