«Վեց ամիսը քիչ ժամանակ չէր Ընտրական օրենսգիրքը փոխելու համար». Արա Պապյան
«Վեց ամիսը քիչ ժամանակ չէր Ընտրական օրենսգիրքը, կուսակցությունների մասին օրենքը փոխելու համար: Եթե ես գայի իշխանության, առաջինը կստեղծեի սահմանադրական հանձնաժողով ու Սահմանադրությունը կփոխեի: Այս գերօրինապաշտությունը մի քիչ տարօրինակ է, որովհետև իրավունքի սկզբունքներից մեկը սա է՝ «Հանցագործության վրա չի կարող օրենք խարսխվել»: ԸՕ-ն ու Սահմանադրությունն անօրինական են: Ո՞նց կարելի է անօրինականության վրա օրինականություն պահպանել, հնարավոր չէ: Դրա համար այս վիճակին ենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պապյանը:
«Ես մտավախություն ունեի, որ կարող է ՀՀ-ում իրավիճակը սրվեր՝ խորհրդարանը ցրելու հետ կապված: Հիմա մարդիկ ասում են՝ տեսեք, այդպես չեղավ: Բայց ինչո՞ւ լիներ: Նրան, ինչին լարվածության միջոցով պետք է հասնեին, գործարքի միջոցով հասան: Ստացան ինդուլգենցիա՝ իրենց թալանածը պահելու, չպատժվելու, ինչպես նաև քաղաքական դաշտում ներառվելու համար: Ստացան այն օրենսգրքով ընտրություն, որով ուզում էին:
Այսինքն, իրենք հասան իրենց ուզածին: Էլ ի՞նչ դիմադրություն: Այդ մարդկանց խումբը խնդիրներ ուներ, վախենում էր հեղափոխության սկզբից, որովհետև իրենց հարցնելու էին՝ դու ոստիկան, զինվորական ես, որտեղի՞ց այս սեփականությունը, որը 500-ապատիկ գերազանցում է քո ստացած եկամուտին: Հիմա չեն վախենում: Այսինքն, արդարադատության, արդարության սկզբունքները չիրականացվեցին: Սրա վատն այն է, որ ուղերձ են տալիս այսօրվա պաշտոնյային, որ՝ եղի՛ր կաշառակեր, եղի՛ր թալանչի»,- ընդգծեց քաղաքագետը:
Ինչ վերաբերում է նրան, որ շատ բաներ չփոխվեցին, քանի որ ԱԺ մեծամասնությունը պարզապես կողմ չէր լինելու, և նույնիսկ ներդրումներ չկատարվեցին այս ընթացքում, քաղաքագետը նշեց.
«Նախընտրական փուլում որևէ մեկը ներդրում չէր անելու: ԱԺ արտահերթ ընտրությունից որոշ ժամանակ անց նոր ներդրումներ կարող են լինել: Սակայն մենք միշտ մոռանում ենք, որ տնտեսականն ածանցյալ է քաղաքականին: Այսինքն, մեզ նման երկրներում, եթե ունես քաղաքական, աշխարհաքաղաքական սխալ կողմնորոշում, բնականաբար, տնտեսական խնդիրներ ունես: Մենք մտանք ԵԱՏՄ այն հույսով, որ իբր մեծ շուկա է, բայց փաստերը նայում ես, տեսնում ես, որ պատժում են Հայաստանին. ծաղիկներն են այրում, սննդի հետ են խնդիրներ առաջանում: Որևէ մեկը քեզ չի արգելում շուկա մտնել, բայց սանիտարական վերահսկողության արդյունքում «գտնում են» ինչ-ինչ թերություններ: ԵԱՏՄ-ում օրենքը թուղթ է, ինչպես ուզեն՝ կօգտագործեն քո դեմ, իսկ ԵՄ-ն որոշակի սկզբունքներ ունի. կհամապատասխանես՝ կանցնես»:
Անի Կարապետյան