Բաժիններ՝

«Հայաստանում պակասել է կեղծ կոնյակը, պակասել է նաև կեղծ գինին». Ավագ Հարությունյան

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում կոնյակի արտադրության ծավալները նվազել են՝ 11.7, իսկ գինունը՝ 0,8 տոկոսով:

«Կոնյակի, գինու և՛ արտադրությունն է նվազել, և՛ արտահանումը: Սա բացատրվում է նրանով, որ վերացել են կեղծ թվերը: Հայաստանում պակասել է կեղծ կոնյակը, կարելի է ասել՝ քանդվել է կոնյակի սպիրտի ներմուծման և կոնյակի կեղծման շղթան: Պակասել է նաև կեղծ գինին: Մենք կամաց-կամաց մոտենում ենք իրական դաշտին՝ վերջին 10 ամիսների համեմատությամբ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը:

Նրա փոխանցմամբ՝ ունենք 80-90.000 տոննա խաղող, բայց նախկինում գրում էին՝ 220-230.000 տոննա, երեք անգամ շատ:

«Փող էին լվանում: Հետո հասկացան, որ իրավիճակը ծիծաղելի է, բայց ռիսկ չունեցան անել այն, ինչ արվեց այս նոր կառավարության ժամանակ: Հաջորդ տարի, կարծում եմ՝ լրիվ ճիշտ թվեր կունենանք:  Սա առաջիկա 2-3 տարում կբերի արտահանման և արտադրության նվազման, բայց հետո մեծ թափ կհավաքենք, որովհետև կուտակում ենք արդար արդյունք: Կոնյակը 3-4 տարի է պահանջում, որպեսզի դու  մաքուր դաշտ մտնես: Երեք տարի կունենանք կոնյակի նվազում, եթե դա էլ չլինի, ամեն դեպքում, աճ չենք ունենա, բայց 4-րդ տարվա մեջ արդեն կոնյակի արտահանման բում կունենանք:

Մեր կոնյակը 4-5  տարի անց կլինի շատ ավելի լավը, քան նախորդ 15 տարիներին, և մենք կվերադառնանք այն բարի ու գեղեցիկ ժամանակները, երբ մարդիկ հպարտությամբ ասում էին՝ հայկական կոնյակ: Իսկ հիմա իմիջը շատ է իջել, ցածր է անգամ ռուսական կոնյակից: Գինու դեպքում որակական հզոր թռիչք ունենք, այն չէ, ինչ 5-10 տարի առաջ էր: Շատ ինտենսիվ բարձրանում է գինու տեխնոլոգիական մակարդակը և որակը, ուղղակի այգիներին չեն կարողանում հետևել.  չկա այն խաղողը, որը կբավարարի տեխնոլոգիական այս պահանջներին:

Արարատյան հարթավայրում 5 տարի առաջ գինու համար սպիտակ խաղողի մեկ կիլոգրամը 110-120 դրամ էր, հիմա 160-180 է, իսկ կարմիր խաղողը 130-140 դրամ էր, հիմա 230-250 է: Վայոց ձորում, եթե 5 տարի առաջ ունեինք գինու համար սպիտակ խաղող՝ 140-160 դրամ, այսօր 450-500 դրամ է, կարմիրը 160-180 էր, հիմա 320-330 դրամ է: Միտում կա, որ էլի կբարձրանա»,- նշեց Ավագ Հարությունյանը:

Հայաստանի գինու ազգային կենտրոնի նախագահը ճիշտ է համարում նաև աշխարհագրական նշումով գինիների համակարգի ստեղծումը, ըստ նրա՝  սա երկու նպատակ ունի.

«Առաջին՝ կտրուկ բարձրացնում է հայկական գինու իմիջը: Այսինքն, մենք խաղող ենք մթերում ու գինի պատրաստում տարածքներից, որոնք ունեն պատմություն, զարգացման հնարավորություն, ոչ թե՝ որտեղից պատահի գնում ենք, ուր պատահի՝ մշակում ու լցնում: Այս համակարգի ներդրմամբ միանշանակ գինու իմիջը կբարձրանա դրսի համար, իսկ ներսում էլ կմոտենանք ռեալ թվերին՝ ըստ գյուղերի: Կկարգավորվի խաղողի արտադրությունը, տեղաբաշխումը, մշակումը: Կիմանանք, թե որ գինեգործը՝ որտեղի խաղողը գնեց: Սա  շատ ճիշտ ու անհրաժեշտ է Հայաստանի համար»:

Անդրադառնալով  օրգանական ու քիմիական հավելումներով գինիներին ու հակաբիոտիկախեղդ խաղողին՝ Ավագ Հարությունյանը նշեց.

«Այո՛ կա նման բան, ավելին, վիճակն ավելի վատ է, քան  կարծում եք, բայց երբ գինի եք պատրաստում, խաղողից եկող վտանգավոր նյութերի մի մասը նստվածք է տալիս, ու  հեռացնում ես գինուց: Մեր ստանդարտները սահմանում ենք այնքան, որքան հնարավորություն ունենք դա վերահսկելու: Պատկերացրեք, կա մի նյութ, որն աշխարհի կողմից ընդունված է՝ որպես շատ վատ նյութ,  բայց մենք ի վիճակի  չենք հետևել դրան: Աչքներս փակում ու չենք տեսնում այդ նյութը գինու մեջ: Այդպես եղավ կոնյակի հետ: Մի օր ռուսները  մեր ճակատին շրխկացրին այդ մեթոդիկան՝ ասելով, որ՝ այսուհետ ձեր կոնյակները սրանով ենք նայելու: Խոսքն իզոտոպային անալիզների մասին է՝ 13C, 18O, 2H: Եթե 13C-ի մասով մենք նախապատրաստվել էինք ու գիտեինք, ապա մյուս երկուսի մասով մեզ համար անսպասելի էր, մեր արտադրողները պատրաստ չեն այդ չափանիշերին։  Պարզվեց՝ մեր կոնյակների մեծ մասը չի համապատասխանում այդ ստանդարտներին, ու հետ եկան ռուսական շուկայից: Նվազումը նաև սրանով է պայմանավորված»:

Հարցին՝ կարո՞ղ է մարդը տարբերել օրգանական ու քիմիական հավելումներով գինիները, Հայաստանի գինու ազգային կենտրոնի նախագահը պատասխանեց.

«Ամբողջ խմբաքանակը լաբորատորիայում ստուգելը թանկ է: Հիմնված է ազնիվ խոսքի վրա: Մեծ ծավալներին դժվար է հետևել, թողնում են արտադրողի խղճի վրա: Խաղողի մասով էլ գյուղացիներին հետաքրքիր է, որ իրենց խաղողը գնես, այդ պահին այն համեմատաբար առողջ լինի ու լավ տեսք ունենա: Գործարարը չի կարող 100-ավոր տոննաների մեջ հասկանալ, թե ի՞նչ է կատարվում: Փոքր արտադրողների մոտ այլ է, իրենք այգիներին հետևում են: Նրանք ընդամենը 5-20 տոննա խաղող են առնում, ամբողջ տարի հետևում են: Հայկական գինին էլ քիչ է արտահանվում,  դրսի լաբորատորիաները դրա համար շատ քիչ ուշադրություն են դարձնում»:

Ինչ վերաբերում է ալկոհոլային խմիչքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացմանը,Ավագ Հարությունյանը պարզաբանեց, որ վաճառվող օղու նվազագույն գինն են բարձրացրել:

«Մենք խայտառակ վիճակում ենք: Աշխարհի 5 պետությունների մեջ ենք մտնում մեկ շնչի հաշվող խմվող օղու քանակով, բայց 60-րդ տեղում ենք՝ մեկ շնչի հաշվով խմվող գինու քանակով: Ռուսներից 5 անգամ քիչ ենք գինի խմում, փոխարենը՝ ռուսների չափ օղի ենք խմում: Հիմա օղու նվազագույն գնի բաձրացումը դեպի գինին կտանի՝ պայմանով, որ վերահսկողական մեխանիզմներ լինեն, կեղծ օղիներ, ստվերային վաճառք չլինի: Գինու գինը չի բարձրանալու առայժմ, բայց եթե նման որոշում ընդունեն,  կարծում եմ՝ դիմադրություն կլինի»:

Հայաստանի գինու ազգային կենտրոնի նախագահն անդրադարձավ նաև ԵԱՏՄ շուկային:

«Մենք հիմնականում աշխատում ենք նրանց հետ, չնայած վերջին տարիներին այդ շուկայում մեր մասնաբաժինը 93-ից իջավ 73 տոկոսի: Հիմնական շուկան ու հիմնական հույսն է, բայց ապագա չէ: Մեզ լուրջ չեն ընդունում, որպեսզի բարձր սեգմենտ գնանք, դրա համար տատանվում ենք ներքևի շերտում»,- եզրափակեց Ավագ Հարությունյանը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս