«Իրավիճակը բավականին խոցելի է Հայաստանի համար»
Հունվարի 16-ին Փարիզում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի թվով չորրորդ հերթական հանդիպումը: ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ հանդիպումը կայանալու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ:
Նախարարական հանդիպումն այս տարվա առաջին բանակցությունն է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակում: Հանդիպման բուն օրակարգի վերաբերյալ հակամարտող կողմերի նախարարությունները մանրամասներ չեն հայտնում: Սակայն դատելով նախարարների նախորդ երեք հանդիպումներից հետո տարածված տեղեկություններից, կարելի է ենթադրել, որ առնվազն երկրների ղեկավարների մակարդակով հանդիպում կազմակերպելու հարցի շուրջ նախարարները խոսելու առիթ ունեն: Ի դեպ, նախարարական վերջին հանդիպումը կայացել էր դեկտեմբերի 5-ին Միլանում, դեկտեմբերի 6-ին ԵԱՀԿ Նախարարների կոմիտեի նիստի շրջանակներում տեղի ունեցած հանդիպման արդյունքում ընդունվել էր համատեղ հայտարարություն, որով կողմերը պատրաստակամություն էին հայտնել շարունակել բանակցությունները, այդ թվում՝ 2019թ. սկզբում կազմակերպել Ալիև-Փաշինյան հանդիպում, ինչը մի շարք վերլուծաբաններ և պաշտոնյաներ համարեցին բացառիկ արդյունք:
Ավելին՝ Ադրբեջանի ԱԳ նախարարը, մեկնաբանելով իր ու Զոհրաբ Մնացականյանի հետ Միլանում կայացած վերջին հանդիպումը, հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկար ժամանակ անց առաջին անգամ կարողացել են որոշակի փոխըմբռնման գալ ԼՂ հակամարտության հարցում:
Նա նաև շեշտել էր, որ ԼՂ խնդրի լուծումը 2019թ. նույնպես շարունակելու է մնալ Ադրբեջանի արտաքին քաղաքականության հիմնական խնդիրն ու նպատակը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին՝ նշել էր, թե պայմանավորվածություններ ադրբեջանական կողմի հետ չկան, պարզապես կողմերը համաձայնության են եկել հայտարարության շուրջ, ինչը դրական զարգացում է:
Օրերս «Caucasus watch»-ին տված իր հարցազրույցում բրիտանացի հեղինակավոր կովկասագետ, Կարնեգի Ֆոնդի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալն ասել էր, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակում հայկական կողմի մոտեցումները լուրջ փոփոխությունների չեն ենթարկվելու մոտ ապագայում, քանի որ, նրա համոզմամբ, Ն. Փաշինյանի համար առաջնահերթություն են տնտեսական բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը և մենաշնորհների վերացումը:
«Իհարկե, նա չի փորձում խորացնել ԼՂ հակամարտությունը: Սակայն նա չի կարող իրեն թույլ տալ հուսախաբ անել ղարաբաղյան հայերին, քանի որ փաստորեն հենց դրա համար էլ 1998թ. հեռացվեց ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ուստի Փաշինյանը այսօր փորձելու է պահպանել ստատուս-քվոն, իսկ Բաքուն իր կողմից՝ ցանկանում է հասնել ակտիվ խաղաղ գործընթացի կամ թափ տալ իրավիճակը ինչ-որ ակտիվ գործողություններով»,- նշել էր բրիտանացի կովկասագետը:
«168 Ժամի» հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ ինչպես նախորդ իշխանությունների դեպքում, ներկայումս ևս ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում բեկման հնարավորություն մոտ ապագայում չի տեսնում, քանի որ ոչ մի կողմը պատրաստ չէ զիջումների, որովհետև դա ունենալու է ներքին հետևանքներ: Սակայն, ըստ նրա՝ իրավիճակը չսրելու նպատակով երկու կողմերից էլ կա զգուշավոր քաղաքականություն, քանի որ, ի վերջո, այս փուլում ադրբեջանական կողմին դեռ հայտնի չէ, թե ինչ մտադրություններ ունի հայկական կողմը:
Սկակովի կարծիքով, բանակցային գործընթացն ինտենսիվ կերպով կշարունակվի դեռ մի քանի ամիս, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքի բուն էությունը շփումները պահպանելն է: Սակայն, ըստ նրա, այս հարթակում կողմերի բանակցությունների ողջ ընթացքը ցույց է տվել, որ այն արդյունավետ չէ, հեղինակավոր չէ կողմերի համար:
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նպատակն է՝ պահել պահպանել բանակցային գործընթացը, դա ինչ-որ կերպ հաջողվել է, սակայն չի հաջողվել այս ընթացքում խուսափել նաև վտանգավոր սրացումներից հակամարտության գոտում: Միևնույն ժամանակ սա այն միակ ձևաչափն է, որից հրաժարվելը կնշանակի՝ հակամարտությունից դուրս մղել արտաքին վերահսկողական բաղադրիչը, ինչն անհետևանք չի մնա:
Ուստի, քանի դեռ չեն գտնվել ավելի ազդեցիկ ձևաչափեր, այս հարթակում կշարունակվեն աշխատանքները: Ինչ վերաբերում է կողմերի տրամադրվածությանը, ապա խորքային առումով կողմերի դիրքորոշումները նույնն են, բայց ընթանում է միմյանց տրամադրությունները «շոշափելու» նուրբ խաղ, և դա դեռ կշարունակվի:
Կարծում եմ` նախարարները քննարկելու են ղեկավարների մակարդակով հանդիպումը, քանի որ ՀՀ վարչապետը կրկին նշանակվել է, ներքաղաքական անցումային պրոցեսները հիմնականում ավարտվել են, և Ղարաբաղյան հակամարտությունը պահանջում է լուրջ ներգրավվածություն և աշխատանք:
Կարծում եմ` առաջիկայում նման հանդիպում տեղի կունենա, բայց կարծում եմ նաև, որ հայկական կողմը բարձրացնելու է բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափը վերականգնելու հարցը, այսինքն` ԼՂՀ իշխանություններին բանակցային սեղանին ներգրավելու հարցը:
Պնդումներ կային նաև այն մասին, որ հայկական կողմը չի հրաժարվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններից: Ադրբեջանական կողմը փորձելու է թույլ չտալ հայկական կողմին մանևրել, իսկ հայկական կողմը դեռ պետք է փորձի մանևրել և իր առաջնահերթությունները բերել օրակարգ»,- ասաց Ալեքսանդր Սկակովը:
Իր հերթին՝ ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ, ինչպես նախորդ հանդիպումները, այս հանդիպումը ևս կձգվի մի քանի ժամ:
Ըստ նրա, ակնհայտ է, որ կողմերն ինչ-որ ծրագրեր են քննարկում, ինչն ուրվագծվում է տեղեկատվական այն ֆոնից, որը կար վերջին երկու ամիսների ընթացքում, և այն պայմանավորվածությունից, որը գրանցվեց Փաշինյանի և Ալիևի միջև Դուշանբեում թեժ գիծ ստեղծելու վերաբերյալ:
«Ինչպես ասել եմ, այն կարծիքին եմ, որ կան կուլիսային աշխատանքներ, որոնց արդյունքի հարցում վստահություն, բնականաբար, չունեմ: Ակնառու արդյունքը կլինի նախագահի և վարչապետի հանդիպման կազմակերպումը: Բայց է՛լ ավելի խորքային աշխատանք է ընթանում, ավելին՝ հայկական կողմն ավելի ապակառուցողական է, քան ադրբեջանականը, քանի որ հակասական քաղաքականություն է վարում: Տրամաբանությունը հուշում է, որ առաջիկա քննարկումների ընթացքում հայկական կողմը պետք է պնդի իր հայտնած դիրքորոշումները բանակցային ձևաչափի վերաբերյալ, քանի որ առանց Արցախի՝ արցախցիների ճակատագիրը չի կարող որոշվել: Բայց չեմ կարող ասել, թե ինչ խնդիր կդնի հայկական կողմը և ինչպես այն կլուծի:
Այնուամենայնիվ, իրավիճակը բավականին խոցելի է Հայաստանի համար, Ադրբեջանը խորացնում է իր համագործակցությունը Թուրքիայի, Ռուսաստանի հետ, Մերձավոր Արևելքում ևս իրավիճակը փոփոխվում է, Միացյալ Նահանգների դիրքորոշումը ևս զգացնել է տալիս, մի շարք կոչեր են հնչում՝ ակտիվացնել Վաշինգտոնի քաղաքականությունը Ղարաբաղյան հակամարտության գոտում Թեհրանի և Ռուսաստանի ազդեցությունը նվազեցնելու նպատակով: Բայց այդ ազդեցությունը Ռուսաստանը փորձելու է պահպանել եթե ոչ՝ Հայաստանի, ապա՝ Ադրբեջանի միջոցով:
Սրանք բոլորը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վրա ազդող գործոններ են, որոնք պետք է հաշվի առնվեն հայկական կողմի կողմից, քանի որ շատ դաշնակիցներ Հայաստանն այս գործընթացում չունի, պետք է զգույշ գործի: Այնուամենայնիվ, չեմ կարծում, թե կողմերը կարողանալու են լուրջ զիջումների գնալ, նման հնարավորություն չեմ տեսնում»,- ասաց նա: