Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում Թուրքիայից մեկնել Կատարի նվիրած նոր ինքնաթիռով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թուրքիայից չի մեկնի Կատարի կողմից նվիրված նոր ինքնաթիռով: Դրա փոխարեն նա Անկարայից կուղևորվի Մեծ Բրիտանիայում տեղակայված ԱՄՆ ռազմաօդային ուժերի Միլդենհոլ ավիաբազա՝ նախկին նախագահական Air Force One ինքնաթիռով, հաղորդում է CNN հեռուստաալիքը:
Իրավիճակին ծանոթ աղբյուրի տվյալներով՝ որոշ մասնագետների մոտ հարցեր են առաջացել միջազգային ուղևորությունների ժամանակ նոր ինքնաթիռի հնարավորությունների վերաբերյալ:
Ընդսմին, Թրամփը սոցիալական ցանցերում հայտարարել է, որ օդանավի փոփոխությունը կապված է միայն Միլդենհոլ բազայում տեղակայված ամերիկացի զինծառայողներին նոր ինքնաթիռն առաջինը զննելու հնարավորություն տալու ցանկության հետ:
«Բոլորը շատ հուզված են, և մենք մտածեցինք, որ նրանք պետք է առաջինը լինեն»,- գրել է Թրամփը: Նա հավելել է, որ «ի հիշատակ հին օրերի» կօգտվի նախկին Air Force One-ից՝ Թուրքիայից Միլդենհոլ թռիչքի համար, որպեսզի զինծառայողներին հնարավորություն տա գնահատել «ռազմաօդային ուժերի նավատորմի նոր հրաշալի համալրումը»։
Կատարի նվիրած նոր ինքնաթիռը, որը գնահատվում է շուրջ 400 միլիոն դոլար, իրավական, էթիկական և ազգային անվտանգությանն առնչվող հարցերի տեղիք է տվել:
ԱՄՆ ռազմաօդային ուժերում հայտարարել են, որ ինքնաթիռն «անվտանգ է, պաշտպանված և հագեցած է նախագահական առաքելության կատարման համար անհրաժեշտ ամենաառաջադեմ տեխնոլոգիաներով»։
Նախորդ նախագահական ինքնաթիռը՝ զգալիորեն արդիականացված Boeing 747-200-ը, օժտված էր մի շարք մասնագիտացված հնարավորություններով, դրանց թվում՝ օդում լիցքավորման գործառույթով:

