Բոլորովին վերջերս Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց հունվար-մայիս ժամանակահատվածի մակրոտնտեսական ցուցանիշները։ Արձանագրվել էր 7.4% տնտեսական ակտիվության ցուցանիշ (ՏԱՑ)։ Հունվար-մարտին այդ ցուցանիշը 6.1% -էր։ Հայաստանում այս թիվը ոմանց շատ տպավորեց։ Իսկ, օրինակ, ԼՂՀ-ում հունվար-մարտ ժամանակահատվածում ՀՆԱ աճի ցուցանիշը կազմել է 8.4%, սակայն այդ մասին ոչ ոք չգիտի ու չի էլ ուզում իմանալ։ Իհարկե, ՏԱՑ-ը եւ ՀՆԱ աճը մեթոդաբանության առումով տարբեր ցուցանիշներ են, բայց, ըստ էության, համադրելի են, քանի որ երկուսն էլ բնութագրում են տնտեսության զարգացման տեմպը։
Որպեսզի ցուցանիշները համադրելի լինեն, կարող ենք դիտարկել նախորդ տարիների տվյալները։ Դրանց հիման վրա կազմված այս գրաֆիկից երեւում է, որ վերջին տարիներին ՀՆԱ աճի տեմպով ԼՂՀ-ն զգալիորեն առաջ է անցել Հայաստանից։ Հատկանշական է հատկապես 2009թ. ճգնաժամային տարին. Հայաստանի երկնիշ անկմանը զուգահեռ (14.4%)` Լեռնային Ղարաբաղն արձանագրել է 13.1% տնտեսական աճ։
ՀՆԱ-ն մեկ բնակչի հաշվով աճել է մոտ 84 տոկոսով` կազմելով 936.1 հազար դրամ` 2007 թվականի 510.0 հազար դրամի դիմաց: Հայաստանում մինչեւ 2009թ. արդյունաբերության ոլորտը մոռացված էր եւ շեշտը դրվում էր շինարարության վրա։ ԼՂՀ-ում հակառակը՝ 2006-2011թթ. արդյունաբերության ոլորտն աճել է տարեկան միջինը 11%-ով։ Օրինակ՝ 2009թ. արդյունաբերության ոլորտի աճը կազմել է շուրջ 16%։
Ասվածի իմաստը լավն ու վատը, տարբերությունները նշելը չէ։ Ցանկության դեպքում բացեր միշտ էլ կարելի է գտնել։ Ավելին, իրենք` իշխանությունները, քարոզարշավի ընթացքում հաջողությունների մասին գրեթե չեն խոսում։ 30 րոպեանոց ելույթից 27 րոպեն առկա խնդիրների եւ դրանց լուծման մասին է։ Հասկանալի է, որ Լեռնային Ղարաբաղի թռիչքաձեւ զարգացում ապահովելու համար ավելի լուրջ ցուցանիշներ են պետք։ Սակայն այստեղ գլխավոր առավելությունը իրատեսությունն է։ Չկան վեհաշուք անուններով ծրագրեր եւ անիրականանալի խոստումներ։ Օրինակ, մարդիկ չեն խոսում Հադրութը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն կամ Գանձասարը զբոսաշրջային կենտրոն դարձնելու մասին։ Չեն խոսում IT ոլորտի եւ էլեկտրոնային հասարակության ձեւավորման մասին։ Փոխարենը` ասում են, որ երկիրն ագրարային է, կմնա ագրարային, եւ գյուղատնտեսությունը կմնա ԼՂՀ-ի հիմնական գերակայությունը (ոչ թե հայտարարում են 12 գերակա ճյուղերի մասին)։ Ու դրան զուգահեռ, անվճար Wi Fi ինտերնետով ապահովում են Ստեփանակերտի կենտրոնական հատվածը։
Իհարկե, այս առումով կարող են բանավեճեր լինել, օրինակ՝ ընդդիմադիր թեկնածուներն իրենց ծրագրերում ավելի մեծ ուշադրություն են դարձնում բարձր տեխնոլոգիաներին եւ մյուս ոլորտներին։ Խնդիրն այն չէ՝ ով է ճիշտ։ Պարզապես սա ցույց է տալիս, որ խոստանում են այն, ինչ կարող են անել։ Օրինակ, չեն խոստանում, որ բնակարանով կապահովեն բնակչությանը, եւ չի լինի այնպիսի ընտանիք, որը բնակարանի խնդիր կունենա։ Հակառակը՝ բաց տեքստով, առանց ձեւականությունների` հայտարարում են՝ պետությունն այս պահին ի վիճակի չէ բնակարանով ապահովել դրա կարիքն ունեցողներին։ Փոխարենը՝ խոստանում են աշխատանքի հնարավորություն ստեղծել եւ հիպոթեքային վարկավորման ժամկետը հասցնել 25 տարվա, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան աշխատել եւ բնակարան ձեռք բերել։
Մի խոսքով, ուզում ենք ասել, որ ԼՂՀ-ի մասին խոսելիս կամ գրելիս կարելի է գոնե մեկ-մեկ վերանալ քաղաքական, աշխարհաքաղաքական զարգացումներից ու սահմանային միջադեպերից, եւ մտածել, որ այդտեղ մարդիկ են ապրում ու այդ երկրում գործունեություն ծավալում։ Հետաքրքիր մի նրբերանգ կա. Հայաստանում տարբեր տեսակի ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուները հարկ են համարում խոսել ԼՂ խնդրի կարգավորման իրենց «տեսլականների» մասին։ Մենք՝ լրագրողներս էլ, այդ հարցում զգայուն ենք, սակայն մեր հարցերը վերաբերում են միայն բանակցային գործընթացին կամ սահմանային միջադեպերին։ Իսկ Լեռնային Ղարաբաղում քարոզարշավի ընթացքում (հատկապես շրջաններում), որքան էլ դա զարմանալի է, բանակցությունների վերաբերյալ գրեթե հարցեր չեն հնչում։ Սակայն բացատրությունը առավել քան պարզ է. այս մարդկանց համար այդ հարցը լուծված է՝ իրենք ապրում են իրենց հողի վրա։ Իսկ մարդուն իր հողի վրա պահելու համար այս պահին ավելի կարեւոր է լուծել նրա աշխատանքի հարցը, ոռոգման եւ այլ խնդիրները։ Երբ սոցիալ-տնտեսական հիմքը ամուր է, ամուր է նաեւ երկրի դիմադրողականությունը։ Մինչդեռ հայաստանյան գործիչներից ոչ մեկի շուրթերից, թեկուզ ոչ հրապարակային ելույթներում, չենք լսել ԼՂ տնտեսական զարգացմանը վերաբերող ինչ-որ առաջարկներ կամ դիտողություններ։ Կատարյալ անտարբերություն է։