Կանադան պետք է վերաբացի դեսպանատներն Իրանում և Վենեսուելայում․ Քարնի
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հինգշաբթի հայտարարել է, որ իր երկիրը պետք է վերաբացի Իրանում և Վենեսուելայում իր դեսպանատները, որոնք փակել էին իր նախորդները, հաղորդում է Associated Press գործակալությունը։
Քարնին հայտարարել է, որ դիվանագիտական ներկայացուցչության բացակայությունը խանգարում է Օտտավային՝ արտերկրում գտնվող կանադացիներին օգնելուն և հումանիտար ճգնաժամերին արձագանքելուն՝ չնայած այդ երկու երկրների կառավարությունների հետ ունեցած խոր տարաձայնություններին։
«Ներգրավվածությունը հավանություն տալ չէ,- ասել է Քարնին։- Որևէ երկրում դեսպանատան կամ հյուպատոսական ծառայությունների առկայությունը չի նշանակում, որ մենք հավանություն ենք տալիս այդ երկրի քաղաքականությանը»։
Նա նշել է, որ դիվանագիտական ներկայացուցչության բացակայությունը խնդիրներ է ստեղծում՝ որպես օրինակ բերելով Վենեսուելան, որտեղ Կանադան կարող էր ավելի օպերատիվ օգնություն ցուցաբերել երկրաշարժի առնչությամբ։
Քարնին ընդգծել է, որ որոշում դեռևս չի ընդունվել, սակայն ասել է, որ այն անհրաժեշտ է փոխել։
«Իմ կարծիքով՝ որոշումը, որը պետք է ընդունվի, այն է, ինչ մեզ անհրաժեշտ է անել»,- դեսպանատների աշխատանքի վերսկսման մասին ասել է Կանադայի վարչապետը։
Նախկին պահպանողական վարչապետ Սթիվեն Հարփերը փակել էր Թեհրանում Կանադայի դեսպանատունը 2012 թվականին՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները և իրանցի դիվանագետներին հրամայելով լքել երկիրը՝ Իսլամական Հանրապետությանը մեղադրելով այն բանում, որ նա «ներկայացնում է ամենալուրջ սպառնալիքը համաշխարհային խաղաղության համար»։
Կանադան կասեցրել էր նաև իր դեսպանատան աշխատանքը Վենեսուելայում 2019 թվականին՝ հայտարարելով, որ Վենեսուելայի այն ժամանակվա նախագահ Նիկոլաս Մադուրոյի ռեժիմը չի երկարաձգի իր դիվանագետների վիզաները։

