ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամները ստորագրություն են տվել 5 տարի գաղտնի տեղեկություններ չհրապարակելու մասին
Այսօր ԱԺ քննիչ հանձնաժողովը խորհրդակցությունից հետո որոշեց աշխատակարգը: Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը տեղեկացրեց, որ որոշվել է հրավիրվող պաշտոնատար անձանց և պաշտոնատար անձ չհանդիսացող անձանց դեպքում, որոնք հանձնաժողովին կարող են հայտնել պետական, ծառայողական կամ այլ գաղտնիք պարունակող տեղեկություններ, նիստերը բացառապես դռնփակ են լինելու, իսկ փորձագետներ և ոչ պաշտոնատար անձանց հրավիրելու դեպքում արդեն քննարկման արդյունքում հանձնաժողովը կարող է որոշում կայացնել և դռնփակ կամ դռնբաց նիստ անցկացնել:
«Նիստից հետո հանձնաժողովի անդամները լրատվությանը չեն հայտնում որևէ տեղեկություն, հայտնելու ենք հաղորդագրության միջոցով»,- ասաց Գ.Կոստանյանը՝ պարզաբանելով, որ հանձնաժողովի անդամները ստորագրություն են տվել գաղտնի տեղեկություններ չհրապարակելու մասին, այդ թվում՝ 5 տարի շարունակ:
Ըստ նրա՝գաղտնի տեղեկություն տալը քրեորեն պատժելի է:
Գ.Կոստանյանը նշեց, որ սկսելու են գաղտնալսման փաստից, արդարադատությանը խոչընդոտելու հարցն ավելի ուշ կքննարկեն, և հարցումներ են ուղարկելու, թե գաստնալսելու կարողություն ունեցող ի՞նչ սարքավորումներ են ներկրվել Հայաստան, և այլն:
«Չգիտենք՝ գլխներիս գալիքը, մարդը կարող է՝ պաշտոնի է, հետո ազատվում է, ի՞ր հայեցողությամբ է գալու»,- հետաքրքրվեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Կոստանյանը պատասխանեց, որ պաշտոնյաների չներկայանալու դեպքում իրավական գործընթաց կապահովեն, իսկ քաղաքացիների դեպքում՝ իրենց կամքն է: Ընդ որում՝ որոշ դեպքերում, ելնելով հրավիրյալի կարգավիճակից, հանձնաժողովը կարող է բացարձակ գաղտնիություն ապահովել, այսինքն՝ չտեղեկացնել տվյալ անձին հրավիրելու մասին
Թե ո՞ւմ են պատրաստվում հրավիրել՝ հարցին, Գ.Կոստանյանը պատասխանեց, որ դեռևս չեն որոշել:
Լրագրողների հետ զրույցում Գ.Կոստանյանը նշեց, որ յուրաքանչյուր փաստաթղթի ուսումնասիրման արդյունքում այլ անձանց հրավիրելու անհրաժեշտություն կարող է առաջանալ:
«Մեզ համար առաջնահերթ է սահմանադրական և ազգային անվտանգությունը, որպեսզի մենք վստահ լինենք, որ ՀՀ-ում որևէ մեկը չի կարող դառնալ ապօրինի գաղտնալսման զոհ»,- ասաց Գ.Կոստանյանը:
Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը կհրավիրվի՞, Գ.Կոստանյանը չպատասխանեց: