Բաժիններ՝

Հնդկաստանում շուրջ 50 հազար մարդ աշխարհից կտրված է մնացել տեղատարափների պատճառով

530-ից ավելի բնակավայրերում շուրջ 50 հազար մարդ արդեն ավելի քան մեկ ամիս աշխարհից կտրված է մնացել տեղատարափների պատճառով, որոնք մոլեգնում են Հնդկաստանի Նագալենդ հյուսիսարեւելյան նահանգում: Այդ մասին հայտնել է NDTV հեռուստաալիքը:

Այդ տվյալների համաձայն՝ մուսսոնային անձրեւներն այդ տարածաշրջանում շարունակվում են հուլիսի 26-ից, տարերքի հարվածից այստեղ արդեն մահացել է առնվազն 12 մարդ: Եղանակային պայմաններից առավել շատ են տուժել լեռնային գյուղերն այն տարածքներում, որոնք սահմանակից են հարեւան Մյանմային. այդ շրջաններում ճանապարհները արգելափակված են սողանքներով կամ ամբողջովին ողողված են:

Նագալենդի կառավարությունը խնդրել է համերկրային իշխանություններին՝ անհապաղ 8 միլիարդ ռուփիի (մոտավորապես 114 մլն դոլարի) չափով օգնություն հատկացնել տարերային աղետի հետեւանքները վերացնելու համար: Դրան զուգահեռ երկրի ռազմաօդայն ուժերը սննդամթերք եւ առաջին անհրաժեշտության իրեր են հասցնում տուժած շրջաններ:

Հնդկաստանում հունիսից մինչեւ սեպտեմբեր շարունակվում է մուսսոնային անձրեւների սեզոնը: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ընթացիկ տարում երկրում սաստիկ անձրեւների զոհ է դարձել արդեն ավելի քան հազար մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս