«Եթե Վեհը մտավ դատարան և կանգնեց դատարանի առաջ, իմացեք, ամեն ինչ վերջացած է…». Հարություն Հարությունյան
«5-րդ ալիք»-ի տնօրեն Հարություն Հարությունյանը գրել է․
«ՎԵՀԸ ՉՊԵՏՔ Է ԴԱՏԱՐԱՆ ՄՏՆԻ
1903թ., երբ Հայոց հայրապետ Խրիմյան Հայրիկը Թիֆլիսից վերադառնում էր Հայաստան, իսկ Թիֆլիս նա գնացել էր հանդիպելու կովկասի փոխարքա Գալիցինի հետ, քննարկելու 1903 թվականի հունիսի 12-ին ցարական կառավարության հայոց եկեղեցական ու վանական գույքը բռնագրավելու մասին տխրահրչակ որոշումը և մերժեւմ էր ստացել, Ալեքսանդրապոլում գյումրեցիները պառկեցին գնացքի գծերին չթողնելով գնացքը առաջ շարժվի: Նրանք պահանջում էին, որ Հայրապետը դուրս գա և խոսի իր հոտի հետ:
Մինչ այդ, Ալեքսանդրապոլի ռուս բարձրաստիճան ղեկավարությունը և զինվորական հրամկազմը ցանկացել էին պատվով դիմավորել Խրիմյան Հայրիկին, բայց, ստացել էին կոպիտ պատասխան: Կաթողիկոսը գավազանակրին ասել էր նրանց փոխանցի,որ երեսները տեսնել չեմ ուզում: Եւ երբ կարճատև կանգառից հետո հնչեցին գնացքի շչակները , ժողովուրդը պառկեց գնացքի գծերին, պահանջելով Խրիմյան Հայրիկին դուրս գալ և հանդիպել ժողովրդի հետ: Այդ օրը Կաթողիկոսը գիշերեց Ալեքսանդրապոլի առաջնորդարանում և այդտեղ ժողովրդի պահանջին՝ «Հայրիկ կալվածքները չպիտի տաս», հնչեց Խրիմյան Հայրիկի պատասխանը.«Չէ, սիրելիներս, Հայրիկը կալվածքները չի տա»:
Ինչ եմ ուզում ասել. այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատն է: Եթե մեր մեջ դեռ մի քիչ մնացել է արժանապատվություն, չպետք է թույլ տանք, որ Վեհը մտնի դատարան: Այս խայտառակության վերջը պետք է տրվի:
Եթե Վեհը մտավ դատարան և կանգնեց դատարանի առաջ, իմացեք, ամեն ինչ վերջացած է և դա այսօր է»:

