Անդրանիկ Քոչարյանի որդին հրավիրվել է վարժական հավաքի, պարզվել է՝ ենթակա չէ կանչվելու, Աշոտ Փաշինյանի դեպքում էլ զինվորական մասնագիտացումը հրապարակելու չէ

2026 թվականի հունվարին ՀՀ կառավարարությունը որոշել է պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքների ժամանակացույցը՝

1. 2026 թվականի փետրվարի 3-ից մինչև ապրիլի 10-ը ներառյալ,

2. 2026 թվականի մարտի 31-ից մինչև հունիսի 19-ը ներառյալ,

3. 2026 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ,

Կարդացեք նաև

4. 2026 թվականի հունիսի 9-ից մինչև օգոստոսի 14-ը ներառյալ,

5. 2026 թվականի օգոստոսի 4-ից մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ,

6. 2026 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ,

7. 2026 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ:

Այսինքն, ԱԺ ընտրությունների օրվանից անմիջապես հետո մեկնարկել է վարժական հավաքների հաջորդ փուլը: Եվ այդ օրերին տեղեկություններ եղան, որ ակտիվ կերպով ծանուցումներ են ուղարկվում ընդդիմադիր շրջանակներին, այդ թվում՝ լրագրողներին, ընտրության համար Ռուսաստանից եկածներին: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հաստատել էր սա՝ նշելով.

«Ինչպե՞ս կարող եմ բացառել դա։ Ռուսաստանից եկող Հայաստանի Հանրապետության քաղաքացին զինապարտ է, հայրենիքի առաջ պարտականություններ չունի՞։ Բնականաբար, չեմ կարող բացառել։ Ոչ միայն ՌԴ-ից, Ֆրանսիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, և այլն, և այլն»:

Իր հերթին՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն էլ լրագրողներին ասել էր՝  ճիշտ է, որ պահեստազորում հաշվառվածները բոլորն էլ հերթականությամբ պետք է գնան վարժական հավաքների՝ չհամաձայնելով, բնականաբար, որ ընդդիմադիր հայացքներ ունեցողների նկատմամբ ընտրողական մոտեցում կա:

Այս հայտարարությունների ֆոնին  հունիսի 11-ին 168.am-ը գրավոր հարցում ուղարկեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին կամ նախարարությանը՝ հետևյալ հարցադրումներով՝

■ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կրտսեր որդին՝ Վազգեն Քոչարյանը, պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո այս տարիներին  որևէ անգամ վարժական հավաքի մասնակցության ծանուցում ստացե՞լ է, եթե ոչ՝ ինչո՞ւ,  ի՞նչ  հիմնավորմամբ: Առհասարակ, կարո՞ղ եք նշել որևէ պաշտոնյայի ծառայած որդու, որը մասնակցել է վարժական հավաքներին:

■  Աշոտ Փաշինյանը  զինվորական  ի՞նչ մասնագիտացում ունի:

■ Հունիսի 9-ից օգոստոսի 14-ն անցկացվող 25-օրյա վարժական հավաքին մասնակցության համար քանի՞ ծանուցում է ուղարկվել, արդյո՞ք այն ավելին է դրան նախորդած փուլին ուղարկվածների համեմատ:

■ 25-օրյա վարժական հավաքների համատեքստում որքանո՞վ է մարտական հերթապահության տեղաբաշխումը կատարվում ըստ զինվորական մասնագիտացման:

■  Երկու տարի առաջ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում հայտարարել էր.

«Զորակոչը շարունակում է մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներից մեկը հանդիսանալ, մենք սրա մասին պիտի բարձրաձայն խոսենք։ Մի երևույթ կա, երբ ՀՀ քաղաքացին իր զավակին հրաժարեցնում է ՀՀ քաղաքացիությունից, որպեսզի չծառայի։ Այս առումով պետք է լյուստրացիա սկսենք մեր շրջապատում, դիմել եմ նաև վարչապետին, որ նմանատիպ պրոցես սկսենք պետական կառավարման համակարգում: Իմ կարծիքով, պետական պաշտոնյան պիտի իրեն թույլ չտա, որ ոչ միայն իր զավակը, այլև իր մերձավոր շրջապատի, հարազատների զավակները հրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից: Այդ երևույթը կա, ցավալի ցուցանիշներ կարող ենք արձանագրել: Պետք է մենք բարոյական հենքի վրա մեզ հետ առերեսվենք, և ինձ համար վատ տենդենցի դեմը վերջապես առնենք»:

Որքանո՞վ Նիկոլ Փաշինյանը սա ի գիտություն ընդունելով, նման պրոցես սկսեց պետական կառավարման համակարգում, քանի որ դրանից հետո իշխանության ներկայացուցիչների որդիների բանակից ազատման թարմ տեղեկություններ շրջանառվեցին, և որքանո՞վ այդ գործընթացը ՊՆ-ում իրականացվեց:

Որոշ ժամանակ առաջ մամուլում տեղեկություններ եղան Ժիրայր Ամիրխանյանի ազատման մասին, ով ԳՇ պետի օգնականն էր, արդյո՞ք դա կապված է վերը նշված լյուստրացիայի գործընթացի հետ:

Մեր այս հարցադրումներին ի պատասխան՝ հուլիսի 2-ին ուղարկած իր պատասխան գրության մեջ Սուրեն Պապիկյանի ղեկավարած պաշտպանական գերատեսչությունը նախ Անդրանիկ Քոչարյանի որդու հետ կապված նշել է.

«Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված Ձեր 11.06.2026 թվականի հարցման՝ հայտնում ենք, որ Վազգեն Անդրանիկի Քոչարյանը  վարժական հավաքների ներգրավվելու նպատակով հրավիրվել է զինվորական կոմիսարիատ և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն ուղեգրվել է առողջության առաջնային պահպանման կենտրոն՝ ՀՀ կառավարության 2018թ. ապրիլի 12-ի N 405-Ն որոշման հավելված 2-ի 2.1 կետով սահմանված հետազոտություն անցնելու համար:

Սահմանված կարգով առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպության կողմից իրականացված հետազոտությունների արդյունքների հիման վրա ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Երևանի թիվ 2 զինվորական կոմիսարիատի բժշկական հանձնաժողովի կողմից ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման 5-րդ սյունյակի պահանջի համաձայն՝  ճանաչվել է «Ենթակա չէ կանչվելու վարժական հավաքի»:

Ինչ վերաբերում է պաշտոնատար անձանց որդիների կողմից վարժական հավաքներին մասնակցության հարցին, նման վիճակագրություն չի վարվում»։

Նշենք, որ Անդրանիկ Քոչարյանի կրտսեր որդին նախ ծառայել է Արցախի ՊԲ «Հայկազով» զորամասում, այնուհետև՝ ծառայությունը շարունակել է Վանաձորում, զինվորական մասնագիտացումը՝ հրետանավոր: Չմոռանանք, որ Քոչարյանի ավագ որդին էլ բանակում չի ծառայել:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, ապա այս տարվա ապրիլին մեր մեկ այլ  գրավոր հարցմանն ի պատասխան՝ Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ նրան վարժական հավաքի մասնակցության ծանուցում չի ուղարկվել:

«2023-2026թթ. ընթացքում Աշոտ Փաշինյանի զինվորական հաշվառման մասնագիտությամբ պահեստազորում հաշվառվածներից վարժական հավաքներին ներգրավվել է ընդամենը 4.7 տոկոսը, իսկ Աշոտ Փաշինյանը դեռևս չի ներգրավվել»,- մանրամասնել է ՊՆ-ն:

Թե ինչ զինվորական մասնագիտացում ունի Աշոտ Փաշինյանը, Պաշտպանության նախարարությունը գաղտնի է պահում, ինչն արվել է նաև մեր վերջին հարցման դեպքում՝ «կան զինվորական հաշվառման որոշ մասնագիտություններ, որոնք հրապարակման ենթակա չեն»:

Ինչ վերաբերում է 3-րդ հարցին, պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, որ չի վարվում նաև բաժանված ծանուցագրերի վիճակագրություն: Այսինքն, չեն հաշվարկում՝ քանի՞ մարդու են կանչել վարժական հավաքի, քանիսի՞ն են տարել արդյունքում, հետաքրքիր չէ՞:

Իսկ թե 25-օրյա վարժական հավաքների համատեքստում որքանով է մարտական հերթապահության տեղաբաշխումը կատարվում ըստ զինվորական մասնագիտացման, Սուրեն Պապիկյանի ղեկավարած կառույցից հայտնել են, որ «ՀՀ կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 18-ի N 1174-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 5-րդ կետի վարժական հավաքները հայտարարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ յուրաքանչյուր տարվա զորահավաքային նախապատրաստության պլանների հիման վրա ՀՀ կառավարության հաստատած միջոցառումների ցանկի, ժամկետների և ներգրավվող թվաքանակի ու մասնագիտությունների համաձայն»:

Սուրեն Պապիկյանի խոստացած լյուստրացիայի գործընթացին առնչվող հարցադրմանն էլ պատասխանելով, պաշտպանության նախարարությունը վստահեցրել է, որ նախարարի հայտարարած գործընթացը շարունակվում է՝ չասելով, թե որքանով է այն ի գիտություն ընդունել Նիկոլ Փաշինյանը և այն սկսել պետական կառավարման համակարգում:

Ինչ վերաբերում է ԳՇ պետի արդեն  նախկին օգնական  Ժիրայր Ամիրխանյանին համակարգից հեռացնելու մասին տեղեկություններին, Պաշտպանության նախարարությունից նշել են, թե նա շարունակում է աշխատել ՀՀ պաշտպանության նախարարությունում, բայց թե ինչ պաշտոնում, չեն մանրամասնել, կան տեղեկություններ, որ նա Սուրեն Պապիկյանի խորհրդականի կարգավիճակում է հիմա: Իսկ գնդապետ Ամիրխանյանին մենք կոնկրետ առիթով անդրադարձել ենք, նա նախկինների օրոք բավականին կարևոր պաշտոն է զբաղեցրել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031