ԱՄՆ-ն փորձում է Թուրքիայից զիջումներ կորզել ռուսական S-400 համակարգերի գնման հարցում
Թուրքիայի ռազմարդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը դեկտեմբերի 8-ին հայտնել է, որ ԱՄՆ-ն տեխնիկական խումբ է ուղարկելու Թուրքիա: Դեմիրը նշել է, որ խմբի հիմնական առաքելությունն է լինելու ներկայացնել ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի և ամերիկյան F-35 կործանիչների տեխնիկական անհամատեղելիության փաստարկները և դրանք մեկ համակարգում գործարկելու հնարավոր ռիսկերը:
Սա վերջին մեկ ամսվա ընթացքում Թուրքիա ամերիկյան տեխնիկական խումբ ուղարկելու մասին երկրորդ տեղեկությունն է:
Դեռ 2018-ի դեկտեմբերին ամերիկյան Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Անկարան ռուսական ՀՕՊ համակարգերը ձեռք բերելու պատճառով ԱՄՆ-ի հետ հարաբերությունները մեղմելու համար Վաշինգտոնին առաջարկել է տեխնիկական խումբ ուղարկել ուսումնասիրելու ռուսական զենիթահրթիռային համակարգերը: Ռուսական կողմի կտրուկ արձագանքից հետո Թուրքիայի ԱԳ նախարար Մ. Չավուշօղլուն Անկարայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովին վստահեցրել էր, որ Թուրքիան ԱՄՆ-ին նման հնարավորություն չի ընձեռի:
Փաստացի այս հայտարարությունից 2 շաբաթ անց Թուրքիայի ռազմական արդյունաբերության վարչության պետը խոսում է ամերիկյան տեխնիկական խմբի հնարավոր ժամանման մասին: Պետք է նշել, որ ԱՄՆ-ից խմբի ժամանման ժամկետների մասին որոշակիություն չկա:
Դեմիրի հայտարարության մեջ խոսվում է ոչ թե S-400-ներն ուսումնասիրելու, այլ «S-400-ների և ամերիկյան F-35 կործանիչների համատեղ շահագործման տեխնիկական խնդիրները ներկայացնելու» մասին, սակայն ռուսական կողմը ապահովագրված չէ անցանկալի շրջադարձերից:
ԱՄՆ-ն ամեն կերպ փորձում է ռուսական S-400 համակարգերի գնման հարցում Թուրքիայից զիջումներ կորզել՝ առավելագույնն, իհարկե, գործարքից հրաժարումն է, իսկ նվազագույնը՝ համակարգերը ուսումնասիրելու հնարավորություն ստանալն է:
Թուրք-ռուսական գործարքը խափանելու համար ԱՄՆ-ն և՛ սպառնացել է, և՛ փորձել է սիրաշահել Թուրքիային:
Նախ ԱՄՆ-ի Սենատն այդ գործարքի հետ կապելով արգելափակոց F-35-երի մատակարարում Թուրքիային, ապա ԱՄՆ նախագահ Դ. Թրամփը ստորագրեց 2019թ. ռազմական բյուջեի նախագիծը, որի կետերից մեկով էլ նախատեսվում էր ժամանակավորապես դադարեցնել Թուրքիային F-35 կործանիչների մատակարարումը: Մատակարարման համար վերջնական որոշումը պետք է կայացվի՝ հիմք ընդունելով ԱՄՆ պաշտպանության նախարարության զեկույցը, որը Սենատ էր ներկայացվել նոյեմբերին: Այդ ընթացքում Ամերիկյան կողմը սպառնում էր վերանայել Թուրքիայի անդամակցությունը 8 երկրների համատեղ գործակցությամբ իրականացվող F-35 կործանիչների նախագծին: Իսկ Պենտագոնի զեկույցում նշվում էր, որ ռուս-թուրքական գործարքը կարող է վատ անդրադառնալ ոչ միայն F-35 կործանիչները Թուրքիային հանձնելու, այլև ամերիկյան ընկերությունների կողմից արտադրվող «CH-47F Chinook» ուղղաթիռների «F-16» կործանիչների, ինչպես նաև «UH-60 Black Hawk» ուղղաթիռների վաճառքի վրա:
Իսկ ահա արդեն դեկտեմբերի առաջին կեսից կարելի է ասել ամերիկյան կողմը փոխեց մարտավարությունը՝ անցնելով սիրաշահելու քաղաքականությանը: Նախ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթարը հայտարարեց, որ 2019-ին ԱՄՆ-ն ևս մեկ խմբաքանակ՝ այսինքն 2 միավոր F-35 կհանձնի Թուրքիային: Նշենք, որ նախորդ տարի հանձնվել էր առաջին խմբաքանակը, որը Թուրքիա կուղարկվի 2019-ի նոյեմբերին: Իսկ այս տարվա սկզբին տեղեկություն հայտնվեց առ այն, որ ԱՄՆ Թուրքիային առաջարկել է գնել ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգերը: Հարկ է նշել, որ Թուրքիան ռուսական համակարգերը գնելու հարցում ամերիկյան կողմի մեղադրանքներին որպես հակափաստարկ բերում էր այն, որ ԱՄՆ-ը ժամանակին հրաժարվել էր Թուրքիային վաճառել Patriot համակարգերը, որի արդյունքում թուրքական կողմը որոշել էր գնել ռուսական արտադրանքը:
Թուրքիայի ռազմարդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրն արդեն հայտնել է, որ Patriot համակարգերի գնման շուրջ ամերիկյան կողմի հետ բանակցություններ են ընթանում՝ քննարկվում են դրանց գնին, տեխնոլոգիական առանձնահատկությունների, մատակարարման ժամկետներին վերաբերող հարցեր:
Ակնհայտ է, որ ամերիկյան այս «զիջումները» արվում են որոշակի ակնկալիքներով, և դրանցում իր տեղն ունի նաև ռուսական համակարգերից հրաժարվելու պայմանը:
Թուրքիայի ԱԳ նախարար Մ. Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կգնի ամերիկյան ՀՕՊ համակարգերը, բայց չի հրաժարվելու S-400-ներից: Ռուսական համակարգերից հրաժարումը այդքան էլ իրատեսական չէ՝ նախ պայմանագիրն արդեն ստորագրված է, երկրորդ դրանց առկայությունը ԹՀ ԶՈՒ հաշվեկշռում բազմաֆունկցիոնալ է դարձնում երկրի ՀՕՊ համակարգը:
Պետք է նշել, որ ամերիկյան ՀՕՊ համակարգերի՝ Թուրքիային վաճառելու հաստատմանը զուգահեռ ամերիկյան լրատվականներից Bloomberg-ը շրջանառության մեջ դրեց S-400-ներն ուսումնասիրելու ԱՄՆ-ին արված թուրքական առաջարկի մասին լուրը։ Իսկ այժմ թուրք պաշտոնյայի հայտարարությունը ամերիկյան տեխնիկական խմբի ժամանման մասին, չնայած այլ փաթեթավորմամբ, որոշակի կասկածների տեղիք է տալիս։ Չնայած թուրքական կողմի վստահեցումներին, թե ամերիկացիներին մոտ չեն թողնելու, ռուսական կողմը տհաճ անակնկալներից խուսափելու համար պետք է աչալրջորեն հետևի թուրք-ամերիկյան բանակցություններին։
Անահիտ Վեզիրյան