Թուրքիայի երկաթուղային ցանցը 2028թ. կկազմի ավելի քան 17.000 կմ
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն Անկարայում մասնակցել է «Թուրքական երկաթուղային ոլորտում ինտերմոդալ տրանսպորտային ծառայությունների հզորացման» (U-IMT) նախագծի վերաբերյալ անցկացված միջոցառմանը և հանդես եկել հայտարարություններով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նախարարն ընդգծել է, որ վերջին 24 տարում երկրի տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտում իրականացվել է 355 մլրդ դոլարի ներդրում։ Ըստ նրա՝ երկրի երկաթուղային ցանցը 2028-ին կհասնի 17.287 կմ-ի, իսկ մինչև 2053-ը՝ շուրջ 30.000 կմ-ի։
Ուրալօղլուն առանձնացրել է Թուրքիայի ներգրավվածությունը միջազգային տրանսպորտային նախագծերում ևս՝ նշելով, որ Անկարան այժմ աշխատում է դրանցից մի քանիսի ուղղությամբ: Որպես օրինակ նախարարը նշել է արևելքից սկիզբ առնող «Միջին միջանցքը» (Orta Koridor), որ Թուրքիայի տարածքով պետք է ձգվի դեպի Եվրոպա և Պարսից ծոցը Եվրոպային կապող 1200 կիլոմետրանոց «Զարգացման ուղի» (Kalkınma Yolu) նախագիծը:
«Թուրքիան սոսկ մի երկիր չէ, որի տարածքով տրանսպորտային միջանցքներ են անցնում։ Մենք Եվրոպայի հետ համագործակցությամբ մեծ հեռավորություն ենք անցել՝ դառնալու համաշխարհային լոգիստիկ կենտրոն»,- հավելել է Ուրալօղլուն։

