«Մարդ կարող է ուժեղ լինել, միայն եթե ճանաչում եւ մեծարում է իր արմատները». Ազնավուրը՝ հաղթանակի ու պարտության, կյանքի ու մահվան մասին
94 տարեկան հասակում կյանքից հեռացավ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: «Արմենպրես»-ն առանձնացրել է հարցազրույցներում Հայաստանի ազգային հերոսի խոսուն մտքերը:
Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին. երեսիս փակված դռներ, հեգնանքով և արհամարհանքով լի ժպիտներ. «Մի համառեք», «Ոչինչ չունենք ձեզ համար», «Թողեք ձեր հասցեն, կգրենք», «Ամեն պատահական մարդու վրա կորցնելու ժամանակ չունենք»…Ես ճաշակել եմ այդ բոլորը: Շատերի նման կուլ եմ տվել թուքս, զսպել եմ արցունքներս ու կուչ եկել: Շատերի նման զայրույթից պոռթկացել եմ երբեմն, կոպտել եմ, կոպտել են ինձ: Կասկածն ու հուսահատությունը, բախտ չունենալու զգացողությունը հաճախ են գետնել ինձ, բայց ցավս թաքցրել եմ, քաշվել եմ պատյանիս մեջ և ուժ հավաքել դիմանալու, պայքարելու համար…
Հավանաբար, իմ ամբողջ կյանքը ինքս իմ հանդեպ հաղթանակ է։ Ես սկսել եմ զրոյից, ինքնուրույն եմ ամեն ինչ սովորել. երաժշտություն, գրականություն, դերասանական վարպետություն։ Այդ տարիներին ուսումը վճարովի էր, իսկ իմ ընտանիքի հնարավորությունները՝ համեստ, այդ պատճառով էլ շուտ լքեցի դպրոցական նստարանը և այդ պահից սկսած ստիպված էի կյանքում ամեն ինչին ինքնուրույն հասնել:
Երբեք չեմ սիրել պարտվել: Երբեք չեմ կարողացել հաշտվել պարտության հետ:
Ես ընդհանրապես կարծում եմ, որ մարդ կարող է ուժեղ լինել, միայն եթե ճանաչում եւ մեծարում է իր արմատները:
Ապրելու համար մի ելք կա միայն: Քեզ զիջում են միայն այն դեպքում, երբ քո կարիքն են զգում: Իսկ եթե չէ, բարի ճանապարհ: Նշանակում է՝ նախ պետք է օգտակար դարձնես քեզ, ապա՝ անհրաժեշտ մյուսներին:
Ես չեմ վախենում մահից, ես պարզապես երջանիկ եմ, որ ապրում եմ, տեսնում եմ, լսում եմ, զգում եմ, վայելում եմ շրջապատող աշխարհը:
Մահն ինձ չի վախեցնում: Ծնված օրվանից գիտեմ, որ դա տեղի է ունենալու: Չեմ վախենում, սակայն միաժամանակ չեմ ցանկանում մահանալ:
Ես ծեր չեմ, ես մեծահասակ եմ։ Ես այնքան էլ լավ չեմ տեսնում, բայց դուք մթության մեջ եք: Ես հիշողություն չունեմ: Ունեմ հեռուստահուշարար, եթե դուք տեսնում եք իմ «լողացող հայացքը», պատճառն այն է, որ ես նայում եմ դրան:
Եթե ես լսեի քննադատներին, ապա հիմա այստեղ չէի լինի։ Բայց ես դեռ այստեղ եմ, իսկ նրանք, հնարավոր է, արդեն մահացել են: