Այս օրերին Ռուսաստանը կհետևի նաև ՀՀ վարչապետի արևմտյան շփումներին

Դեռևս հստակեցված չեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` ՀՀ կատարելիք այցի ժամկետները: ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը երեկ հայտարարեց, թե Պուտինը պաշտոնական այց կկատարի Հայաստան առաջիկայում: Սակայն երեկ ավելի ուշ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Հայաստան քննարկվել է, բայց դժվար թե այն տեղի ունենա մինչև տարեվերջ, հավանաբար այն տեղի կունենա 2019-ին:

«ՌԴ նախագահի հնարավոր այցելության վերաբերյալ քննարկումները շարունակվում են: Ժամկետները հստակեցված չեն, միայն կարող եմ ասել, որ և՛ ռուսական կողմը, և՛ մեր կողմը, հաստատել են, որ, եթե չասեմ՝ մոտ ժամականերս, ապա առաջիկայում նման այցելություն ծրագրված է, որն ունենալու է պաշտոնական այցելության բնույթ»,- ասել էր Տիգրան Բալայանը:

Նշենք, որ այս այցի մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՌԴ կատարած այցի ընթացքում: Փաշինյանը նշել էր, որ, եթե այցը չկայանա մինչ այս տարեվերջ, ապա տարեսկզբին այն հաստատ կլինի: Հատկանշական է նաև այն, որ մինչ ՌԴ նախագահի ՀՀ կատարելիք այցը Փաշինյանը և Պուտինը չորրորդ անգամ Դուշանբեում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովի շրջանակում հանդիպելու հնարավորություն կունենան:

Իսկ Յուրի Ուշակովն ասել է. «Իսկապես, այցի կազմակերպման հարցեր քննարկվել են, բայց կոնկրետ ժամկետներ դեռ չեն նշվում»:

Նաև հավելել է. «Նկատի ունենք այն, որ նախագահները, հավանաբար, կհանդիպեն ոչ միայն Դուշանբեում (ԱՊՀ գագաթաժողովում), այլև Աստանայում ՀԱՊԿ նստաշրջանի ժամանակ: Դա մեկ, իսկ բացի այդ, դեկտեմբերին Մոսկվայում նախատեսված է ԵԱՏՄ գագաթաժողով, ինչը ևս հնարավորություն կընձեռի առաջնորդներին կարճ զրուցել: Հայաստանի այցի և դրա ժամկետների հարցը դեռ չի քննարկվում… կարծում եմ, նպատակահարմար է այս հարցում դիտարկել 2019 թվականը»:

Նախքան Յուրի Ուշակովի հայտարարությունը սպասվող այցի մասին զրուցել էինք ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովի հետ:  Նրա խոսքով՝ ուրախալի է, որ, թեև ոչ ամբողջական բովանդակային հանդիպումների տեսքով, բայց ակտիվ շփումներ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ընթանում են ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո: Ըստ նրա, սա թույլ է տալիս ղեկավարներին առաջացած խնդիրները քննարկել առաջին ձեռքից, ծանոթանալ դիրքորոշումներին և ընդհանուր առմամբ համագործակցել ավելի արդյունավետ: Բնականաբար, Սկակովի դիտարկումների համաձայն, ներկայումս կան խնդիրներ, որոնք պայմանավորված են միմյանց հետ աշխատելու փորձի բացակայությամբ, ՀՀ իշխանության եկած անձանց կառավարման փորձի բացակայությամբ, որը խնդիրներ է առաջ բերում, և մի շարք այլ հանգամանքներով:

«Բայց տեսանելի է, որ այս հանդիպումներն առիթ են դառնում քննարկումների համար, երկու երկրների կարևորությունը միմյանց համար շատ ավելի մեծ է, քան նշածս խնդիրները:

Ինչպես Փաշինյանի այցը Մոսկվա, այնպես էլ, կարծում եմ` Պուտինի առաջիկա այցը Հայաստան ևս կդառնա սուր անկյունները հարթելու լավ հնարավորություն: Ցանկանում եմ շեշտել, որ Մոսկվան ցանկանում է ունենալ նորմալ գործընկերային հարաբերություններ և կայունություն իր գործընկեր երկրներում: Դրանով է պայմանավորված այն ուշադրությունը, որը կա Մոսկվայում Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:

Մոսկվան հետևել է և շարունակելու է հետևել ներքաղաքական իրադարձություններին, քանի որ հետաքրքրված է իր եվրասիական գործընկեր հանդիսացող երկրում կայունությամբ, այն չափազանցված տրամադրություններով և սպասելիքներով, որոնք առկա են ներկայիս Կառավարությունից և որոնք գուցե հիասթափության հանգեցնեն, բայց ինչպես ՌԴ բարձրագույն ղեկավարությունն է նշում, չի միջամտում և չի միջամտելու, քանի որ քննարկվող բոլոր հարցերը վերաբերում են ՀՀ ներքին օրակարգին:

Բացառությամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի, որի փոփոխման հարցը քննարկվում է ՀԱՊԿ անդամ երկրների կողմից: Վերջին հանդիպումը ցույց տվեց, որ ՀՀ կառավարությունը ձգտում է արդյունավետ համագործակցություն ունենալ Մոսկվայի հետ, Մոսկվան ևս պատճառ չունի վատ հարաբերություններ ունենալ ներկայիս իշխանությունների հետ: Կան փոքր խնդիրներ, որոնք հարթվում են ժամանակի ընթացքում: Կարծում եմ` առաջիկա հանդիպումը ևս պետք է դիտարկել կառուցողական կոնտեքստում, որքան էլ որ կան խնդիրներ, քանի որ կողմերը ջանում են դրանք լուծել»,- ասաց Սկակովը:

Մեզ հետ զրույցում գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարն ասաց, որ շփումների հաճախակիությունը ցուցիչ չէ, որ խնդիրները հայ-ռուսական հարաբերություններում հարթվում են: «Հաճախակի հանդիպումներն այն կազմակերպությունների գործունեության հետ են կապված, որոնց մասնակցում են Ռուսաստանը և Հայաստանը: Այդ շփումներն առավելապես այն մասին են, որ այս երկու երկրների միջև բավականին լուրջ քաղաքական կապեր կան, բայց ներկայումս կան նաև խնդիրներ: Բնականաբար, առաջիկա հանդիպման օրակարգը լինելու է չափազանց հագեցած:

Դեռ հարմարվողականության փուլը շարունակվում է, Ռուսաստանը շարունակում է ճանաչել ՀՀ նոր իշխանություններին, հետևում է այս օրերին Միացյալ Նահանգներում ՀՀ վարչապետի ելույթներին, հանդիպումներին, արևմտյան շփումներին, որը ևս կարևոր կլինի՝ հասկանալու հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրների լուծման հնարավորությունը: Կարծում եմ` ժամանակ է հարկավոր, որպեսզի ամեն բան պարզվի, փոխադարձ վստահություն ձևավորվի, քանի որ ներկայումս առաջացած բոլոր խնդիրների պատճառը վստահության բացակայությունն է երկկողմ հարաբերություններում»,- ասաց Ռարը:

Նա չի բացառում, որ մինչ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ՀՀ կատարելիք այցը հայ-ռուսական հարաբերություններում մթնոլորտն ավելի բարենպաստ լինի երկկողմ հարաբերություններում առկա խնդիրները լուծելու տեսանկյունից:

Տեսանյութեր

Լրահոս