Զգուշացրել են` խուսափել տաքսիների ծառայություններից օգտվելուց. Թրամփը կորցրել է Իրանի հետ բանակցությունների նկատմամբ վստահությունը. WSJ
Թրամփն սկսում է ավելի ու ավելի շատ կասկածել, որ Իրանի հետ բանակցությունները կարող են հանգեցնել տևական խաղաղության: Վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ նախագահը գտնում է, թե Թեհրանն արձագանքում է միայն ռազմական ուժին, ներկայում գտնվում է «վրեժխնդրության մոլուցքի» մեջ, և ռազմական հարվածների շարունակումը մնում է քիչ տարբերակներից մեկը:
Պատերազմն անձնական ազդեցություն է ունեցել Թրամփի և նրա որոշ բարձրաստիճան խորհրդականների վրա։ Հետախուզական ծառայությունները մի քանի առանցքային օգնականների զգուշացրել են, որ Իրանը կարող է թիրախավորել իրենց, և խորհուրդ են տվել խուսափել տաքսիների ծառայություններից օգտվելուց։
Օվալաձև կաբինետում կայացած վերջին հանդիպման ժամանակ Թրամփը կտրուկ է արտահայտվել Իրանի ղեկավարության հասցեին՝ նրանց անվանելով «ստահակներ և խելագարներ»՝ օգտագործելով նաև մի շարք անպարկեշտ արտահայտություններ։ Թրամփը նաև դժգոհություն է հայտնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ՝ երբեմն իր օգնականներին ասելով, թե չի ցանկանում շփվել նրա հետ։

