Ծովից ծով Հայաստանից` Թավշյա հեղափոխություն. Ֆրանկոֆոնիայի միջոցառումների գալա համերգի բացումն աշխարհին ծանոթացրեց Հայաստանի պատմությանը
Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի գալա համերգի բացման արարողությունն աշխարհին ծանոթացրեց Հայաստանի հազարամյակների պատմությանը: Շքեղ գունային ու լուսաձայնային շոուի միջոցով համերգի կազմակերպիչները րոպեների ընթացքում ներկայացրեցին Հայաստանի ու հայ ժողովրդի անցած ուղին` Տիգրան Մեծի Ծովից ծով Հայաստանից մինչև 2018թ.-ի Թավշյա հեղափոխություն:
Դեռևս մեր թվարկությունից առաջ, 1-ին դարում Հայաստանի սահմանները ձգվում էին Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով: Գալա համերգի հանդիսավոր բացման արարողության առաջին վայրկյաններին պարային ու դերասանական համարով ցույց տրվեց Արքայից արքա Տիգրան Մեծի կառավարման այդ փառահեղ ժամանակաշրջանը:
Բեմից հնչող շարականի անզուգական կատարմամբ հանդիսատեսին ներկայացվեց 301 թվականը, երբ Հայաստանը դարձավ աշխարհում առաջինը երկիրը, որը քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն: Պատկերն էլ ավելի ամբողջացավ, երբ բեմում երևացին նաև քրիստոնեության հիմնական խորհրդանիշները` խաչն ու ձուկը:
Հայոց պատմության ընթացքում Հայաստանից դուրս բազմաթիվ հայաշատ օջախներ են ստեղծվել, իսկ դրանցից մեկին հաջողվել է անգամ հայրենիքից դուրս լինել հայկական թագավորություն: Կիլիկյան Հայաստանի պատմությունը բեմում ներկայացվեց ծովային առևտրի պատկերներով:
Սայաթ-Նովա, Տիեզերական վարդապետ Նարեկացի, Մարտիրոս Սարյան. անուններ, որոնք աշխարհը գրավել են իրենց ստեղծագործություններով: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի գալա համերգի հանդիսատեսը ևս մեկ անգամ հնարավորություն ունեցավ տեսնել ու զգալ դրանք:
Հայկական մշակույթի ներկայացումից հետո գալա համերգի բեմը ողողվեց կարմրով. եկել էր ժամանակն աշխարհին ևս մեկ անգամ հիշեցնելու`1915թ.-ի Հայոց ցեղասպանության մասին: Գաղթի ճանապարհն ու ցեղասպանությունը ներկայացնող տեսարաններն ամբողջացրեց Ջիվան Գասպարյանը` հայկական ծիրանափողի՝ դուդուկի անզուգական կատարմամբ:
Սովետական Հայաստանի ժամանակաշրջանին անդրադառնալիս չշրջանցվեց հայկական կոնյակը, որի պատվիրատուն Կրեմլն էր, իսկ հայկական «Դվին» կոնյակը խմում էր անձամբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը:
Հայկական ջազի հնչյունների ներքո բեմում սկսեցին թվարկվել այն մեծերի անունները, որոնցով աշխարհը ճանաչել ու ճանաչում է Հայաստանն ու հայերին: Մինասի, Արամ Խաչատրյանի, Խորեն Աբրահամյանի, Մարտիրոս Սարյանի, Հրանտ Շահինյանի, Եղիշե Չարենցի, Մհեր Մկրտչյանի, Հովհաննես Թումանյանի ու Ատոմ Էգոյանի կողքին հիշատակվեց նաև հայկական «System of a Down» ռոք խումբը, որի ավանդը մեծ է աշխարհի կողմից Հայաստանի ճանաչման գործում:
Գալա համերգի բացման հատվածում հազարամյակների Հայաստանի պատմության ներկայացումն ավարտվեց 2018թ.-ի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության պատկերներով, ինչպես նաև՝ այդ իրադարձությունների առաջնորդ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆրանսերեն ասված ողջույնի խոսքով` «Բարի գալուստ Հայաստան»:
Նորայր Շողիկյան