«Սա այն դեպքերից է, երբ կալանքը դառնում է ոչ թե դատավարական միջոց, այլ ուղերձ բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն քննադատել իշխանությունն ուզուրպացրածներին». Հովասափյան
Արմեն Հովասափյանը գրում է. «Արդեն ավելի քան հիսուն օր է, ինչ Արմեն Աշոտյանը շարունակում է մնալ ապօրինի կալանքի տակ։
Անկեղծ ասած, ամեն անցնող օրվա հետ ավելի դժվար է այս ամենին նայել միայն որպես հերթական քաղաքական իրադարձության։ Երբ խոսքն ընկերոջդ մասին է, ամեն ինչ այլ կերպ ես ապրում, քանի որպես տեսնում ես ոչ թե զուտ մամուլի վերնագրեր, այլ մի մարդու, որին փորձում են պատժել ոչ թե իր արածի, այլ ասածի, համոզմունքների և բացառապես քաղաքական կեցվածքի համար։
Արմենի գործին հետևող ցանկացած մարդ վաղուց հասկացել է, որ այստեղ իրավական վեճի մասին խոսելը ծիծաղելի է։
Նրա անունը հայտնվել է մի պատմության մեջ, որի հետ նա փաստացի առնչություն չունի, բայց դա էլ, կարծես, երբեք հիմնական հարցը չի եղել։ Հիմնական նպատակն այլ է՝ նրան պահել ճաղերի հետևում այնքան, որքան թույլ կտա քաղաքական նպատակահարմարությունը։
Փաստացի սա այն դեպքերից է, երբ կալանքը դառնում է ոչ թե դատավարական միջոց, այլ ուղերձ բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն քննադատել իշխանությունն ուզուրպացրածներին, չհամակերպվել կամ քաղաքական պայքար մղել նրա դեմ։
Ավելին, ամենացավալին այն է, որ այս ամենը փորձում են ներկայացնել որպես արդարադատություն։ Բայց յուրաքանչյուր բանական հայի համար պարզ է, որ արդարադատությունը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է քաղաքական պատվերը։
Ես հավատում եմ, որ Արմենը դուրս է գալու այս փորձությունից ևս, բայց չեմ ուզում, որ այս երևույթը սովորական դառնա, որտեղ ընկերոջդ ազատության մասին պետք է գրառում գրես, որովհետև պետությունը որոշել է նրա նկատմամբ կիրառել ոչ թե օրենքի ոգին, այլ իշխանության կամքը։
Արմեն ջան, գիտեմ՝ սա էլ է անցնելու, իսկ նրանք, ովքեր այսօր վստահ են, թե պետական մեքենան հավերժ իրենց ձեռքում է մնալու, վաղ թե ուշ ստիպված են լինելու պատասխանել ոչ միայն պատմության, այլ նաև սեփական խղճի առաջ՝ չնայած սրանք դրանից չունեն»:

