«Փաշինյանը եթե հիմա դիմանա, ապա դեռ երկար կմնա». Գեորգի Դերլուգյան

Թավշյա հեղափոխության բնույթի ու հնարավոր փոխակերպումների, Փաշինյանի ոճի ու տակտիկայի ու առհասարակ այն մասին, թե հեղափոխականի համար որքան կարևոր է իսկական օպորտունիստ լինել, ռուս քաղաքագետ Վադիմ Դուբնովը խոսել է Նյու Յորքի համալսարանի ու Մոսկվայի սոցիալական և տնտեսական գիտությունների բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Գեորգի Դերլուգյանի հետ։

Ծավալուն հարցազրույցը ներկայացնում ենք կրճատումներով։

– Երբ մենք Ձեզ հետ պայմանավորվեցինք հարցազրույցի համար, Դուք ի պատասխան զանգվածների հեղափոխական արվեստի վերաբերյալ իմ ենթադրություններին՝ասացիք, որ հաճարեղ միայնակի հեղափոխական արվեստն է։ Որքա՞ն է այդ արվեստին հեղափոխություն անունը տալու հավանականությունը, և որքա՞ն կարող է տեխնոլոգիան առանձնացված լինել ներքևից եկող ինչ-որ պահանջարկից։

– Ես՝ որպես պատմական սոցիոլոգ, դեմ եմ «տեխնոլոգիա» բառին։ Հեղափոխությունն արվեստ է, ինչպես ասում էր Լենինը, և այստեղ հսկայական դեր են խաղում միայնակները, որոնք ունակ են կազմակերպել զանգվածների այդ էներգիան։ Այնպես որ, այստեղ, իհարկե, անհրաժեշտ է և սոցիալական վառոդը, բայց շատ պետք է նաև ուղղորդող գործոնը։ Հայաստանում դա հիանալի տեսանելի է։ Քանի դեռ Փաշինյանը չէր կարողացել կենտրոնացնել ընդդիմադիր զանգվածին, նախկին իշխանության դիրքերը բավականին անսասան էին թվում։

– Որքա՞ն են ժողովրդական զանգվածներին թեկուզ յուրաքանչյուր շաբաթ փողոց դուրս գալու կոչերն արդարացված այդ արվեստի տեսանկյունից։

– Ցանկացած հեղափոխություն ըստ էության արտախորհրդարանական մեթոդների կիրառմամբ իշխանության զավթում է, և նախ և առաջ՝ զանգվածների ապստամբություն։ Անկասկած, անհրաժեշտ է կենտրոնացնել զանգվածները։ Փաշինյանը մինչև վերջերս վերահսկողություն չուներ պետական ապարատի ժամանակ, դրա համար էլ ինչպե՞ս զավթեր պետապարատը, եթե ոչ՝ զանգվածների օգնությամբ։

Այստեղ հսկայական դեր է խաղում նաև հոգեբանությունը, զանգվածներին ճնշելը։ Այս իմաստով Հայաստանն իսկապես այնքան էլ ցուցադրելի օրինակ չէ. Այն բացառիկ է, քանի որ այնտեղ պատմական հանգամանքների բերումով ի հայտ է եկել ազգի բավականին բացառիկ միասնություն։

– Դա պայմանավորված է պատմահոգեբանական պատճառներո՞վ, թե՞ պարզապես նախորդ ռեժիմից աննկարագրելի հոգնածությամբ։ Նրանք, ովքեր դեմ են հեղափոխությանը, ասում են, որ նախկինում էլ ամեն բան նորմալ էր։ Բայց եթե ամեն ինչ նորմալ էր, ապա որտեղի՞ց  հայտնվեց հեղափոխությունը։ Ուրեմն պետք է դա բացատրել արտաքին միջամտությամբ։

– Անտանելի հոգնածությունը ողջ աշխարհում կարող է հանգեցնել և հանգեցնում է ամենատարբեր ելքերի, պարտադիր չէ՝ հեղափոխական։ Հեղափոխությունները միշտ ունենում են 2 միատեսակ սխալ բացատրություն։ Հեղափոխությանը դեմ մարդիկ այն բացատրում են արտաքին միջամտությամբ։ 2-րդ բացատրությունն ավելի շուտ լիբերալ-հեղափոխական է. իշխանությունների ապօրինություններն այն սահմանին են հասել, երբ արդեն դիմանալու տեղ չկա։ Բայց այդ դեպքում ինչո՞ւ էին առաջ դիմանում, այսինքն՝ միշտ առկա է «ինչո՞ւ հիմա» հարցը։ Բայց հեղափոխությունից բացի, ինչ ասես կարող է լինել։ Կյանքը վատ է, մարդիկ կարող են մահանալ սիրտ-անոթային հիվանդություններից, կարող են հարբել, կրոնին տրվել, արտագաղթել, լռել…

– Դուք ռուսական սցենարն եք պատմում, բայց մենք հայկականի մասին ենք խոսում։ Ինչո՞ւ Հայաստանում ստացվեց այն միասնությունը, որը չստացվեց նույն Ուկրաինայում կամ Վրաստանում։

…Այդ միասնությունը շատ վառ արտահայտվեց վերակառուցման ժամանակաշրջանում, երբ հայերը հանդես եկան Ղարաբաղի միավորման օգտին. Նրանց թվում էր, թե թեկուզ մեկ կորսված հայկական տարածք հնարավոր կլինի վերադարձնել։ Եվ արդյունքում Հայաստանը վերածվեց կովկասյան փոքրիկ Իսրայելի, քանի որ այն դժվար է համեմատել այդ հանրապետությունների հետ։ Հայաստանի իշխանությունները քիչ թե շատ դիմացան մինչև 2016թ. ապրիլյան հայ-ադրբեջանական բախումների ժամանակ հենց իրենց՝ հայերի կարծիքով՝ կրած պարտությունը։

Հայաստանում ամենազարմանալին այն է, որ հեղափոխությունը միևնույն ժամանակ բացարձակ անարյուն ընթացավ։

– Այո, բայց այս շաբաթ արդեն լսելի էին ակնարկներ, որ այն կարող է դադարել այդպիսին լինել։ Կա՞ն արդյոք հեղափոխության փոխակերպման ռիսկեր։

– Ոչ թե ռիսկեր, այլ կա անխուսափելիություն։ Հեղափոխությունը կարող է ավելի արդյունավետ պետություն ստեղծել, բայց կարող է պարզապես կործանվել։ Հեղափոխությունները կարող են հանգեցնել տոտալիտար ռեժիմների, բայց 21-րդ դարում դա պարզապես դժվար է անել։ Կարող են ավարտվել կոռուպցիոն ռեժիմներով։

Բայց ահա Հայաստանում այժմ տեղական բացառիկ հանգամանքների բերումով, այն առումով, որ այնտեղ շատ ուժգին են արտահայտված հայրենասիրական ազգայնամոլությունը, հսկայական միասնությունը, ի հայտ է եկել իրավիճակ, երբ կարող է առավել էֆեկտիվ պետություն ու տնտեսական թռիչք կատարելու փորձ արվել։ Իսկ այդ գործընթացը երբեք հաճելի չի լինում։

– Ինձ էլ էր թվում, որ հեղափոխության մեջ… ամենակարևորը ժամանակին կանգ առնելն է։ Շատ հեղափոխություններ վատ ավարտ են ունեցել հենց այն պատճառով, որ ուշացումով են ավարտվել։

– Հեղափոխությունն ավարտվում է այնտեղ, ուր հասել են կայունության ինչ-որ կետի։ Ամեն ինչ սկսվում է նրանից, որ կործանվել են հին կարգերը, ու ավարտվում այնտեղ, ուր կարելի է ինչ-որ բանի վրա կանգ առնել։ Բայց եթե հաշվարկենք, թե Հայաստանն ինչ տարբերակներ ունի, դրանք շատ չեն, քանի որ Հայաստանը որևէ արտաքին օգնության վրա, բացի Սփյուռքից, չի կարող հույս դնել։

…Հայաստանը փաստացի պատերազմ է վարում, և ահա ինչ-որ պահի նա պետք է լուծի և, շատ շուտով, իր խնդիրները։ Դա բանակի բավականին կտրուկ ուժեղացումն է ու այն 21-րդ դարի մակարդակի հասցնելը և տնտեսական աճի գործարկումը։

– Այսինքն՝ իսրայելական ճանապարհը…

– Ոչ միայն իսրայելականը։ Նաև Սինգապուր, Հարավային Կորեա…

– …Ինձ միշտ թվում էր, որ ինքնին Հայաստանի տնտեսական մոդելներն այնքան էլ վատը չէին, տնտեսագետները լավ էին աշխատում, պարզապես ամեն ինչ արագ խժռվում էր օլիգարխների կողմից, ինչպես հետխորհրդային ողջ տարածքում, բացառությամբ Բալթյան երկրների։

– Ինչո՞ւ միայն հետխորհրդային։ Ամբողջ աշխարհում է դիտարկվում անհավասարության հսկայական աճ։ Մենք ապրում ենք կապիտալիզմի ռևանշի դարաշրջանում, որը սկսվել էր 1980-ականներին, ամենուր օլիգարխներ, շատ հարուստ առաջնորդներ, բոլոր արդյունաբերական երկրներում տեղի ունեցավ տոտալ դեինդուստրիալիզացիա։

– Բայց Դուք ինքներդ եք այդ ավերակների վրա առաջարկում կառուցել ինչ-որ հետարդյունաբերական հասարակություն…

– Երկիրը շրջափակված է, դեպի ծով ելք չունի, դրա համար այլ ելք չկա։ Հնարավոր չէ ինչ-որ բան զարգացնել, որ խոշոր բեռների տեղափոխում չի պահանջում։ Այդ պատճառով էլ դրանք տեղեկատվական տեխնոլոգիաները կլինեն…

Կարծում եմ՝ Հայաստանը կարող է հասնել միջին զարգացած երկրի մակարդակի։ Բայց հսկայական խնդիր կա, և այստեղ Փաշինյանն ապրի։ Նա վիրտուոզ կերպով խաղում է իր խաղերը, նա գործնականորեն ավարտել է երկրի ներսում քաղաքական իշխանության կոնսոլիդացման խնդիրը ու այժմ դա անում է արտաքին մակարդակում, որ Ադրբեջանը չհարձակվի, Ռուսաստանը գազը չանջատի։ Նա ակտիվ աշխատում է այդ ուղղությամբ, և կարծես թե նրա մոտ ինչ-որ բան ստացվում է։ Իսկ երբ քիչ թե շատ արտաքին խնդիրը կլուծվի, Փաշինյանի առջև իսկապես կարող են հսկայական խնդիրներ կանգնել, քանի որ պետք է ստեղծել աշխատատեղեր։

Փաշինյանը, իմ կարծիքով՝ հիանալի քաղաքական բնազդ ունի, նա բավականին լավ է հասկանում, թե ում լսի և ում ինչ ասի։

– …Վերադառնանք Փաշինյանին։ Որևէ կոնցեպցիայի բացակայությունը հեղափոխականի համար ճակատագրակա՞ն է, թե՞ ինչ-որ ժամանակ կարելի է առանց դրա ապրել, իսկ եթե կարելի է, ապա մոտավորապես որքա՞ն։

– Հեղափոխականի համար կոնցեպցիան խիստ անհրաժեշտ է, դրան հետևելը՝ ճակատագրական։ …Բոլոր հեղափոխականները, գտնվելով արագ փոփոխվող հանգամանքների հոսքում, ստիպված են գործել համաձայն դրանց։ Հաջողակ են այն հեղափոխականները, որոնք անընդհատ խախտում են կոնցեպցիան, այսինքն՝ օպորտունիստները։ Լենինն ականավոր օպորտունիստ էր։ Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, նույնպես շատ լավ է խաղում։

– Փաշինյանի համար ավելի բարդ է, քանի որ նա, եթե նույնիսկ ցրի օրենսդիր մարմինը, պատրաստ է ընտրությունների, ընդ որում՝ նորմալ։ Ի՞նչ անել այստեղ կոնցեպցիայի հետ։ Ամեն դեպքում ինչ-որ բան պե՞տք է ներկայացնել, թե՞ դա պարտադիր չէ։

– Կա բավականին նորմալ պոպուլիստական ոճ։ Ինչո՞ւ է պետք ինչ-որ բան ներկայացնել։ Գլխավորը, ո՞ւմ ներկայացնել։

– Ընտրողներին, նրանց, ովքեր վաղը կցանկանան էլիտա դառնալ։

– Էլիտա դառնալ ցանկացողներին անհրաժեշտ է առհասարակ հեռու պահել իշխանությունից, քանի որ հասկանալի է՝ արդեն այդ էլիտան դառնալ ցանկացողների մեծ հերթ է գոյացել։

Փաշինյանն այժմ բացարձակ հիասքանչ խարիզմատիկ իմիջ ունի, այսինքն՝ շատ լավ խուսափում է ինչ-որ կոնկրետ ծրագիր ներկայացնելուց։ Նրա գլխավոր ձեռքբերումն իր խարիզմատիկ ուժային ոճն է։ … Նա շատ լավ կենտրոնացնում ու միաժամանակ հանգստացնում է իր հետևորդներին։ Բայց մյուս կողմից՝ Հայաստանում դասակարգային կոնֆլիկտ է առաջանում, այսինքն՝ մարդիկ, ովքեր կորցնելու բան ունեն, նախկին ռեժիմի օրոք որոշակի դիրք են ունեցել, կասկածում են այս ռեժիմի կոմպետենտությանը։ Եվ կա Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ այս 80%-ը, քանի որ նրանք քվեարկում են հույսի օգտին։

Հաջորդիվ իշխանությունը կկոնսոլիդացվի, և Փաշինյանը ստիպված կլինի զբաղվել արագացված տնտեսական զարգացմամբ, քանի որ շատ դժվար է պատկերացնել, թե ինչ մասնավոր ներդրողներ կգան Հայաստան ու աշխատատեղեր կստեղծեն։

…Հայաստանը ստիպված կլինի ձևավորել ինչ-որ, ըստ երևույթին, բարձր տեխնոլոգիական սեկտոր, գումարած՝ ծառայություններ, տուրիզմ։ Պետք է մտածել, թե ինչպես դուրս գալ այս իրավիճակից։ Ես ընդհանրապես հավատում եմ։ Հայաստանում ժողովուրդը ծույլ չէ, այնտեղ բավականին լավ բազային ցուցանիշ կա, երկիրն անվտանգ է, այնտեղ փողոցներում չեն գողանում, չեն թալանում, բռնության մակարդակը չափազանց ցածր է, այժմ բավականին մաքուր էկոլոգիա կա, քանի որ արդյունաբերություն չկա։ Այնտեղ, ես հույս ունեմ, գոնե միջին համաշխարհային մակարդակի զարգացման կարելի է հասնել։ Այնպես որ,Փաշինյանը, եթե առաջիկա տարիներին դիմանա, ապա դեռ երկար կմնա։

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Տեսանյութեր

Լրահոս