Եթե հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին մասնակցի ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների 65 տոկոսը և ավելին, ապա Նիկոլ Փաշինյանը պարտված է։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում կանխատեսում է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը՝ խոսելով առաջիկա ընտրությունների հնարավոր արդյունքների և դրանց կարևորության թեմայի շուրջ։
«Ցավոք, իրողություն էր, որ ընդդիմադիր դաշտում կար բավականին տհաճ նեգատիվ հակամարտություն կուսակցությունների միջև, որն անխուսափելիորեն պիտի ազդեր ընդհանուր ճակատի համակցված գործողությունների վրա, որոնք պետք է կարողանային այս չարիքի իշխանությունը հեռացնել, և մենք գործնականում չենք մասնակցում, այսինքն՝ մեր անունը չի լինելու ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների ցուցակում, հավատացեք, որ այդ նեգատիվ երևույթը կա՛մ վերանում է, կա՛մ այլևս իր ազդեցությունը չի կարող գործել»,- պարզաբանեց Գագիկ Մինասյանը։