«Քրեակատարողական հիմնարկում Ռոբերտ Քոչարյանը շարունակում է զբաղվել սպորտով և յոգայով». Փաստաբան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե ինչու չեն թույլատրում, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամներն ու հարազատներն այցելեն նրան, պատասխանեց, որ հունվարի 8-ի դրությամբ դեռևս այդ արգելքը կար։

«Կա համապատասխան տեսակցության խնդիր, խնդիրը միայն ընտանիքի անդամների հետ չէ կապված, այլ ընդհանրապես տեսակցության, բացի այն անձանցից, որոնք այցերն օրենքով ուղղակի չի կարելի արգելել»,- նշեց Ա. Օրբելյանը։

Ավելի վաղ հայտնել էին, որ Ռոբերտ Քոչարյանը ներկա չի լինելու նիստին, այս թեմայի հետ կապված էլ Արամ Օրբելյանն ասաց, որ, ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս Ռ. Քոչարյանը չի լինի նիստին, քանի որ գրավի միջնորդությունը քննելու համար օրենքը թույլ է տալիս, որ նա ներկա չլինի։

«Դժվարանում եմ ասել, թե այսօր ինչ որոշում կկայացվի, ինչպես տեսանք՝ դեկտեմբերի 28-ին որոշում չեղավ, հույս ունեմ, որ այսօր ինչ-որ որոշում կունենանք»,- ընդգծեց Արամ Օրբելյանը։

Անդրադառնալով այն խոսակցություններին, որ Քրեակատարողական հիմնարկում թույլ չեն տվել, որպեսզի Ռոբերտ Քոչարյանին սնունդ փոխանցեն, Արամ Օրբելյանը նկատեց՝ Կենտրոն քրեակատարողական հիմնարկում և, ըստ էության, մյուս քրեակատարողական հիմնարկներում ևս,  ծանրոց տալու հնարավորություն եղել է երկու օր՝ դեկտեմբերի 29-ին և հունվարի 5-ին։

«Այս հարցով դիմել ենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, բայց մեծ իմաստով սա սուր խնդիր չէ, սակայն խնդիր է, երբ աշխատանքային ռեժիմը պայմանավորում են ինչ-որ հանգամանքներով, որի արդյունքում խախտվում է մարդկանց, այդ թվում՝ որպես խափանման միջոց ընտրված ազատազրկված անձանց իրավունքները»,- նշեց փաստաբանը։

Նա նաև տեղեկացրեց, որ երկրորդ նախագահը քրեակատարողական հիմնարկում պահվում է սովորական՝ ո՛չ լավ, ո՛չ վատ պայմաններում, ինչպես մյուս ազատազրկված անձինք։

«Նա շարունակում է սպորտով զբաղվել, ունի հնարավորություն մեկ ժամ, եթե չեմ սխավում, սպորտդահլիճում զբաղվել սպորտով, որքան թույլ է տալիս սենյակի չափերը, համապատասխանաբար՝ զբաղվում է նաև յոգայով»,- եզրափակեց Արամ Օրբելյանը։

Զվարթ Խաչատրյան

 

Տեսանյութեր

Լրահոս