«Գազելների ֆենոմենի բացակայությունը պատահական չէր». Հովհաննես Քոչարյան

Փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի գնահատմամբ՝ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրական ցուցակները եղել են գրեթե իդեալական: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ցուցակները բավականին մաքրվել են, ցուցակներում մահացածների վերաբերյալ ընդամենը 2-3 դեպք է արձանագրվել:

«Ամբողջ հասցեների ստուգումն իրականացվել է մեր ուժերով, մի քանի հարյուր մահացածի հանուն է հանվել՝ 600-ից ավելի: Իսկ 2-3 դեպք մահացածի մասով տեղեկություն, Երևան քաղաքաի համար շատ քիչ է»,- ասաց նա՝ հավելելով, որ երկրից բացակայողներին իրավունք չկա հանել ցուցակից, քանի որ նրանք կարող են ցանկացած պահի վերադառնալ և մասնակցել քվեարկությանը:

168.am-ի հարցին, թե Երևանի ընտրողների քանի՞ տոկոսն է բացակայել երկրից ընտրության օրը, Հ.Քոչարյանը պատասխանեց, որ որևէ մեկը չի կարող հստակ ասել: Մեր դիտարկմանը, որ դա կարևոր է մասնակցության տոկոսի առումով, փոխոստիկանապետը հավաստեց, որ ՏԻՄ ընտրությունների համար մասնակցությունը տրամաբանական մակարդակի էր:

Անդրադառնալով ընտրախախտումների դեպքերին՝ Հ.Քոչարյանը նշեց, որ առաջին անգամ տեղամասերին մոտ ոչ միայն անշարժ, այլև շարժական ծառայողական խմբեր էին գործում, որոնք 3-5 րոպեում մատենում էին ահազանգի վայր. «Գազելների ֆենոմենի բացակայությունը պատահական չէր, դա Քրեական օրենսգրքի փոփոխությունների ուղղակի հետևանք էր, ընտրողին ծառայութուն մատուցելը քրեականացվեց: Սա բավականին զսպող էֆեկտ ունեցավ և ընտրական հանցագործությունները սրանով կանխարգելվեցին»:

Մեր հարցին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ի՞նչ կարող է երաշխավորել, Հ.Քոչարյանը պատասխանեց, որ եթե անցած ընտրությունները մոտ էին իդեալականին, ապա խորհրդարանականը, երբ էլ այն կայանա, ավելի լավն է լինելու:

Տեսանյութեր

Լրահոս