Վանաձորում հնչած կրակոցների թելերը տանում են դեպի քրեական հեղինակություններ
Վանաձորում հնչած կրակոցները նախապես մշակված և ծրագրված սպանության փորձ է, որի թիրախը եղել է Գևորգ Նավոյանը։ Վանաձորում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ դրանց հետեւում կանգնած է քրեական աշխարհը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի «Նավակ» ռեստորանային համալիրի դիմաց՝ փողոցում, կրակոցներ են արձակվել ռեստորանից դուրս եկած երեք անձի ուղղությամբ, ովքեր վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն։ Տուժածների թվում են քրեական աշխարհի ներկայացուցիչներ՝ Գևորգ Նավոյանի ում մոտ ախտորոշվել է «ձախ սրունքի և աջ ազդրի հրազենային վնասվածք», նրան ուղեկցողներից Գրիգոր Դավթյանի մոտ ախտորոշվել է «աջ ուսագոտու շրջանի հրազենային միջանցիկ վնասվածք, պարանոցի աջ կեսի հրազենային վնասվածք», իսկ Արմեն Սեդրակյանի մոտ՝ «ձախ ոտնաթաթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ։
Կրակահերթ արձակած անձը գտնվել է սև «ՎԱԶ-21074» մակնիշի, «35» կոդով հաշվառման համարանիշի ավտոմեքենայից, որով և ենթադրյալ հանցանք կատարած անձը դեպքի վայրից փախուստի է դիմել: Ավելի ուշ նշված ավտոմեքենան հայտնաբերվել է դեպքի վայրից մի քանի փողոց հեռու՝ այրված։ Ասել է թե՝ կրակողներն այն այրել էին հետքերը թաքցնելու համար։
«Փաստինֆո»-ին հաջողվեց պարզվել, որ ավտոմեքենան հաշվառված է Գյումրիի բնակիչ Արտաշես Ոսկանյանի անվամբ, որը հենց դեպքի օրը վաճառել էր այն և դեռ չէին հասցրել կատարել ձեւակերպումները։ Ասել է թե՝ նոր գնորդն ավտոմեքենան ձեռք էր բերել հենց սպանության փորձն իրականացնելու համար։
Վանաձորցիները համոզված են, որ կրակողները ևս քրեական աշխարհի ներկայացուցիչներ են, որոնց միջեւ վերադասավորումներ են ընթանում։
Դեպքերի առթիվ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 6-րդ կետերի, 235-րդ հոդվածի 1-ին մասի, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, ստեղծվել է քննչական խումբ, Գևորգ Նավոյանը, Գրիգորի Դավթյանը և Արմեն Սեդրակյանը ճանաչվել են տուժող:
Քրեական գործով հարցաքննվել են տուժողների հետ հացկերույթի մյուս մասնակիցները, ռեստորանի աշխատակիցները։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են պարկուճներ, ռեստորանի տեսանկարահանող սարքը, արնանման հետքերից վերցվել նմուշներ, ինչպես նաև հիշյալ նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ:
Վանաձորցիները հույս ունեն, որ կրակողները շուտ կհայտնաբերվեն, այլապես մեծ է վենդետայի վտանգը։