Ինչպես խուսափել տարածաշրջանային խորը մեկուսացումից. Որոնք են ստամբուլյան հռչակագրի հայաստանյան հետևությունները
Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը Ստամբուլում մեծ աղմուկ է բարձրացրել։ Երեք երկրների տարածած ստամբուլյան հռչակագիրը լայն մտահոգությունների պատճառ է դարձել Երևանում։
Մոհամադ Ջավադ Զարիֆը, Մևլութ Չավուշօղլուն ու Էլմար Մամեդյարովը հոկտեմբերի 30-ին Ստամբուլում կայացած եռակողմ թվով 6-րդ հանդիպման ժամանակ հերթական մտահոգիչ հռչակագիրն են ընդունել, որում անդրադարձ է կատարվել նաև Արցախի հիմնախնդրին։ Անհանգստացնողն այն է, որ հայտարարության մեջ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը ներկայացվում է Ադրբեջանի դիտանկյունից։ Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ չնայած հայ-իրանական հարաբերությունների հատուկ բնույթին՝ Իրանը համաձայնել է տեքստում նման ադրբեջանամետ ձևակերպումների, ինչը տեղի է ունենում արդեն ոչ առաջին անգամ։
Երեք երկրների հռչակագրում գրեթե միշտ Ղարաբաղյան հակամարտությանն անդրադարձ է կատարվում նույն ձևակերպումներով։ Հռչակագրում, ի թիվս այլ հարցերի, ընդգծված է բոլոր հակամարտությունների՝ «խաղաղ ճանապարհով ու միջազգայնորեն ճանաչված սահմաններն ու տարածքային ամբողջականությունը պահպանելով կարգավորման անհրաժեշտությունը»: «Այդ առնչությամբ կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում առկա տարաձայնությունների շուտափույթ լուծումը՝ համաձայն վերոնշյալ սկզբունքների»,- ասված է հռչակագրի տեքստում։
Սակայն Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ասել է, որ երեք երկրներն էլ տարածաշրջանային մարտահրավերների նկատմամբ ունեն ընդհանուր դիրքորոշում և հուսով են, որ տարածաշրջանային խնդիրները, ինչպիսիք Պաղեստինի, Եմենի և Սիրիայի ժողովուրդների խնդիրներն են, ինչպես նաև տարածաշրջանի մյուս խնդիրները, խաղաղ հանգուցալուծում կստանան: «Մենք մշտապես ընդգծել ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի և նորմերի հիման վրա, իրականում այդ մասին անդրադարձ է կատարվել նաև նախարարների տարածած համատեղ հայտարարության մեջ»,- ասել է Իրանի ԱԳ նախարար Զարիֆը։
«168 Ժամի» հետ զրույցում իրանցի քաղաքագետ Կայհան Բարզեգարը փորձեց բացատրել, թե ինչպես է բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետությունը ժամանակ առ ժամանակ միանում նման ձևակերպումներով հռչակագրերի, որոնք դեմ են Հայաստանի Հանրապետության շահերին։ Կայհան Բարզեգարը, մինչ հռչակագրի տեքստը մեկնաբանելը, կարևորեց այս տարածաշրջանում բազմակողմ ձևաչափերում համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը, քանի որ սա առաջին հերթին՝ խնդրահարույց տարածաշրջան է։ Ուստի, նրա խոսքով, արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար հարկավոր է հարևանությունում ունենալ կայուն գործընկերություն։
«Իրանն առաջնորդվում է իր բոլոր հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու քաղաքական կամքով։ Դա ամրագրված է, այս ձևաչափերում Իրանի ակտիվ մասնակցությունը պայմանավորված է Իրանի արտաքին քաղաքականության այդ առաջնահերթությամբ։ Ի դեպ, ինչպես Միացյալ Նահանգներն ու այլ երկրներն են այս տարածաշրջանում և ամենուր համախոհ երկրներ փնտրում Իրանի դեմ քաղաքականության համար, այնպես էլ՝ Իրանը, որն ունի լուրջ խնդիրներ Միացյալ Նահանգների, Իսրայելի և մի շարք այլ երկրների հետ։
Իրանը լուրջ քաղաքական կամք ունի՝ զարգացնել իր հարաբերությունները նաև Հայաստանի Հանրապետության հետ, որը մեկուսացած է տարածաշրջանային ծրագրերից ԼՂ հակամարտության հակամարտության պատճառով։ Սա Իրանի համար բացասական հանգամանք է։ Հիշում եք, թե ինչ ծրագրեր էր առաջարկում Հասան Ռուհանին՝ Պարսից ծոց-Սև ծով, որի մեկնարկը խորը համագործակցություն էր ակնկալում Հայաստանի, Վրաստանի և Իրանի միջև։ ԻԻՀ-ն կողմ է այս ձևաչափերին, սակայն երկկողմ մակարդակում դեռ Հայաստանի հետ բազում չիրագործված և կիսատ ծրագրեր կան, որոնք առաջ մղել է հարկավոր, և հասկանալի չէ, թե ինչու են դրանք մնում սեղանին։ Սպասում ենք, որ ՀՀ վարչապետի Իրան կատարելիք առաջիկա այցի ընթացքում որոշակիություն կմտնի»,- ասաց Կայհան Բարզեգարը։
Ինչ վերաբերում է հռչակագրին, ապա, ըստ Կայհան Բարզեգարի՝ նման հռչակագրերը, որոնք իրականում ամեն հանդիպման ժամանակ ընդունվում են, ոչ միշտ են արտացոլում իրական քաղաքականությունը, քանի որ յուրաքանչյուր կողմ փորձում է նման հռչակագրերում առաջ տանել իր դիրքորոշումները՝ տպավորություն թողնելու համար, որ այս հարցում կա կոնսենսուս տվյալ երկրների կողմից։
«Ղարաբաղյան հակամարտության իրանական դիրքորոշումը հայտնի է պաշտոնական Երևանին, այդ մասին Իրանը վերահաստատում է իր կարծիքը բոլոր բարձրաստիճան հանդիպումների ժամանակ և ցանկացած առիթի դեպքում։ Իրանի ԱԳ նախարարը Ստամբուլում ևս խոսել էր ԼՂ հակամարտության կարգավորման մասին՝ նշելով, որ Իրանի դիրքորոշումը ևս արտահայտված է կոմյունիկեում։ Կա ընդունված պրակտիկա է, համաձայն որի՝ նման ձևաչափերում կողմերը չեն վիճարկում միմյանց դիրքորոշումները, քանի որ այլ հարցերում ունեն նույն կողմի համար անընդունելի դիրքորորոշում, ինչպես երկրների ներքին գործերին չմիջամտելու պարտավորության ամրագրումն էր, որը կարևոր էր Իրանի համար՝ հաշվի առնելով իսրայելական գործոնը։ Բայց Իրանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում նույնն է, ինչ տարիներ առաջ։ Եթե պաշտոնական Երևանին դա մտահոգում է, կարող են համապատասխան քննարկումներ տեղի ունենալ Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարությունների միջև, բայց Իրանը, ըստ իս՝ չի խախտում գործընկերային համերաշխությունը»,- ասաց իրանցի քաղաքագետը։
Նրա կարծիքով, չնայած Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին, հաշվի առնելով բարդ աշխարհագրությունը՝ ՀՀ-ն պետք է լուրջ ուշադրություն հատկացնի արտաքին քաղաքականությանը, որը միայն ԼՂ հակամարտությունն ու Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցը չէ։
«Խոսքը շատ ավելի լայն սպեկտրի մասին է, որը ներառում է և տարածաշրջանային, և արտատարածաշրջանային համագործակցությունը, ինչը Հայաստանի համար կարող է դառնալ անվտանգության հավելյալ երաշխիք։ Այսինքն՝ պետք է աշխատել նախ բոլոր կարևոր կենտրոնների, հարևանների հետ՝ սերտորեն առաջ մղելով սեփական շահերը։ Դա չափազանց կարևոր է։ Սակայն պետք է նաև ընդգծել, որ այս հռչակագրերը որևէ կերպ չեն անդրադառնում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վրա, դա այլ շրջանակում կարգավորվելիք հիմնախնդիր է»,- ասաց Կայհան Բարզեգարը։
Իր հերթին՝ վրացի քաղաքական վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին ասաց, որ հաշվի առնելով հակամարտության առկայությունն այս տարածաշրջանում, համատեղ մամլո ասուլիսների, հռչակագրերի, համատեղ փաստաթղթերի կազմման ընթացքում հաճախ են նման խնդիրներ առաջանում՝ կապված մյուս կողմի ձևակերպումների հետ, քանի որ յուրաքանչյուր կողմ փորձում է իր շահն առաջ մղել։ Այդ պատճառով, նրա խոսքով, տարածաշրջանային ձևաչափերի դեպքում Վրաստանն ու Իրանը խուսափում են անդրադառնալ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, որպեսզի չվիրավորեն որևէ կողմի։ Բայց, նրա կարծիքով, նման օրինակներ ևս պատահում են։
«Հետևելով այս հռչակագրի հետ կապված քննարկումներին՝ հասկացա, որ ՀՀ-ում կան քննադատություններ՝ նաև ուղղված հենց հայաստանյան դիվանագիտությանը, որ նման իրադարձություններից առաջ պետք է պատրաստվել, համապատասխան աշխատանք իրականացնել գործընկեր երկրների հետ։ Իսկ եթե իմանալով, որ նման ձևաչափերում այսպիսի ձևակերպումներ են հնարավոր, և քայլեր չեն ձեռնարկվում, կարելի է ենթադրել, որ դա պաշտոնական Երևանին առանձնապես չի մտահոգում։ Իսկ եթե մտահոգում է, պետք է վերանայել նման հարցերում սեփական քաղաքականությունը, որպեսզի գործընկեր երկրների համար ևս կանխատեսելի լինի Երևանի ցանկությունները, նման աշխատանքը կենթադրի այս թեմայի վերաբերյալ բաց քննարկում, որը կխորացնի նաև համագործակցությունը, ընկալելի կդարձնի հայկական կողմի դիրքորոշումը։
Հայաստանը, չունենալով հարաբերություններ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, կարող է իր օրակարգն առաջ մղել տարածաշրջանում իր մյուս գործընկերների հետ ակտիվ աշխատանքի միջոցով։ Իրադարձությունից հետո դրան արձագանքելը ևս այդքան արդյունավետ չեմ համարում, կան այս ձևաչափերը, Վրաստանը ևս համագործակցություններ ունի, ուստի նախապես պետք է մշակվի համապատասխան գործողությունների ծրագիր այսպիսի դեպքերի և ավելի լավ համագործակցության համար, այլապես Հայաստանը մեկուսանում է նաև իր գործընկեր երկրներից»,- ասաց Իրակլի Մենագարիշվիլին։