Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է մեզ խաբում. «Հետք»

«Հետքը» գրում է. ««Ադրբեջանի դրամի եւ անձնագրի քարտեզների մեջ Արծվաշենը՝ որպես անկլավ, արձանագրված է: Իսկ դա շատ կարեւոր նրբություն է: Սա շատ կարեւոր նրբություն է, եւ կարծում եմ՝ մենք էլ պետք է հայելային նույն մոտեցումը ցուցաբերենք, որպեսզի Ալմա-Աթայի հռչակագրով համապատասխան քարտեզների նկատմամբ ճշգրիտ վերաբերմունք ցուցաբերենք, որովհետեւ դա է բխում էն պայմանավորվածություններից եւ նախաստորագրված համաձայնագրի տեքստից, որը մենք ոչ միայն ստորագրել ենք, այլեւ ՀՀ քաղաքացիների կողմից այն փաստացի ընտրություններով արժանացել է հավանության,- հուլիսի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու հավելել,- բայց էս նրբությունը համոզված եմ, որ Հայաստանում… ես, օրինակ, ընդամենը մի ամիս առաջ եմ դրա մասին իմացել կամ ամիսուկես առաջ եմ դրա մասին իմացել, որ, օրինակ, Ադրբեջանի դրամի վրա, որտեղ Ադրբեջանի քարտեզը արտահայտված ա, Արծվաշենը առանձին նշված ա ուրիշ գույնով՝ որպես Ադրբեջանին չպատկանող տարածք: Նույնն էլ անձնագրերի մեջ ա էդ նույն կեպով արտահայտված: Այսինքն՝ դե յուրե չպատկանող: Հիմա ես չգիտեմ, ենթադրում եմ՝ էնտեղ մարդիկ էլ են նույնիսկ ապրում, երեւի, շատ հստակ տեղեկություն չունեմ: Բայց սա փաստ ա, որը շատ էական ա, այդ թվում՝ մեր քաղաքականությունները եւ վերաբերմունքները եւ դիրքորոշումները մշակելիս»:

Փաշինյանի այս հայտարարությունը մանիպուլյատիվ է, քանի որ ներկայացնում է ճշմարտության կեսը:

Փաստն այն է, որ 2020 թվականից հետո տպագրված Ադրբեջանի թղթադրամի՝ մանաթի բոլոր օրինակների վրա, Արծվաշենը ներկայացված է ոչ թե որպես անկլավ (Հայաստանի էքսկլավ), այլ Ադրբեջանի տարածքի մի մաս:

Փաշինյանը ամսի 9-ի իր հայտարարության մեջ նկատի է ունեցել հենց այս նմուշները, սակայն նա կա՛մ լրագրողներից եւ հանրությունից միտումնավոր թաքցրել է, կա՛մ անտեղյակության հետեւանքով չի բարձրաձայնել այն փաստը, որ 2020-ին եւ դրանից հետո թարմացված դիզայնով թղթադրամների վրա Արծվաշենը ներկայացված է որպես Ադրբեջանի մաս:

Այսպես՝ 2020-ին եւ դրանից հետո տպագրված նմուշներում (1, 5, 10, 20, 50 եւ 100 մանաթ արժեքով թղթադրամներ), որոնց ավելացել է նաեւ 500 մանաթանոցը (տպագրվել է 2021-ին, դիմերեսին ու դարձերեսին «Ղարաբաղն Ադրբեջան է» գրությունն է), ոչ միայն Արծվաշենը ձուլվել է Ադրբեջանի տարածքին եւ չի երեւում որպես անկլավ, այլեւ, ի տարբերություն նախորդ նմուշների, Հայաստանի տարածքում որպես անկլավ առանձնացվել է Տիգրանաշենը, իսկ Վերին Ոսկեպարն ու Սոֆուլու-Բարխուդարլուն գրեթե բոլոր նմուշներում (բացառությամբ 2021-ին տպագրված 20 մանաթանոցի) ներկայացված են ոչ թե որպես անկլավ Հայաստանի ներսում, այլ Ադրբեջանի հետ ցամաքային կապ ունեցող տարածք:

