Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է Հարավային Կովկասում՝ Հյուսիսատլանտյան դաշինքի համար կարևոր նշանակություն ունեցող տարածաշրջանում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնն Ադրբեջան կատարած առաջին պաշտոնական այցի ժամանակ։
Նշվում է, որ ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև գործընկերությունը ներառում է ինչպես քաղաքական երկխոսություն, այնպես էլ գործնական համագործակցություն լայն շրջանակի ոլորտներում՝ ներառյալ փոխգործունակությունը, պաշտպանական պլանավորումը և կրթությունը, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարը։ Համիլթոնը ողջունել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում հետագա քայլերը՝ որպես տարածաշրջանային կայունության կարևոր գործոն:
Հատուկ ներկայացուցիչն ընդգծել է Ադրբեջանի երկարամյա ներդրումը դաշինքում, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի գլխավորած առաքելություններում և գործողություններում: Նա նաև նշել է ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև Անհատական գործընկերության ծրագրի (IPP) կատարելագործման ուղղությամբ ընթացիկ աշխատանքները: Համիլթոնի խոսքով՝ համագործակցության կարևոր մասն Ադրբեջանի ներդրումն է Եվրոպայի էներգետիկ անվտանգության մեջ և Բաքվի աջակցությունը Կիևին։
Հունիսի 25-26-ը կայացած այցի ընթացքում հատուկ ներկայացուցիչը հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի և փոխարտգործնախարարներ Արազ Ազիմովի և Էլնուր Մամեդովի հետ։ Քննարկումները կենտրոնացած են եղել ՆԱՏՕ-Ադրբեջան գործընկերության զարգացման, տարածաշրջանային անվտանգության արդիական խնդիրների և Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների վրա։

