ՀՔԾ պարզաբանումը՝ Սամվել Մայրապետյանի փաստաբանական խմբի հայտարարությունների կապակցությամբ

Հաշվի առնելով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Սամվել Մայրապետյանի փաստաբանական խմբի` վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներով տարածած անհիմն հայտարարություններն իբր Հատուկ քննչական ծառայության կողմից կատարված «ապօրինությունների» վերաբերյալ, ինչպես նաև կարևորելով հանրության` անաչառ և ամբողջական իրազեկում ստանալու իրավունքը, անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել հետևյալը.

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով՝ 2.160.950.000 ՀՀ դրամին համարժեք 6.985.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալուն օժանդակելու համար, իսկ 2018 թվականի հոկտեմբերի 9-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2018 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ Սամվել Մայրապետյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է 2 ամիս ժամանակով: Նույն դատարանի 2018 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ Սամվել Մայրապետյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել գրավը:

Ըստ Սամվել Մայրապետյանի պաշտպանական կողմի տարածած լուրերի՝ Սամվել Մայրապետյանի` գրավի դիմաց ազատ արձակվելուց հետո ՀՀ հատուկ քննչական ծառայությունն անտեսել է պաշտպանի միջնորդությունը՝ նրա անձնագիրը վերադարձնելու, ինչպես նաև բուժման նպատակով Գերմանիայի Դաշնություն մեկնելու հնարավորություն ստեղծելու վերաբերյալ: Ըստ պաշտպանների՝ Սամվել Մայրապետյանի անձնագիրը վերադարձվել է միայն իրենց կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելուց և վերջինիս կողմից ՀՀ արդարադատության նախարարությանն անձնագիրը պահելու հիմքերի, Հայաստանում նրա բուժումը կազմակերպելու հնարավորության մասին հարցում ուղարկելուց հետո։

 Անձագիրը վերցնելու հիմքերի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Կասկածյալի կամ մեղադրյալի անձնագիրը ժամանակավորապես վերցնում է հետաքննության կամ նախաքննության մարմինը: (…): Կասկածյալի և մեղադրյալի անձնագիրը պահվում է վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց մոտ և վերադարձվում է հարուցված քրեական հետապնդումը դադարեցվելուց հետո անմիջապես»:

ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության անձնագրային համակարգի կանոնադրության 19-րդ կետով սահմանված է. «Կասկածյալների, մեղադրյալների, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը կամ կալանքը, (…) անձնագրերը ժամանակավորապես վերցնում են հետաքննության կամ նախաքննության մարմինները կամ դատարանը (…):

Կասկածյալների և մեղադրյալների անձնագրերը տերերին են վերադարձվում խափանման միջոցի վերացման դեպքում (…)»:

Հիմք ընդունելով հիշյալ իրավադրույթները՝ մեղադրյալ Սամվել Մայրապետյանից ժամանակավորապես վերցվել է նրա ՀՀ քաղաքացու անձնագիրը:

Պաշտպանի ներկայացրած միջնորդությունները քննության առնելու  վերաբերյալ

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Միջնորդությունները և պահանջները պետք է քննության առնվեն և լուծվեն դրանք հայտարարելուց անմիջապես հետո, եթե սույն օրենսգրքի դրույթներով այլ կարգ սահմանված չէ»:

Նույն օրենսգրքի 199-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Գրավոր և բանավոր միջնորդությունները պետք է քննարկվեն և լուծվեն 5 օրվա ընթացքում: Միջնորդությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու մասին կայացվում է պատճառաբանված որոշում»:

Նույն օրենսգրքի 173-րդ հոդվածով սահմանված է ժամկետների հաշվման կարգը: Մասնավորապես, նշված հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Ժամկետն օրերով հաշվելիս ժամկետի ընթացքն սկսվում է առաջին օրվա գիշերվա զրո ժամից և վերջանում վերջին օրվա գիշերվա ժամը քսանչորսին: (…) Եթե ժամկետի լրանալը համընկնում է ոչ աշխատանքային օրվան, ապա ժամկետի վերջին օրը հաշվվում է դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը»:

Մեղադրյալ Սամվել Մայրապետյանի անձնագիրը վերադարձնելու և բուժման նպատակով արտերկիր մեկնելու վերաբերյալ պաշտպանը քրեական վարույթն իրականացնող մարմնին միջնորդություն է ներկայացրել 2018 թվականի դեկտեմբերի 28-ին՝ աշխատանքային օրվա վերջին և ևս մեկ միջնորդություն է ներկայացրել ոչ աշխատանքային օրը:

Նշված միջնորդությունները քննության են առնվել օրենքով սահմանված կարգով՝ դրանք ներկայացվելուց հետո, հաջորդող առաջին աշխատանքային օրը՝ 2019 թվականի հունվարի 8-ին, և կայացվել է համապատասխան որոշում. միջնորդությունը՝ անձնագիրը Սամվել Մայրապետյանին վերադարձնելու մասով, բավարարվել է, իսկ արտերկիր մեկնելու մասով մերժվել՝ նկատի ունենալով այն մեծ հավանականությունը, որ վերջինս կթաքնվի քննությունից:

Ընդ որում, պետք է նշել, որ իրականությանը չի համապատասխանում Սամվել Մայրապետյանի պաշտպանական կողմի այն հայտարարությունը, թե պաշտպանի՝ Սամվել Մայրապետյանի անձնագիրը վերադարձնելու դիմումը քննիչը բանավոր մերժել է: Ինչպես վերը նշվեց, գրավոր և բանավոր միջնորդությունները պետք է քննարկվեն և լուծվեն 5 օրվա ընթացքում, միջնորդությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու մասին պետք է կայացվի պատճառաբանված որոշում, որը կայացվել է 2019 թվականի հունվարի 8-ին և ուղարկվել պաշտպանական կողմին:

Սամվել Մայրապետյանի մոտ հայտնաբերված հիվանդության վերաբերյալ

Նախաքննության ընթացքում պաշտպանական կողմը վարույթն իրականացնող մարմնին է տրամադրել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին առնչվող բժշկական փաստաթղթեր: Վերջինիս առողջության հետ կապված մի շարք հարցերի պարզաբանման նպատակով դեռևս 2018 թվականի նոյեմբերի 14-ին նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է միջգերատեսչական հանձնաժողովին:

Փորձաքննության կատարման համար անհրաժեշտ հետազոտություններն իրականացվել են, սակայն փորձագետի եզրակացությունը դեռևս չի ստացվել:

Պաշտպանների խմբի այն պնդումը, որ Սամվել Մայրապետյանի մոտ հայտնաբերված՝ լեղածորանից քարի հեռացման վիրահատությունը հնարավոր է արտերկրում, միանշանակ չէ, քանի որ ստացված տեղեկությունների համաձայն՝ նման վիրահատություն իրականացվում է նաև Հայաստանի Հանրապետությունում: Նշված հանգամանքը հիմք ընդունելով՝ վարույթն իրականացնող մարմինը ողջամտորեն ենթադրում է, որ Սամվել Մայրապետյանը, մեկնելով արտերկիր, կարող է թաքնվել քննությունից:

Հաշվի առնելով վերոգրյալը` Սամվել Մայրապետյանի պաշտպանական  կողմին հորդորում ենք այսուհետ ձեռնպահ մնալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի` ՀՀ հատուկ քննչական ծառայության գործունեությունը ստվերելու նպատակ հետապնդող և իրականությունը խեղաթյուրող հայտարարություններ տարածելու գործելաոճից:

 

Տեսանյութեր

Լրահոս