Ադրբեջանական անձնագրի մասով Փաշինյանի հայտարարությունը ճիշտ է: 2013-ից Ադրբեջանը կիրառում է կենսաչափական անձնագրեր, որոնց մեջ ներկայացված քարտեզներում անկլավները տեսանելի են:

Ինչ վերաբերում է ադրբեջանական մյուս փաստաթղթերում առկա քարտեզներին, ապա հարկ է նկատել, որ նույնականացման քարտերում (ID) ներկայացված քարտեզում անկլավներն առանձնացված են (տես ստորեւ), իսկ հին ու նոր նմուշի վարորդական վկայականներում՝ ոչ:

Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ադրբեջանական արժույթի եւ անձնագրերի վրա Արծվաշենի առանձնացված լինելու մասին, մանիպուլացրել է իրականությունը՝ հայտարարելով, թե «Ադրբեջանի դրամի վրա, որտեղ Ադրբեջանի քարտեզը արտահայտված ա, Արծվաշենը առանձին նշված ա ուրիշ գույնով՝ որպես Ադրբեջանին չպատկանող տարածք»: Չմանրամասնելով, որ խոսքը բացառապես 2005-2018 թթ. տպագրված նմուշների մասին է՝ Փաշինյանը մոլորեցնող հայտարարություն է արել՝ միտումնավոր կամ չիմացության հետեւանքով չհայտնելով, որ 2020-ից հետո ոչ միայն Արծվաշենը չի երեւում, այլեւ Վերին Ոսկեպարն ու Սոֆուլու-Բարխուդարլուն ներկայացված են աղավաղված՝ Ադրբեջանի հետ ընդհանուր կապ ունեցող, ինչը, բնականաբար, Հայաստանի տարածքի հաշվին է:

«Ես, օրինակ, ընդամենը մի ամիս առաջ եմ դրա մասին իմացել կամ ամիսուկես առաջ եմ դրա մասին իմացել»,- հայտարարել է Փաշինյանը, ինչը ցույց է տալիս, որ կա՛մ նրան խաբել են՝ զեկուցելով ճշմարտության կեսը, եւ նա մինչ օրս չգիտի ամբողջական իրականությունը, կա՛մ գիտի, բայց միտումնավոր աղավաղում է իրականությունը: Անկախ ամեն ինչից՝ հուլիսի 9-ին լրագրողների առաջ Փաշինյանի տարածած ինֆորմացիան «ֆեյք» է:

Այլ հարց է, թե ինչ նպատակ է թաքցված ամենաբարձր մակարդակով նման հայտարարություն անելու հիմքում: Փաշինյանի նշած «հայելային նույն մոտեցումը» ցուցաբերելու մասով հարկ է նկատել, որ ՀՀ անձնագրերում եւ դրամի վրա քարտեզներ չկան, իսկ վարորդական վկայականի վրա ներկայացված ՀՀ ուրվագծում անկլավները բացակայում են:

Փաշինյանը, թերեւս, ակնարկել է կենսաչափական նոր անձնագրերի մասին, որոնք քաղաքացիներին հասանելի են լինելու այս տարվա աշնանից: Ապրիլին ներկայացված այս նոր անձնագրերի ձեւավորման մեջ տեսնում ենք ՀՀ միակ էքսկլավ Արծվաշենը, մյուս կողմից՝ ՀՀ տարածքում չկան անկլավներ:

Հուլիսի 9-ին վարչապետի արած հայտարարությունից հետո կարելի է սպասել, որ կենսաչափական նոր անձնագրերում ՀՀ քարտեզը փոփոխության կենթարկվի, եւ դրա վրա կառանձնացվեն խորհրդային տարիներին Հայաստանի տարածքում ձեւավորված ադրբեջանական անկլավները, որոնց առաջացման իրավական հիմքը նույն Փաշինյանը նախկինում կասկածի տակ է դրել: Կարելի է ակնկալել, որ վարչապետը նման հայտարարություն անելուց հետո «հայելային մոտեցում» կցուցաբերի նաեւ ՀՀ քարտեզի տեսքով իր կրծքանշանի նկատմամբ, որի վրա այս պահին անկլավներ չեն երեւում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031