Բաբախող Ռուսաստանը կրկին կրճատվում է

Ռացիոնալ հիմքի բացակայության պատճառով մերժելով աշխարհաքաղաքականության նկրտումները՝ որպես պետությունների միջև հարաբերությունների ունիվերսալ մեթոդ, պետք է նաև ընդունել, որ ժամանակի ընթացքում այն մշակել է գործիքակազմ, որը հաճախ էֆեկտիվ է աշխատում քաղաքական պրոցեսների ինտելեկտուալ համակարգման համար։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է մայրցամաքային և ծովային կայսրությունների կոնցեպտներին։

Մայրցամաքային կայսրությունը, օրինակ՝ Հռոմը, իր էքսպանիան իրականացրել է անմիջապես իր սահմանների երկայնքով, մինչդեռ ծովային կայսրությունը, օրինակ՝ Մեծ Բրիտանիան, գաղութներ է ձեռք բերել մետրոպոլիայից շատ հեռու գտնվող տարածքներում։ Ընդ որում, իմպերիալիստական ծավալման տեսանկյունից երկու մեթոդն էլ արդյունավետ են՝ ժամանակին ողջ քաղաքական աշխարհը կազմում էր հենց Հռոմը, իսկ մի ժամանակաշրջանում մոլորակի քարտեզի 25%-ը ներկված էր Բրիտանական միապետության գույնով։

Մայրցամաքային կայսրությունները շատ հաճախ տրվում են ընդլայնման գայթակղությանը և իրենց անվտանգությունը սահմանում են հենց էքսպանսիայով։ Այս մոտեցման էությունը կայանում է նրանում, որ կայսրությունը նոր տարածքներ զավթելով՝ հավանական թշնամուն հեռացնում է բուն մետրոպոլիայից, դրանով իսկ այն ավելի անվտանգ դարձնելով։ Մոտեցման պրոբլեմը նրանում է, որ հեռացնելով սահմանները կենտրոնից, կայսրությունը նորանոր հողեր է գրավում, ինչը հանգեցնում է արդեն հսկայական տարածքները վերահսկելու անհրաժեշտությանը։ Անվտանգությունը ավելացնելով և էքսպանսիա ծավալելով, այն կենտրոնի անվտանգության փոխարեն՝ իրեն նվիրում է ծայրամասերի անվտանգությանը, և համապատասխան ռեսուրսներով ապահովված չլինելու դեպքում՝ գաղութների անկումը շղթայական ռեակցիայով, շատ արագ բերում է մետրոպոլիայի անկմանը։ Այսպես կործանվեց Հռոմը, Ավստրո-Հունգարիան, նշանակալի չափով այս պրոցեսները պայմանավորեցին գերմանական Ռեյխի վերացումը։ Այստեղ ականատես ենք լինում անվտանգության դիլեմայի յուրահատուկ արտահայտմանը, երբ փորձելով ավելացնել իրենց անվտանգությունը, արդյունքում՝ կայսրություններն ավելացնում են անվտանգության սպառնալիքները։

Կարդացեք նաև

Անվտանգության ապահովման այս ուղին է բռնել Ռուսաստանը դեռևս Իվան Ահեղի ժամանակներից, իսկ Եկատերինայի շրջանից այն դարձավ անվտանգության պաշտոնական դոկտրին։ Սրանով էր պայմանավորված նաև Երկրորդ աշխարհամարտից հետո ԽՍՀՄ-ն արբանյակ-երկրներով շրջապատելը, ինչ հետևանքով Ռուսաստանը չուներ անմիջական սահման ՆԱՏՕ-ի հետ։

Բնական է, որ այս ընկալման դեպքում Ռուսաստանը ՆԱՏՕ-ի ընդլայնումը հայտարարում է իր ազգային անվտանգության սպառնալիք։ Միաժամանակ, քաջ գիտակցելով մեթոդի սահմանափակումները, Ռուսաստանն ուշադիր հետևում է ընդլայնման համար անհրաժեշտ ռեսուրսային ապահովման խնդրին։

Նավթի համաշխարհային գների անկումը, սպառազինությունների հյուծող մրցավազքը և տնտեսական ոչ էֆեկտիվ համակարգը պատճառ դարձավ, որպեսզի Ռուսաստանը հրաժարվի Արևելյան Եվրոպայի իր գաղութներից։ Կրճատվելու՝ և դեպի կենտրոն գնալու հաջորդ քայլով փլուզվեց Խորհրդային Միությունը, սակայն այստեղ Մոսկվան պահպանեց արդյունավետ, մեծ ռեսուրսներ չպահանջող գործիքներ։

Հետխորհրդային տարածքում Ռուսաստանի դոմինանտության պահպանման գործիքակազմին տարբեր անուններ են տրվում, ավելի հաճախ այն կոչվում է Ելցինի դոկտրին։ Համաձայն այս ռազմավարության՝ երեք գործոն՝ սառեցված հակամարտությունները, ռուսական ռազմական բազաները և այլ երկրներում ռուսալեզու բնակչությունը, հանդիսանում են այն ականները, որոնց վրա սեղմելով՝ Մոսկվան կարող է նախկին խորհրդային երկրներում կիրառել իր ազդեցությունը։ Հետագայում այս գործոններին ավելացավ չորրորդը՝ տնտեսական իմպերիալիզմը, նաև սրանք մշտապես ուղեկցվում են մշակութային իմպերիալիզմի գործիքներով և հզոր ռուսական գործակալական ցանցով։ Նման գործիքակազմի դեպքում Ռուսաստանը ստիպված չէ իր սուղ ռեսուրսները ծախսել այս հսկայական տարածքների կենսապահովման և անվտանգության համար, նա պարզապես պետք է հոգ տանի իր «կոճակների» մասին, որոնք կարող է սեղմել ցանկացած պահի։

Վրաստանը փորձեց ազատվել ռուսական ռազմաբազաներից և տնտեսական ճնշումից, արդյունքում նա զրկվեց էթնիկ հակամարտություններով տարածքներից, Ուկրաինայում մեծ դեր խաղաց ռուսալեզու բնակչությունը, իհարկե, շատ մեծ էր նաև Սևաստոպոլի ռազմական բազայի նշանակությունը։ Հայաստանի բնակչությունը թեև միատարր է, Հայաստանի հանդեպ Ռուսաստանի քաղաքականության մեջ, սակայն, որոշիչ են թե ղարաբաղյան հակամարտությունը, թե Գյումրիի ռազմաբազան, թե տնտեսական կախվածությունը, թե շատ այլ գործոններ՝ սկսած խոպանչիներից, ռուսահայ օլիգարխներից ու ազատ եթերում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքներից՝ մինչև հզոր գործակալական ցանցը։

Նավթի գների կտրուկ աճը, ինչպես նաև բարենպաստ քաղաքական միջավայրը Ռուսաստանին սադրեցին կրկին գնալ ընդլայնման, և այդ մասին հայտարարվեց 2007թ.։ Պուտինի հայտնի մյունխենյան ճառով։ Ռուս-վրացական պատերազմը, Ուկրաինայի հարավ-արևելքի զավթումը, Սիրիայում ռուսական ռազմական ներկայությունը ռուսական նոր ընդլայնման արտահայտություններն էին։ Իհարկե, այն ուղեկցվեց նաև ոչ-սովորական (non-conventional) էքսպանսիայի գործիքներով, որոնք ստեղծել են ժամանակակից գլոբալացվող աշխարհը և տեխնոլոգիաները։ Վերջիններիս շարքում են պոպուլիստական և աջակողմյան ուժերի աջակցումը Եվրոպայում և աշխարհում, ինտերնետ հարձակումները, այդ թվում՝ նաև ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ, միջուկային շանտաժը, և այլն։

Ներկա իրավիճակում տնտեսական և քաղաքական գործոններն անհաջող են դասավորվում Ռուսաստանի համար, գործող և սպասվող պատժամիջոցները զրկում են նրան քաղաքական և ֆինանսական ռեսուրսներից, և այժմ բոլոր նշանները ցույց են տալիս, որ Ռուսաստանը կրկին պատրաստվում է գնալ դեպի կենտրոն, «կրճատվել»։

Բնական է, որ հարևանների համար վտանգավոր է ոչ միայն՝ ընդլայնվող Ռուսաստանը, այլև՝ կրճատվողը, քանի որ այս դեպքում նա կրկին մանրամասն «ականապատում» է իր սահմանները։ Ռուսաստանի կրճատման արտահայտություններից են Ուկրաինայի հակամարտության սառեցումը և կոնսերվացիան, հիշեցումները Մոլդովայում ռուսական բազայի մասին, ինչպես նաև հակամարտությունների բորբոքումը բուն Ռուսաստանի տարածքի առավել վտանգավոր կետերում, որի արտահայտությունն էր Մոսկվայի կողմից չեչենների և ինգուշների միջև վերջերս սադրած թշնամանքը։ Այժմ իրավիճակը խառնվում է նաև Աբխազիայում։ Իհարկե, այս շարքին պետք է դասել Հայաստանի ներքաշումը սիրիական հակամարտության մեջ, որտեղ մեր զորքերը պետք է իրականացնեն Ռուսաստանի ստանձնած որոշ պարտականություններ։ Մոսկվան փորձում է Հայաստանին ներքաշել նաև իր կողմից վարվող կիբերպատերազմի մեջ։

Ռուսաստանի նոր կրճատման դեպքում  հնարավորություն կարող է ստեղծվել մեր տարածաշրջան այլ ֆակտորների մուտք գործելու համար։ Այդ պատճառով, Մոսկվայի ընկալմամբ, ղարաբաղյան հակամարտության մեջ ունեցած արբիտրի իր այժմյան դերը կարող է բավարար չլինել մոտ ապագայում, և Ռուսաստանը ցանկանում է ավելացնել և ուժեղացնել իր ազդեցության լծակները։ Տվյալ դեպքում նա վերաբացում է իր հին պահանջը հակամարտության գոտում ռուսական բազա հիմնելու մասին, ինչը, ի դեպ, կարող է հանդես գալ այլ անուններով՝ ՀԱՊԿ համատեղ ուժեր, միջազգային խաղաղապահներ, և այլն։ Պետք է նկատել, որ «ղարաբաղյան խաղաղապահները» կարևորագույն նշանակություն կարող են ունենալ Ռուսաստանի համար, քանի որ անհրաժեշտության դեպքում նրանք կարող են կիրառվել նաև Վրաստանում և Հյուսիսային Կովկասում։

Այս տեսանկյունից եթե մի 6-7 տարի առաջ Ղարաբաղում «խաղաղապահները» Ռուսաստանի համար ցանկալի լուծում էր, ապա այժմ այն նրա համար դառնում է կենսական անհրաժեշտութուն, անվտանգության հիմնախնդիր։ Այս ճնշմանը դիմագրավելու Հայաստանի հնարավորությունները գնալով նվազում են, բնական է, որ ռազմական դիմադրության մասին խոսք անգամ չի կարող լինել։ Դիմադրությունը կտևի ոչ ավելի, քան հակամարտության մենեջերը և զենքերի մատակարարը կթույլատրի։ Հայաստանի դիվանագիտական ռեսուրսները ևս պակասում են Մոսկվայի կողմից թելադրված միակողմանի արտաքին քաղաքականության պատճառով։ Շուտով Հայաստանի ընդդիմությունից միայն հուշեր կմնան, իսկ հաճախ հենց ընդդիմությունն էր այն գործոնը, որը մատնացույց էր անում Հայաստանի ղեկավարությունը՝ հրաժարվելով Մոսկվայի պահանջը կատարելուց։ Խոսք չի կարող գնալ նաև այն մասին, թե ժողովուրդը կընդդիմանա դրսից պարտադրված լուծումներին. թեև օտար դիվանագետներն արդարև նկատում են, որ լուծման շուրջ երկրում անգամ հանրային դիսկուրս գոյություն չունի, սակայն բոլորն էլ լավատեղյակ են, որ Հայաստանը ներկայումս ունի այնպիսի ղեկավար, ով ժողովրդին կարող է հրամցնել ցանկացած որոշում։

Աղասի Ենոքյան

 

 

Տեսանյութեր

Լրահոս