ԱՄՆ–ում զենքի պաշարները ծայրահեղ նվազել են Իրանի հետ հակամարտության պատճառով
Իրանի հետ հակամարտության ֆոնին ԱՄՆ-ի սպառազինությունների պաշարները հասել են ծայրահեղ ցածր մակարդակի։ Այս մասին հայտնել է ABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային։
Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները սպառել են հակաօդային պաշտպանության հիմնական միջոցների, այդ թվում բալիստիկ հրթիռներ որսացող զինամթերքի պաշարները: Պաշտոնյայի խոսքով` Patriot ԶՀՀ-ների և THAAD-ի որսացող հրթիռների պաշարները «խիստ քիչ են»։ Նա, սակայն, հրաժարվել է կոնկրետ թվեր հրապարակել։
Հեռուստաալիքի զրուցակցի խոսքով՝ առանձին մտահոգություն է առաջացնում մեծ հեռահարության ATACMS և PrSM հրթիռների պաշարների ցածր մակարդակը, որոնք օգտագործվել են Իրանին հեռու տարածությունից հարվածելու համար:
Օգոստոսի 4-ին CNN հեռուստաալիքը հայտնել էր, որ ԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտության ընթացքում սպառել է բալիստիկ հրթիռների խոցման համար նախատեսված THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգի հրթիռների մինչև 80 տոկոսը: ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը քննադատել էր այդ հաղորդագրությունները՝ դրանք որակելով սուտ:

