Բաժիններ՝

ԱՄՆ-ի բանակը կարող է պարտություն կրել Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ պատերազմում. զեկույց

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ սպառազինությունների մրցավազքը հասել է սառը պատերազմի մակարդակին, մինչդեռ ամերիկյան բանակին չի բավականացնում ֆինանսավորումը պոտենցիալ հակառակորդի սպառնալիքներին դիմակայելու համար:

Ռուսաստանին արդյունավետորեն դիմակայելու համար հարկավոր է ավելացնել Պենտագոնի ֆինանսավորումը. այս եզրակացության են եկել ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվերով պատրաստված զեկույցի հեղինակները, տեղեկացնում  BBC-ին:

ԱՄՆ-ի զինված ուժերը կարող են պարտություն կրել Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ պատերազմում, ասված է փորձագիտական զեկույցում: Այս եզրակացության է հանգել հատուկ հանձնաժողովը, որի մեջ մտնում են երկու կուսակցությունները ներկայացնող զինվորական փորձագետներ:

Հանձնաժողովը վերլուծել է ԱՄՆ-ի Ազգային պաշտպանական ռազմավարությունը, որը 2018 թվականի հունվարին ներկայացրել է Պենտագոնը: Նրա աշխատանքի արդյունքներից մեկը դարձել է այս զեկույցը:

«ԱՄՆ-ի զինված ուժերը կարող են կենդանի ուժի եւ կարեւորագույն ակտիվների անընդունելի մեծ կորուստներ կրել իրենց հաջորդ հակամարտության ընթացքում,-նշվում է զեկույցում:- Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ պատերազմում նրանց դժվար կլինի հաղթանակ տանել, եւ նրանք, հավանաբար, տանուլ կտան այն»:

Զեկույցի հեղինակները նշել են, որ կառավարությունը անբավարար ուշադրություն է դարձնում ԱՄՆ-ի զինված ուժերի զարգացմանը այն դեպքում, երբ Ռուսաստանը եւ Չինաստանը ձգտում են գերիշխել իրենց տարածաշրջաններում եւ մեծացնում են ռազմական ներուժը:

«Այսօր Ռուսաստանը եւ Չինաստանը ի զորու են ԱՄՆ-ին, նրա դաշնակիցներին ու գործընկերներին անհամեմատ ավելի մեծ մասշտաբով մարտահրավեր նետել, քան ցանկացած այլ պոտենցիալ հակառակորդ սառը պատերազմի ժամանակներից ի վեր»,-հայտարարել է հանձնաժողովը:

Հանձնաժողովում գտնում են, որ արտաքին սպառնալիքներին հակազդելու համար պաշտպանունակության ամրապնդմանն ուղղված Պենտագոնի ջանքերը թերաֆինանսավորված են, թեեւ ԱՄՆ-ի ռազմական բյուջեն (716 մլրդ դոլար՝ 2018 թվականին) չորս անգամ ավելի մեծ է չինականից եւ տասն անգամ գերազանցում է Ռուսաստանինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս