ԵՄ ռազմարդյունաբերական համալիրը պետք է լինի Եվրահանձնաժողովի ձեռքում. Ֆոն դեր Լայեն
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրոպական միության ազդեցության գործիքները, ներառյալ պատժամիջոցները, էներգետիկ քաղաքականությունը, սառեցված ակտիվները և պաշտպանական արդյունաբերության տարրերը, մնում են Եվրահանձնաժողովի պատասխանատվության ոլորտում։
Դրա մասին նա ասել է ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում՝ քննարկելով այն միջոցները, որոնք Եվրոմիությունն օգտագործում է արտաքին քաղաքական և տնտեսական ճնշման համար։
Ընդ որում, ԵՄ հիմնարար պայմանագրերում ռազմական և ռազմարդյունաբերական քաղաքականությունը մնում են անդամ երկրների ազգային կառավարությունների, այլ ոչ թե վերազգային ինստիտուտների իրավասության ներքո։
Ըստ ֆոն դեր Լայենի՝ ճնշման գործիքները, ներառյալ պատժամիջոցները և այլ մեխանիզմները, «մնում են Եվրահանձնաժողովի ձեռքում»։
Ավելի վաղ նա հանդես էր եկել նաև ԵՄ պաշտպանական արդյունաբերության ոլորտում համակարգման ուժեղացման օգտին, դրանց թվում՝ պաշտպանության հարցերով եվրոպական հանձնակատարի պաշտոնի ստեղծման, պաշտպանական նախագծերի ֆինանսավորման ընդլայնման և սպառազինությունների համատեղ գնումների զարգացման միջոցով՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի ժամանակ կիրառված մեխանիզմների նմանությամբ։
Եվրահանձնաժողովի նախաձեռնությունները ենթադրում են ԵՄ-ում «սպառազինությունների ընդհանուր շուկայի» զարգացում և անդամ երկրների միջև պաշտպանական գնումների ավելի սերտ համակարգում։

