Հռոմի օդանավակայանները կբախվեն «աղետի»՝ ԵՄ կենսաչափական համակարգի պատճառով. FT
Հռոմի օդանավակայաններում ամառային զբոսաշրջային սեզոնի ֆոնին առկա է «աղետի» առաջացման վտանգ՝ Եվրամիություն (ԵՄ) մուտքի և ելքի վերահսկման նոր կենսաչափական համակարգի ներդրման պատճառով։ Այս մասին հունիսի 26-ին Financial Times թերթի հարցազրույցում հայտնել է Aeroporti di Roma կառավարող ընկերության ղեկավար Մարկո Տրոնկոնեն։
Կազմակերպության, որի վերահսկողության տակ են գտնվում Հռոմի երկու հիմնական օդային նավահանգիստները՝ «Ֆյումիչինոն» և «Չիամպինոն», ղեկավարի խոսքով՝ օդանավակայաններին կարող է անհրաժեշտ լինել ժամանակավորապես հրաժարվել համակարգում որոշ ճանապարհորդների պարտադիր գրանցումից։ Դա անհրաժեշտ է սահմանին տրանսպորտային կոլապսը կանխելու համար։
«Մենք շատ մտահոգված ենք ամռան հետ կապված իրավիճակով։ Այս գործընթացն անհամատեղելի է այն պիկային ծավալների հետ, որոնց բախվելու ենք։ Այդ պատճառով միակ ելքը «փականը բացելն է»։ Մենք ոչ մի կերպ չենք կարող ապահովել 100 տոկոս ընդգրկում»,- ընդգծել է Տրոնկոնեն։
Ինչպես նշել է պարբերականը, EES համակարգի ներդրումը, որը նախատեսում է ԵՄ չմտնող երկրների քաղաքացիների մատնահետքերի հավաքում և լուսանկարում Շենգենյան գոտի առաջին մուտքի ժամանակ, ուղեկցվել է տեխնիկական խափանումներով և երկար հերթերի առաջացմամբ, ինչի պատճառով մի շարք օդանավակայաններում նման ստուգումներն արդեն ժամանակավորապես դադարեցվել են։
Նշվել է, որ հիմնական ուշացումները կապված են անձնակազմի պակասի և պիկային ժամանակաշրջաններում բարձր ծանրաբեռնվածության հետ, միաժամանակ, գործող կանոնները պետություններին թույլ են տալիս ժամանակավորապես կասեցնել կենսաչափական վերահսկողությունը՝ սահմանների թողունակությունն ապահովելու համար։

