
Թրամփը մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ ներմուծվող փայտի և փայտե արտադրանքի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 29-ին կարգադրել է մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ ներմուծվող փայտի և որոշ տեսակի փայտե արտադրանքի համար:
Սպիտակ տան հրապարակած փաստաթղթերից պարզ է դառնում, որ ապրանքի արժեքի 10 տոկոսի չափով մաքսատուրք է սահմանվում փայտի ներմուծման վրա: 25%-ի չափով մաքսատուրքեր կգործեն կահույքի որոշ տեսակների, այդ թվում՝ խոհանոցային կահույքի ներմուծման վրա: Նոր միջոցներն ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի 14-ին:
2026 թվականի հունվարի 1-ից հետո նախատեսված է մաքսատուրքերի բարձրացման հնարավորություն:Թրամփն օգոստոսի 22-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը հետաքննություն է անցկացնում այլ երկրներից կահույքի ներմուծումների վերաբերյալ: Նա նշել էր, որ հետաքննության արդյունքներով այդ արտադրանքի ներմուծման վրա կսահմանվեն մաքսատուրքեր:
Թրամփը վստահություն էր հայտնել, որ դա կահույքի բիզնեսը կվերադարձնի Հյուսիսային Կարոլինա, Հարավային Կարոլինա, Միչիգան և այլ նահանգներ: Վիետնամը, Կանադան, Չինաստանը և Մեքսիկան Միացյալ Նահանգներ կահույք արտահանող հիմնական երկրներն են։