ԱՄՆ-ն ազատ է արձակել իրանական նավի անձնակազմի 22 անդամներին՝ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրման ֆոնին
Տարածաշրջանում իրավիճակի սրման ֆոնին Հորմուզի նեղուցից տարհանվել է ավելի քան 100 նավ, միաժամանակ, ԱՄՆ-ի ազատ արձակած՝ կալանավորված իրանական նավի անձնակազմի անդամները ժամանել են Պակիստան:
Շաբաթվա սկզբից Հորմուզի նեղուցից տարհանվել է 115 նավ և 2500 նավաստի, հայտնել է ՄԱԿ-ի Միջազգային ծովային կազմակերպության (IMO) գլխավոր քարտուղար Արսենիո Դոմինգեսը։ Տարհանումն իրականացնում է ԱՄՆ-ն՝ իրանական առևտրի նկատմամբ կիրառված խիստ ծովային շրջափակման ֆոնին։
Այս նույն իրադարձությունների շրջանակում ամերիկյան զինված ուժերն ազատ են արձակել Չինաստանից ընթացող իրանական բեռնատար նավի անձնակազմի 22 անդամներին, որն ավելի վաղ կալանվել էր Օմանի ծոցում՝ շրջափակումը ճեղքելու փորձի համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կալանավորված նավում «գերգաղտնի» բեռ է եղել:
Ինչպես հայտնել են պակիստանյան պաշտոնական անձինք և Mehr գործակալությունը, ուրբաթ ազատ արձակված նավաստիները ժամանել են պակիստանյան Կարաչի քաղաք, որտեղ նրանց հանձնել են Իրանի հյուպատոսության ներկայացուցչին՝ հետագայում Թեհրան վերադառնալու համար։ Ընդ որում, տարբեր աղբյուրներում նավը հանդես է գալիս Touska և Lenore/Davina անվանումներով։

