«Պատկերացրեք, թե ժողովուրդը ինչքան թեթևացած շունչ կքաշի, ինչքան երախտապարտ կլինի վարչապետին, եթե նա մի քանի օրից ֆեյսբուքյան հերթական լայվով հայտարարի, որ այս ամենը ստոր հերյուրանք է…». Արփինե Հովհաննիսյան
Ինչպես արդեն խոստացել էի առավել մանրամասն ներկայացնում եմ իմ մտահոգությունները տրանսֆերտների հարկման մասին։ Կառավարության նման մտադրությունը կամ գաղափարը (որտեղից է նման միտք ծագել առհասարակ!!) առաջացնում է մի շարք հարցադրումներ.
• Պետության հարկային եւ մաքսային վարչարարության անադյունավետության բեռը փոխանցվում է քաղաքացուն։ Երբ կառավարությունը չի կարողանում տնտեսությունը զարգացնել և հարկ հավաքել, չպետք է իր բացթողումները լուծի ՀՀ քաղաքացու հաշվին: Փաստորեն փորձ է արվելու քրեական եւ վարչական պատասխանատվության սպառնալիքի ուժով քաղաքացուն ստիպել հայտարարագրել իր նույնիսկ չնչին եկամուտները։ Ավելին նման քաղաքականությամբ պետությունը իր քաղաքացուն ստիպելու է գործել անբարեխիղճ, թաքցնել իր եկամուտները, հրաժարվել բանկային գործառնություններից, փնտրել դրամական փոխանցումների զարտուղի ճանապարհներ։ Ի վերջո քաղաքացին այդքան բարդություններից, քաշքշուկներից խուսափելու համար ընտրելու է ամենահեշտ տարբերակը, այն է՝ տեղափոխել իր ընտանիքն այն վայր, որտեղ ինքն է աշխատում։
• Պարզ չէ, թե ինչպես է գործելու այդ համակարգը, եթե ողջ երկիրը չի անցել անկանխիկ շրջանառության,
• Պարզ չէ, թե քաղաքացիներին հարկելու համար ինչպե՞ս է վերահսկվելու նրանց դրամական հոսքերը, և արդյոք չի ստացվի մի պատկեր, որ դրամական հոսքերի վերահսկողությունը լինի ընտրանքային։
• Պարզ չէ, թե ինչպես է գործելու համակարգը, երբ ամբողջ երկրում ներդրված չէ էլեկտրոնային ստորագրության համակարգը։ Ինչը նշանակում է, որ քաղաքացու վրա դրվելու է եւս մեկ պարտականություն, ունենալ էլեկտրոնային ստորագրություն այն պարագայում, երբ այդ ստորագրությունը իրեն առօրյայում ընդհանարապես պետք չի լինելու։
• Հայաստանը տարիներ շարունակ եղել է գրավիչ երկիր ինքնաշխատ մարդկանց համար (freelancer)։ Նման նախաձեռնությունը ուղղակի հարված է մի երկրի համար, որը իր առաջնայնություն է համարում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը։
• Ու այս ամենը` 100 հազարից ավել պետական ծառայողների առաջիկա կրճատման, նպաստ ստացող քաղաքացիների նպաստների կրճատման, բյուջեի դեֆիցիտի ավելացման և այլ մտահոգիչ զարգացումների ֆոնին:
Միաժամանակ ես չեմ բացառում, որ նման անհեթեթ առաջարկությունը նախընտրական շրջանում ներկայացվել է որպես նախըտրական հնարք: Պատկերացրեք, թե ժողովուրդը ինչքան թեթևացած շունչ կքաշի, ինչքան երախտապարտ կլինի վարչապետին, եթե նա մի քանի օրից ֆեյսբուքյան հերթական լայվով հայտարարի, որ այս ամենը ստոր հերյուրանք է, հանրապետականների տարածած լկտի սուտ, կամ էլ, օրինակ ասի, որ դա ՊԵԿ ղեկավարի անձնական կարծիքն է և ինքը դրան դեմ է:
Եթե այդպես եղավ, ապա հաշվարկը ծայր աստիճան պարզունակ է և ժողովրդին մանիպուլյացիայի ենթարկել է նշանակում: Իսկ եթե առաջարկությունը կյանքի կոչվեց` աղետալի կլինի:
Հ.Գ. Երբ գրում էի այս գրառումը, պարզվեց փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ասել է, որ առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու ոչ մի նախագիծ չի ընդունվի, հանրային քննարկում կլինի և այլն: Ուզում եմ մի բան հասկանալ կարծիքը հաշվի կառնենք այնպես ինչպես արագաչափերի՞, կարմիր գծերի՞, կուտակային կենսաթոշակայինի՞ (խոստացել էին հանել) , թե՞, ասենք, աշխատանքից ազատման մասին արդեն ծանուցված հազարավոր պետական ծառայողների կարծիքի պես թե՞ այլ կերպ:
Եթե նման գաղափար ունեք (ակնհայտ է, որ ունեք) ներառեք այն ձեր նախընտրական ծրագրում»:
Արփինե Հովհաննիսյան
Եվ կրկին տրանսֆերտների հարկման մասին!!! IT ոլորտի, արտագնա աշխատանքի մեկնածների , և կառավարության արձագանքի մասին կամ…
Gepostet von Arpine Hovhannisyan am Montag, 19. November 2018