ԱՄՆ-ն ավարտել է ռազմաբազայի կառուցումը իրաքա-սիրիական սահմանին. Akhbar Al Iraq
Միացյալ Նահանգներն ավարտել է ռազմական բազայի կառուցումը Իրաքի Անբարի նահանգի արեւմուտքում՝ իրաքա-սիրիական սահմանի մերձակայքում: Այդ մասին, վկայակոչելով տեղական իշխանություններին, դեկտեմբերի 19-ին հայտնել Է Akhbar Al Iraq նորությունների պորտալը։
«Ամերիկացի զինծառայողները ռազմաբազան կառուցել են Էլ-Քայիմ քաղաքի մերձակա Մալիխա շրջանում, որը գտնվում է իրաքա-սիրիական սահմանի հարեւանությամբ,-պորտալը մեջբերում է բարձրաստիճան զինվորական պաշտոնյա Ահմեդ ալ Մահալավիի խոսքը:-Ռազմակայանը բացվել է Սիրիայի հետ սահմանի նկատմամբ հսկողություն հաստատելու եւ այդ շրջանում տեղաբաշխված ԱՄՆ-ի ուժերի համար անհրաժեշտ պաշտպանություն ապահովելու նպատակով»:
Արաբական ԶԼՄ-ների տվյալներով՝ Իրաքում տեղակայված ամերիկյան զինծառայողների ընդհանուր թվաքանակը կազմում է 5,5 հազար:
Նրանք բնակավորվել են Բաղդադում, Անբարի արեւմտյան նահանգում, Նայնավայի հյուսիսում, նաեւ բանակային համալիր է տեղավորված քրդական ինքնավարության վարչական մայրաքաղաք Էրբիլում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: