«Տեխնիկապես նորմալ ընտրություններ կլինեն». Արմեն Մարտիրոսյան

«Այս Ընտրական օրենսգիրքը մի քանի քայլ առաջ է մյուսներից: Տեխնիկական առումով, կարծում եմ, որ ունենք բոլոր հնարավորությունները՝ ազատ, արդար ընտրություններ անցկացնելու համար: Բովանդակային առումով իսկապես դժվարություն կա, քանի որ հետհեղափոխական իրավիճակ է»,- «ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները և հնարավոր ազդեցությունը ընտրական գործընթացների որակի վրա» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նրա փոխանցմամբ՝ ժամանակը բավարար չի եղել տեխնիկական սարքեր ձեռք բերելու համար, բայց «Ժառանգությունը» մի շարք առաջարկներ է արել:

«Կարելի է հանձնաժողովների անդամների թիվը կտրուկ նվազեցնել: Առաջարկել ենք նաև դեմքի ճանաչման մեխանիզմը: Մարդն ունի կամ կենսաչափական անձնագիր, կամ ID քարտ, երբ մտնում է ընտրատեղամաս, միանգամից դեմքն է ֆիքսվում, դա համեմատում են ID քարտի հետ, անմիջապես տեղում քվեաթերթիկ է տպվում այնպիսի կոդով, որ հնարավոր չլինի պարզել, թե ո՞ւմն է: Դրական եմ գնահատում հանձնաժողովի այն քայլը, որով նախատեսում են չորս ուժի ներկայությունը խորհրդարանում՝ նախորդ երեքի փոխարեն, իսկ շեմը 5-ից և 7-ից՝ 4-ի և 6-ի իջեցնելը: Չնայած մեր առաջարկը մասնակի է բավարարվել, որովհետև «Ժառանգությունը» ԱԺ-ում 5 կուսակցության անցնելու կողմակից է: Պետք է խորհրդարանում քաղաքական ներկապնակն ավելացնել: Ամեն դեպքում, կարծում եմ, տեխնիկապես նորմալ ընտրություններ կլինեն»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը:

Նրա կարծիքով՝ երկրում բարեփոխումները պետք է սկսել Սահմանադրության փոփոխությունից, որին կհաջորդի  Ընտրական նոր օրենսգրքի և կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունումը:

«Սահմանադրության փոփոխությունը մենք տեսնում ենք սահմանադիր ժողովի միջոցով: Մարմին, որը խաղի նոր կանոններ է հաստատելու, իսկ սահմանադիր ժողովի անդամները հաջորդ ընտրական փուլին չեն մասնակցելու՝ համաձայն մեր նախագծի, որպեսզի որևէ մեկը «իր հագով» Սահմանադրություն կամ հոդված, Ընտրական օրենսգիրք կամ կուսակցությունների մասին օրենք չգրի»,- նկատեց Արմեն Մարտիրոսյանը:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս