Պուտինը, հավանաբար, այս տարի Հայաստան չի գա. Յուրի Ուշակով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Հայաստան քննարկվել է, բայց դժվար թե այն տեղի ունենա մինչև տարեվերջ, հավանաբար այն տեղի կունենա 2019-ին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Իսկապես, այցի կազմակերպման հարցեր քննարկվել են, բայց կոնկրետ ժամկետներ դեռ չեն նշվում»,- ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ ասել է նա:
«Նկատի ունենք այն, որ նախագահները, հավանաբար, կհանդիպեն ոչ միայն Դուշանբեում (ԱՊՀ գագաթաժողովում), այլև Աստանայում ՀԱՊԿ նստաշրջանի ժամանակ: Դա մեկ, իսկ բացի այդ, դեկտեմբերին Մոսկվայում նախատեսված է ԵԱՏՄ գագաթաժողով, ինչը ևս հնարավորություն կընձեռի առաջնորդներին կարճ զրուցել: Հայաստանի այցի և դրա ժամկետների հարցը դեռ չի քննարկվում… կարծում եմ, նպատակահարմար է այս հարցում դիտարկել 2019 թվականը»,- նշել է Ուշակովը:
Ի դեպ, Պուտինի օգնականը մատնացույց է արել այն հանգամանքին, որ Փաշինյանն ու Պուտինը հանդիպել են բոլորովին վերջերս և առհասարակ՝ այս տարի նման երեք հանդիպում է եղել, մանրամասն քննարկումներով: