ԱՄՆ-ը Լեհաստանին զգուշացրել է ռուսական զինված սադրանքի հնարավորության մասին
Վաշինգտոնը զգուշացրել է Վարշավային, որ Մոսկվան ծրագրում է զինված սադրանք Լեհաստանի տարածքում՝ երկրի ռազմավարական օբյեկտներին հրթիռներով կամ դրոններով հարվածներ հասցնելու կամ սահմանով ռուս զինվորների ներթափանցման միջոցով։ Այս մասին հայտնել են The Telegraph-ի և Onet-ի աղբյուրները։ Նրանց խոսքով՝ նման գործողությունների նպատակը կարող է լինել իր տարածքը պաշտպանելու ՆԱՏՕ վճռականության ստուգումը, ինչպես նաև ռազմական էսկալացիան և արևմտյան դաշնակիցներին Ուկրաինային օգնությունը կասեցնելու պարտադրանքը։ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկուն մոտ կանգնած զրուցակիցների տվյալներով՝ ԱՄՆ-ը նախազգուշացրել է, որ ռուսական ագրեսիան կարող է տեղի ունենալ «մի քանի ամսվա ընթացքում»։
Լեհական անվտանգության ծառայություններում կարծում են, որ Մոսկվան կարող է անօդաչու թռչող սարքերի հարձակում իրականացնել կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտների, այդ թվում՝ էլեկտրակայանների վրա, կամ ավիահարվածների իմիտացիա անել, ինչը կստիպի Լեհաստանին ակտիվացնել ՀՕՊ համակարգերը։ Իշխանությունները նաև չեն բացառում ռուս զինվորների կողմից սահմանափակ մասշտաբի ցամաքային ներխուժման սցենարը Բելառուսի հետ սահմանով կամ Կալինինգրադի մարզից։ «Ամենածայրահեղ տարբերակի» դեպքում կարող է տեղի ունենալ «հիբրիդային հարձակում սահմանամերձ շրջանում», հայտնել է լեհական հետախուզության աղբյուրներից մեկը։ Մեկ այլ իրազեկ զրուցակից հայտնել է, որ միանգամայն հնարավոր է զինված ներթափանցում Լեհաստան՝ ռուս կամ բելառուս զինվորների մասնակցությամբ։
Աղբյուրների խոսքով՝ Կրեմլը կարող է իր գործողությունները ներկայացնել որպես GPS-ի խափանման պատճառով մոլորված զինվորականների ոչ միտումնավոր մուտք լեհական տարածք կամ որպես «անսարք ուղղաթիռի տարհանման» փրկարարական գործողություն։ Onet-ի աղբյուրները նշել են, որ ՌԴ-ն ակնկալում է, թե Լեհաստանը կհրաժարվի իր զինվորների վրա կրակ բացելուց և «ԱՄՆ ճնշման ներքո» բանակցությունների մեջ կմտնի Մոսկվայի կամ Մինսկի հետ։
Ռուսաստանը, զրուցակիցների խոսքով, հաղթանակ կհամարի այն սցենարը, որի դեպքում հնարավոր ներխուժման մասնակիցների դուրսբերումը Լեհաստանից տեղի կունենա այդ բանակցությունների արդյունքում, այլ ոչ թե այն պատճառով, որ նրանց կստիպեն դա անել ռազմական միջոցներով։ Ընդ որում, ինչպես նշել են աղբյուրները, Կիևի արևմտյան աջակցության դադարեցումը՝ լեհական տարածքի մաքրության դիմաց, կարող է դառնալ բանակցություններում Կրեմլի գլխավոր պահանջներից մեկը։
Նավրոցկու շրջապատից մի աղբյուր հայտնել է, որ ԱՄՆ-ը «համակարգված կերպով տեղեկացնում է Լեհաստանին ՆԱՏՕ արևելյան թևին հարված հասցնելու վերաբերյալ մշտապես ի հայտ եկող ռուսական ծրագրերի մասին» և նշել է, որ Վարշավան դրանից հարյուր տոկոսանոց «ապահովագրություն» չունի։ Եվս մեկ զրուցակից՝ Բալթյան երկրների անվտանգության կառույցներից, The Telegraph-ին հայտնել է, որ նման ծրագրերն իսկապես քննարկվում են Մոսկվայում, իսկ հենց սադրանքից հետո Ռուսաստանը կարող է հայտարարել, թե դա Ուկրաինայի ձեռքի գործն է։
Onet-ի աղբյուրների խոսքով՝ ներխուժման կամ հիբրիդային գործողության վերաբերյալ վերջնական որոշումը, որը նման չի լինի դասական պատերազմի, Ռուսաստանում դեռ չեն ընդունել։ ՆԱՏՕ-ն, իր հերթին, կարող է պատասխանել սադրանքին Կալինինգրադին հասցվելիք հարվածներով, նշել է The Telegraph-ը։

