«Ցանկության դեպքում հնարավոր է կյանքի կոչել հայ-իրանական երկաթգիծը». Իրանագետ

«Չեմ կարծում, որ հայ-իրանական երկաթգծի կառուցման վերաբերյալ ծրագիրը կարող է անտեսվել նոր իշխանությունների կողմից կամ դուրս մնալ հայ-իրանական հարաբերությունների նոր օրակարգից։ Այս հարցում պետք է միշտ ձեռքը պահեն զարկերակի վրա և հնարավորության դեպքում հայթայթեն ֆինանսական միջոցներ և կառուցեն այդ երկաթգիծը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս, իրանագետ Ահարոն Վարդանյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ է իրատեսական, որ կյանքի կարող է կոչվել հայ-իրանական երկաթգծի կառուցման ծրագիրը։

Հիշեցնենք, որ դեռևս 2014 թվականին «Ռոսիա ՖԶԷ» ներդրումային ընկերությունը Հայաստանում ներկայացրեց հայ-իրանական երկաթգծի կառուցման ծրագիրը, որի մեկնարկը պետք է տրվեր  2016 թվականին: Երկաթգծի երկարությունը կազմելու էր 300 կմ, ունենալու էր 27 կայարան` բաղկացած լինելով 60 թունելներից: Երկաթգծի կառուցման համար պահանջվելու էր մոտ 6 տարի և  3,2 մլրդ դոլարի ներդրում:

Իրանագետի խոսքով՝ ամբողջ աշխարհում ապրում են 10 մլն հայեր և կարող են որոշակի գումար ներդնել, որպեսզի կառուցվի հայ-իրանական երկաթգիծը։

«Այս փաստը կարելի է օգտագործել, հատկապես, որ հեղափոխությունից հետո համազգային կոնսոլիդացիայի արդյունքում հնարավոր է կյանքի կոչել։ Ցանկացած երազային ծրագիր կարելի է, ի վերջո, իրականություն դարձնել, եթե կա ցանկություն»,- շեշտեց Ա. Վարդանյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս