«Փորձում է փողոցային մեթոդներով հարցերը լուծել, ուրեմն կստանա համապատասխան արձագանք». Գագիկ Համբարյանը՝ իր վրա հարձակման մասին
Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը դեկտեմբերի 4-ին ենթարկվել էր հարձակման, այդ մասին քաղաքագետը հայտարարություն էր տարածել, որում նշել էր.
«Դեկտեմբերի 4-ին, ժամը 09:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի և Մայակովսկու փողոցի հատման վայրում՝ նախկին «Կանգառ» խանութի մոտ, հարձակման եմ ենթարկվել Շիրակի պետհամալսարանի անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչ,Սահակ Մինասյանի ֆան-ակումբի կարկառուն ներկայացուցիչ Անահիտ Հովհաննիսյանի եղբոր՝ Ռաֆիկ Հովհաննիսյանի կողմից, որը, անակնկալի բերելով ինձ և այդ բանուկ վայրում գտնվող բազմաթիվ մարդկանց, այլանդակ հայհոյանքներ ուղղելով իմ և ընտանիքիս անդամների հասցեին՝ հարձակվեց ինձ վրա և մարմնական վնասվածքներ պատճառեց… Այս խուլիգանության և ինձ մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ հայտարարություն եմ տվել ոստիկանության Գյումրի քաղաքի «Կումայրի» բաժնում»։
168.am-ի հետ զրույցում Գագիկ Համբարյանն անդրադառնալով այս միջադեպին՝ նշեց, որ հարձակումից մեկ օր հետո է դիմել իրավապահ մարմիններին, քանի որ առաջին օրը սպասել է, որպեսզի հարձակվողը բացատրություն տա, թե ինչու է դիմել այդ քայլին։
«Պարզվեց, որ այդ ընտանիքի որևէ անդամ նպատակ չունի որևէ բացատրություն տալու, և քանի որ նրանք նման բան չարեցին, դիմեցի իրավապահ մարմիններին։ Այժմ գործը նախաքննության փուլում է»,- նշեց Գ. Համբարյանը։
Նրա բնորոշմամբ, իր վրա հարձակումը եղել է «տարրական խուլիգանություն և փողոցային մեթոդներով մարդկանց հետ հարցեր լուծելու ձև»։
Ինչ վերաբերում է հարձակում կատարող անձին՝ Ռաֆիկ Հովհաննիսյանին, ապա Գագիկ Համբարյանի խոսքով՝ նրա հետ երբևէ խնդիր չի ունեցել, սակայն այս տարվա հունվարի վերջին նրա քույրը՝ Անահիտ Հովհաննիսյանը, սկսել է իրեն չբարևել, հետո պատճառը պարզվել է։
«Այդ կինը լծվելով Սահակ Մինասյանի ապօրինի գործունեությունը հովանավորելուն, շատ ակտիվ ներգրավվել էր, այսպես կոչված, էթիկայի հանձնաժողովի աշխատանքներում, որի գործունեությունը Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից որակվել է՝ որպես ոչ օրինական, այդ կինը լծվել էր մեզ գործից ազատելու գործին։ Մեկ-երկու անգամ անդրադարձել եմ այդ տիկնոջը, եթե սխալ էի, թող ինձ դատի տային։ Եթե նույնիսկ պատճառ էլ կար, ապա մենք ապրում ենք իրավական երկրում, որտեղ ամեն հարց կարելի է լուծել իրավական տիրույթում։ Քանի որ Ռաֆիկ Հովհաննիսյանը փորձում է փողոցային մեթոդներով հարցերը լուծել, ուրեմն կստանա համապատասխան արձագանք»,- ընդգծեց Գ. Համբարյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ փորձել են դիմել իրեն ու խնդրել, որպեսզի հետ վերցնի բողոքը, սակայն մերժել է: «Բողոքս հետ վերցնելու որևէ նպատակ չունեմ»,- եզրափակեց Գ. Համբարյանը։
Զվարթ Խաչատրյան