Բաժիններ՝

Մայլի Սայրուսը զրկվել է տնից Կալիֆոռնիայում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով

Երգչուհի Մայլի Սայրուսը զրկվել է իր տնից ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով: Այդ մասին նա հայտնել է Twitter-ի իր էջում:

«Ես ինձ ունայնացած եմ զգում իմ շրջանը ճարակած հրդեհների պատճառով,- գրել է երգչուհին:- Իմ կենդանիները եւ ամբողջ կյանքիս սերը փրկված են, եւ դա այն ամենն է, ինչն այժմ կարեւորություն ունի: Իմ տունն այլեւս չկա»: Մայլի Սայրուսը ճանաչում է ստացել դեռահասների համար «Հաննա Մոնտանա» սերիալում (2006-2011 թվականներ) խաղացած գլխավոր դերի շնորհիվ: Հետագայում նա դարձավ փոփ-երգչուհի եւ ձայնագրեց վեց ալբոմ: Time հանդեսը երկու անգամ նրան ներառել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց հարյուրաում: Ինչպես արդեն հաղորդվել է, ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում մոլեգնող հրդեհը ոչնչացրել է դերասան Ջերարդ Բաթլերի տունը: Այդ մասին նա նոյեմբերի 11-ին հայտնել է Twitter-ի իր էջում:

«Տարհանումից հետո վերադարձել եմ Մալիբուի իմ տուն,-գրել է Բաթլերը՝ հրապարակմանը կցելով լուսանկար, որտեղ երեւում է ամբողջովին այրված կառույցը:-Ահավոր ժամանակ է Կալիֆոռնիայի համար: Ինչպես միշտ, ոգեւորված եմ հրշեջների արիությամբ, ոգու ուժով եւ ինքնազոհաբերման պատրաստակամությամբ»:

Իր հերթին կանադացի երգիչ եւ կիթառահար Նիլ Յանգը իր պաշտոնական կայքում հայտնել է, որ Կալիֆոռնիայի իր տունը նույնպես այրվել է: «Ես իմ տունը կորցրեցի նախքան Կալիֆոռնիայի հրդեհը, իսկ այժմ կորցրել եմ եւս մեկը»,-գրել է երաժիշտը:

Ավելի վաղ տեղեկացվել է, որ շոու բիզնեսի ամերիկացի աստղերը հայտնվել են շաբաթվա կեսին Կալիֆոռնիայի Վենտուրայի օկրուգում բռնկված հրդեհի պատճառով տարհանված հազարավոր մարդկանց թվում: Մալիբուում իրենց տները լքել են, մասնավորապես, հեռուստահաղորդավարուհի եւ մոդել Քիմ Քարդաշյանը, երգչուհիներ Լեդի Գագան, Իգի Ազարիան եւ Շերը, ինչպես նաեւ ռեժիսոր Գիլիերմո դել Տորոն: Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում բռնկված հրդեհը նոյեմբերի 11-ին հասել է 80 հազար հեկտարի, կրակը ոչնչացրել է մոտավորապես 7 հազար շինություն, առնվազն 31 մարդու կյանք է խլել եւ ավելի քան 150 հազար տեղացի բնակիչների տարհանման պատճառ դարձել:

Այս տվյալները մամուլի ասուլիսում ներկայացրել է նահանգի անտառտնտեսության եւ հրշեջ պահպանության վարչության ղեկավար Սքոթ Ջեդբերթը, որն այդ հրդեհը որակել է «ամենաավերիչը Կալիֆոռնիայի պատմության մեջ»: Նրա խոսքով՝ կրակի դեմ շուրջօրյա պայքարում են 3200-ից ավելի հրշեջներ, բայց առայժմ իշխանությունները չունեն այն բանի հուսադրող վկայություններ, որ կրակը կհաջողվի մարել առաջիկա օրերին: իսկ դա նշանակում է, որ զոհերի ու տուժածների թիվը, հավանաբար, կավելանա, համապատասխանաբար կմեծանա նաեւ կրակի պատճառած վնասը, որը առայժմ չեն էլ փորձում գնահատել: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Կալիֆոռնիայի Բյութի, Վենտուրայի եւ Լոս Անջելեսի օկրուգներում արտակարգ դրության ռեժիմ մտցնելու մասին: Նա կարգադրել է դաշնային բյուջեից միջոցներ հատկացնել նահանգին, որոնք անհրաժեշտ են հրդեհի դեմ պայքարելու եւ դրա հետեւանքների վերացման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս