Բաժիններ՝

«Հայաստանում ստվերի առաջացման ամենամեծ խթանը շրջանառության հարկն է». Աշոտ Խուրշուդյան

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանի տնտեսության, գործարար միջավայրի մի քանի կարևոր խնդիրների, որը ներկայացնում ենք ստորև.

«Զգուշացնեմ՝ շատ երկար է ստացվել։ Գրել եմ մեկ շնչով։ Կարդան միայն նրանք, ում հուզում է Հայաստանի տնտեսական ապագան։

Ասք այն մասին թե ինչպես են գործարարները թալանում բնակիչներին։

Հայաստանում որ գործարարը մի քիչ մեծանում է, մտածում է շուկան գրավելու մասին։ Իսկ Հայաստանում սա շատ դժվար է, քանի որ փոքր բաց տնտեսություն եք, այսինքն՝ շատ ապրանքատեսակների գներ թելադրվում են դրսից։ Մի ժամանակ ներմուծման մենաշնորհով էին փորձում շուկայի այս կանոնի դեմն առնել։ Սակայն Հայաստանում կան նաև խոշոր արտադրողներ։ Ի՞նչ են անում մեծ ախորժակով այս արտադրողները։ Որոշում են ցածր գնով մտնել շուկա։ Ցանկացած տնտեսագիտության դասագրքում կգտնեք, որ սա սխալ է, ու գինը չեք կարողանալու փոխել, վաճառքը կմեծացնեք՝ շահույթ չստանալով, ու մի պահ էլ կգա, որ կսննկանաք։ Սրա վառ ապացույցն է այն հազարավոր նամակներն ու գործարարների դիմումները կառավարությանը, որ այսօր կան, երբ բանկում գրավ են դրել, վարկ վերցրել ու հիմա էլ իրենց գույքը ձեռքներից առնում են (ու մի տոննա արգումենտ, թե իրանք ինչքան լավն են, ինչքան շատ աշխատատեղ են ստեղծում, ինչ ունիկալ են ու լիքը լա-լաներ)։

Իրականում շուկան այս հարցում նման է բնությանը, էվոլյուցիայի ու սելեկցիայի կանոնն է՝ արդյունավետությունդ ցածր է, մրցակցությանը չես դիմանում՝ սնանկացիր, այսինքն՝ տեղ բացիր ուրիշ առավել հնարամիտ գործարարների համար։ Այո-այո, սնանկացմամբ ելքը այլ գործարարների համար դաշտ բացելն է։ Սակայն Հայաստանում ավելի կրկնակի խնդիր կա։ Քանի որ ցածր գնով են մտել շուկա, վնասել են այլ արտադրողների՝ տուժում են հատկապես ՓՁ-ները։ Չի բացառվում, որ մրցունակ ինչ-որ բիզնես նույնիսկ փակվի։ Սակայն ոչ մրցունակը, որը գնում է սնանկացման անհեռատես ճանապարհով, սկսում է դիմել կառավարությանը՝ հայցելով արտոնություն, դիմել բանկերին՝ հայցելով վարկի վերակառուցում, կամ էլ սկսում է մտնել ստվեր …

Հայաստանում կառավարությունը 2008 թվականից նման բիզնեսներին սկսեց աջակցել, Ռուսաստանից վարկ վերցրեց՝ գործարարներին տվեց։ Ու այդ պրակտիկան այդպես շարունակվեց։ Եթե ձեզ թվում է, թե հիմա էլ գործարարները չեն դիմում՝ չարաչար սխալվում եք։ Մենք պետք է մի մեծ կարմիր հաստ գիծ գծենք գործարարի ու սոցիալականի միջև՝ հասկանալով, որ նրանք հակառակ դիրքերում են։ Մինչդեռ գործարարն այսօր պաշտպանվում է իր ստեղծած աշխատատեղերի քանակով։ Թե՝ տեսեք-տեսեք, ես սոցիալական ֆունկցիա եմ անում։

Իրականությունը լրիվ հակառակն է՝ նման գործարարները վնասից բացի ուրիշ բան չեն անում։ Իրենք գրավում են այն տեղը, որն ավելի արդյունավետ գործարարը կաներ։ Եզակի բացառություն կարող է լինել միայն այն գործունեությունը, որը միակն է Հայաստանում, ու այլ տեղական մրցակից չունի, այսինքն` մրցակցում է միայն ներմուծողների հետ։ Օրինակ, եթե վերցնեմ Լֆիկի բիզնեսները, կպնդեմ, որ նման բան չկա, նա հիմնականում շուկայում մորթում է տեղացի արտադրողներին, համարյա այն ամենը, ինչ արտադրվում է տարատեսակ ալեքսնոցների կողմից, ունի տեղական անալոգը։ Գցում է որակը, գցում է գինը՝ սպանում է ավելի արդյունավետ գործարարին։ Հայաստանում, սակայն, ավելի վնասարար գործարարներ էլ կան։ Սրանք ցածրորակ ապրանքներ ներմուծողներն են։ Որակը ոչ մի կերպ չի համապատասխանում հայկական ստանդարտներին, սակայն նա կարողանում է ներմուծել այն ու վաճառել շատ ցածր գնով։ Նույնիսկ թունավոր ապրանքներ է ներմուծվում՝ կեղծ ստանդարտ, կեղծ պիտակ, իսկ տեղական արտադրողը, որը պահում է ստանդարտը, սկսում է տուժել։ Հատկապես վտանգավոր է դարձել, այսպես ասած, ռուսական մեկօրանոց ֆիրմաներից ներկրումը. քանի որ ԵԱՏՄ անդամ ենք, ու պիտակը բավարար է ներմուծման համար, բերվում են ապրանքներ այնպիսի ֆիրմաներից, որոնց ստեղծման ու փակման պատմությունը մեկ օր է։

Վերադառնամ այսօրվա դժվարությանը։ Ժամանակին գործարար աշխարհը փակ սենյակներում էր բանակցում ու «աշխատատեղեր կփակվեն»՝ արգումենտով ստանում որոշակի արտոնություն. ներվում էին պարտքերը, արտոնյալ վարկեր էին ստանում, հարկեր քիչ էին մուծում և այլն։

Այժմ, այս նույն շանտաժը տեղափոխվել է հանրային դաշտ։ Եվ ես չէի կարող անտարբեր չանցնել ռեստորանների հայտարած մեկօրանոց սաբոտաժը։ Այո-այո՝ սաբոտաժ։ Ինչո՞ւ, որովհետև մարդուն տրված իրավունքը չի կարող տրամադրվել իրավաբանական անձին։ Հայաստանը սոցիալական երկիր է, ոչ թե բիզնես բոստան։ Գործադուլի իրավունքը մարդուն է տրված, ոչ թե բիզնեսին։ Երբ բիզնեսն է շանտաժի լեզվով խոսում պետության հետ, դա արդեն քրեական օրենսգրքի «վնասարարություն» հոդվածի հոտ է գալիս։ Իհարկե, կօգտագործվի պոպուլիստական արգումենտը՝ աշխատատեղեր, տուրիզմ, գներ, հանուն Հայաստանի հանրապետության։ Սակայն ի՞նչն է իրականությունը. մենք խոսում ենք բավական մրցակցային ոլորտի մասին, ոլորտ, որտեղ ոմանք ավելի ապահով են աշխատել, իսկ ոմանք մեծ տոկոսներով մեծ վարկեր են վերցրել ու… վերոնշյալ ներկայացրածս սխեմայով գրավել շուկան։ Հիմա, երբ պետությունը ցանկանում է ստվերից հանել ռեստորաններին, զգացել են, որ կարող են սնանկանալ, որ կարող են վարկերը չմարել։ Ու, ընտրել են շանտաժի ճանապարհը։

Հայաստանում ստվերի առաջացման ամենամեծ խթանը շրջանառության հարկն է։ Ու այստեղ լիքը անելիքներ կան։

Հանգուցալուծու՞մը։ Որոշ դրույթներ.

1) Ոչ մի բիզնես պետությունից աջակցություն չպիտի ստանա, եթե Հայաստանում ունի տեղացի մրցակից։ Ֆորմալ-ոչ ֆորմալ, հարկային, թեկուզ՝ հեռախոսազանգով։

2) Պետք է բացվեն բոլոր արխիվները և ներկայացվեն նախկինում տրված բոլոր պետական աջակցությունները՝ անուն առ անուն, առանց «կոմերցիոն գաղտնիք» կոչվածի, քանի որ այս դեպքում խոսքը հանրային աջակցության մասին է։

3) Ի շարունակություն վերոնշյալի, պետք է բոլոր այն մասնավորները, որ տուժել են իրենց մրցակցին աջակցությունից՝ հաշիվ պահանջեն պետությունից (առայժմ քաղաքական)։

4) Հեղափոխությունից հետո բիզնես շահերը մնացին անտեր։ Հեղափոխությունից հետո շանտաժի լեզուն առավել սրվեց ու դարձավ գործուն։ Ցավալի է, որ այսօր ես ոչ մի քաղաքական ուժ չեմ տեսնում, որ ակնհայտ կպաշտպանի բիզնեսի շահերը (մեր մեջ ասած, որքան էլ զարմանաք, միակ ուժը, որ կարող էր այդ տեղը գրավել «Լուսավոր Հայաստանն» էր, բայց նրանք դա չարեցին):

5) Ի շարունակություն նախորդի, անհրաժեշտ են ակտիվանան բիզնես ֆորումները, ասոցիացիաների աշխատանքները, բանակցային թափանցիկ ֆորմատները։

6) Ես ռեստորանների թշնամին չեմ, չեմ էլ մեղադրում նրանց այդ ծայրահեղ քայլին դիմելու համար։ Չեմ մեղադրում այն պարզ պատճառով, որ այլընտրանքային քննարկումային հարթակ չկա ու սա է պատճառը, որ խոսելու այլ ձև չի մնացել։ Ես վաղուց չէի տեսել կառավարությունում այսքան անպատասխանատվություն, երբ ամեն ինչ գցվում է միայն վարչապետի ուսերին։ Թեպետ տեսել եմ, դա 1999 թվականին էր, երբ Վազգեն Սարգսյանն էր վարչապետը։ Այսպես չի կարելի կառավարել տնտեսությունը։

7) Վերադառնալով ռեստորաններին։ Արդյո՞ք կարող է բիզնեսը փակել իր դռները։ Այո, կարող է, աշխարհում նման դեպքեր կան. բայց ստիպված, ի աջակցություն իրենց աշխատողների հայտարարծ գործադուլի։ Ու երբ որևիցե բիզնես Հայաստանում խոսում է աշխատատեղերից, մեջս մի մեծ ցանկություն է առաջանում մտնել ու ստուգել աշխատակիցների իրավունքները։ Այս սխեման լիակատար կարող է աշխատել միմիայն եթե հայաստանում արհմիությունները ռեալ ներկայացնում են աշխատողների շահերը։ Այնպես որ, ցանկացած բիզնես, երբ խոսի աշխատատեղերից, պետք է պատրաստ լինի ապացուցել, որ ինքը լսում է աշխատողներին։ Կարելի է նույնիսկ ավելի խիստ գտնվել… լսել միայն այն գործատուներին, որոնք աշխատողների շահերի պաշտպանության ապացուցված գործուն կառույց ունեն։ Կամ էլ՝ աշխատողներին է պատկանում «ոսկյա» բաժնետոմսը, ինչպիսին, օրինակ, Գերմանիայում է։

Հ.Գ. Երբ այս թեմաներով զրուցում եմ նույնիսկ ընկերներիս հետ, զարմանքով արձանագրում եմ, որ բիզնեսի, կապիտալի ու գործարարի անկյունով մտածողությունն այնքան է խարսխված մարդկանց մոտ, որ չեն կարող նույնիսկ պատկերացնել, որ այո, սեփականատերը չի կարող որոշել, որ բիզնեսի դռները պարզապես փակում է։ Զարմանում եմ, թե 90-ականների բռի կապիտալիզմի դռները բացելուց հետո, ինչպես է մարդկանց մտածողությունն ամբողջությամբ ներծծվել «կապիտալի շահերը վեր են մարդկային շահերից» մտածողությանը։ Սեփականության իրավունքը տնտեսության հիմքն է, սակայն չպետք է այն նույնացնել կապիտալի իրավունքի հետ՝ դրանք տարբեր բաներ են»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս