Կիևյան կամուրջը երթևեկության համար կբացվի օգոստոսի 15-ին՝ նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Հրազդանի մեծ կամրջի՝ առավել հայտնի որպես Կիևյան կամուրջ, հիմնանորոգման աշխատանքներն ընթանում են արագացված տեմպերով։ Աշխատանքների արագ ընթացքի շնորհիվ կամուրջը երթևեկության համար կբացվի օգոստոսի 15-ին՝ նախապես նախատեսված օգոստոսի 29-ի փոխարեն, իսկ ծրագրով նախատեսված ամբողջական հիմնանորոգումը կավարտվի մինչև տարեվերջ։
Երևանի քաղաքապետարանի տարածած տեսանյութում նշվում է, որ Կիևյան կամրջի հիմնանորոգման շրջանակում իրականացվում են երթևեկելի մասի և հետիոտնային հատվածների վերականգնման, դեֆորմացիոն կարերի, ջրահեռացման համակարգի ու ջրամեկուսացման աշխատանքներ։ Նախագծով նախատեսվում է նաև նորացնել կամրջի բազրիքները, վերականգնել թռիչքային կառուցվածքներն ու հենարանները, իսկ արտաքին լուսավորության հաղորդալարերն ամբողջությամբ անցկացնել ստորգետնյա ճանապարհով։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանի խոսքով՝ հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են հունիսի 17-ին և իրականացվում են ամեն օր ժամը 08:00-20:00-ն՝ ներառյալ շաբաթ և կիրակի օրերը։
«Կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ՝ հիմնականում դեֆորմացիոն կարերի հատվածում, ինչպես նաև կամրջի ստորգետնյա մասում։ Աշխատանքներ են իրականացվում ոչ միայն այն հատվածներում, որոնք տեսանելի են կամրջի վրա, այլև ամբողջ ստորգետնյա կառուցվածքում։ Աշխատանքներն ընթանում են ամենօրյա ռեժիմով՝ առանց հանգստյան օրերի»,- ասաց Թևոսյանը։
Նրա խոսքով՝ աշխատանքների արագ տեմպերի շնորհիվ հնարավոր է եղել նախատեսվածից շուտ ավարտել վերգետնյա հիմնանորոգման հիմնական փուլը։
«Արդեն ունենք դրական դինամիկա։ Այն ժամկետը, որը նախատեսված էր օգոստոսի 29-ին, տեղափոխվել է օգոստոսի 15։ Այդ օրը կամուրջը կբացվի երթևեկության համար։ Ընդհանուր ծրագրի իրականացման ժամկետը 210 օր է, և հիմնանորոգման աշխատանքները կշարունակվեն մինչև տարեվերջ»,- նշեց նա։
Ինժեներ Հովհաննես Հայրապետյանը տեղեկացրեց, որ ներկայում մեկ երթևեկելի գոտում իրականացվում է ներքին դետալների խարսխում, իսկ մյուսում՝ նոր դեֆորմացիոն կարի տեղադրում, որին կհաջորդեն եռակցման աշխատանքները։
«Հրազդանի մեծ կամրջի վրա կիրականացվի դեֆորմացիոն կարի պոլիմեր-բետոնե համակարգ, որը կլինի ասֆալտապատ ծածկի և մետաղական կառուցվածքի միջև անջատիչ շերտ։ Այս տեխնոլոգիան Հայաստանում կիրառվում է առաջին անգամ։ Հին դեֆորմացիոն կարերի ապամոնտաժման ընթացքում հայտնաբերել ենք նաև պահարանային պատի վերին հատվածի բետոնի քայքայված շերտեր, որոնք արդեն հեռացվել են՝ հետագա վերականգնման աշխատանքների որակն ապահովելու նպատակով»,- ասաց Հայրապետյանը։

