Երբ Պուտինը կժամանի Երևան և ինչու չկայացավ Փաշինյան-Թրամփ հանդիպում
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը ՀՀ կկայանա առաջիկայում»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` ՀՀ կատարելիք այցի ժամկետներին:
«ՌԴ նախագահի հնարավոր այցելության վերաբերյալ քննարկումները շարունակվում են: Ժամկետները հստակեցված չեն, միայն կարող եմ ասել, որ և՛ ռուսական կողմը, և՛ մեր կողմը, հաստատել են, որ եթե չասեմ մոտ ժամականերս, ապա առաջիկայում նման այցելություն ծրագրված է, որն ունենալու է պաշտոնական այցելության բնույթ»,- ասաց նա:
Հարցին, թե ինչո՞ւ ԱՄՆ-ում չկայացավ Փաշինյան-Թրամփ հանդիպում, Բալայանը պատասխանեց, որ կար նպատակադրություն և ամերիկյան կողմից՝ թե՛ դեսպանն ու ամերիկյան այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, թե՛ մեր կողմից, կազմակերպելու նման հանդիպում:
Նրա պարզաբանմամբ, նման հանդիպում տեղի չունեցավ թե՛ մեր, թե՛ Միացյալ Նահանգների ղեկավարի օրակարգերի սղության պատճառով:
«Ամեն դեպքում նման հանդիպում կազմակերպելու նախապատրաստական աշխատանքները շարունակվում են: Կարծում եմ` բարձրագույն մակարդակով հանդիպման առիթներ դեռ կլինեն և ոչ միայն Միացյալ նահանգների ղեկավարի հետ, այլև այլ աշխարհաքաղաքական կենտրոնների և մեր բարեկամ երկրների ղեկավարների հետ»,-ասաց Բալայանը: