«Կարող եմ հայտարարություն անել, որի ազդեցությունը Բաքվի բանտում մարդիկ կարող են զգալ իրենց մաշկի վրա»
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում մտահոգիչ որակեց Բաքվում տեղի ունեցող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության «դատավարություն»-ը, բայց նաև արձանագրեց, որ իրավիճակին մոտենում են, առաջին հերթին, չվնասելու տրամաբանությամբ:
«Մեր դիվանագիտական շփումներում, օրակարգում այդ հարցը մշտապես ներկա է, և շարունակելու ենք այդ ուղղությամբ մեր ջանքերը, որպեսզի հասնենք արդյունքի: Էլի եմ ասում՝ այստեղ մեր խնդիրը, առաջին հերթին, չվնասելն է և արդյունքին միտված աշխատանք իրականացնելը: Հարցի համատեքստում կուզենայի անդրադառնալ սահմանազատման գործընթացի վերաբերյալ հարցին, թե ինչու է այն իրականացվում հյուսիսային հատվածից: Չեմ կարող ասել, որ ձեր նշած որևէ տարբերակ ավելի վատն է, ՀՀ պետական սահմանի այդպիսի հատված չկա, որ ասենք՝ չէ, դա չենք սահմանազատում, մեզ սահմանի ուրիշ հատված է պետք:
Ինչ վերաբերում է հյուսիսային մասին, այդ հատվածում արդեն ունենք մի քանի հատվածական սահմանազատում: Նույն Կիրանցի հատվածի մի հատվածն է սահմանազատված, այսինքն՝ Բերքաբերից Կիրանց, այդ արանքը, Բաղանիսից դեպի Ջուջևան, Կոթիի հատվածը սահմանազատված չեն: Այնտեղ մենք ունենք սահմանազատված կտորներ, որոնք, այո, անվտանգության երաշխիք են, մենք ուզում ենք այդ կտորները դարձնել մոնոլիտ՝ ամբողջական, որպեսզի հատվածական չլինի»,- ասաց Փաշինյանը:
Լիլիթ Գալստյանը նկատեց՝ Փաշինյանն իր մտահոգ լռությունը մեկնաբանում է՝ որպես չվնասելու տրամադրություն. «Իմ համար և հազարավոր հայերի համար Հայաստանի լռությունը և ձեր լռությունը համարժեք է մեղսակցության: Երբ COP29-ի շրջանակներում ես այս հարցը տվեցի, դուք դարձյալ խորիմաստ լռությամբ, ակնկալիքով, որ շուտով արդյունքներ կտեսնեք, այդպիսի մի պատասխանի արժանացա, բայց իրականությունն այն է, որ այսօր էլ դուք խուսափեցիք ռեալ պատասխան տալուց և շրջանցեցիք այլ թեմայի: Ես ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանը մի շարք գործիքակազմեր ունի, որոնցից չի օգտվում»:
Նիկոլ Փաշինյանը հավաստիացրեց, որ կարող է հայտարարություններ անել, որ Գալստյանի նշած հայրենասիրական էմոցիաները բավարարող լինեն, բայց դրանց ազդեցությունն ու հետևանքները Բաքվում բանտերում գտնվողները զգալու են իրենց մաշկի վրա.
«Դա մենք հասկանո՞ւմ ենք, թե՞ ոչ: Եթե միջազգային երաշխիքներ կան, ինչո՞ւ եք այդքան մտահոգված: Եկեք հասկանանք՝ ինչ ենք ուզում, ձեր մտահոգությունն ո՞ւմ համար է: Ես հիմա կարող եմ այնպիսի հայտարարություններ անել, որ դուք խոշորացույցով ման գաք, այդ հայտարարությունների մեջ ոչ մի պրետենզիա չունենաք, բայց այդ հայտարարության հետևանքն այդ մարդիկ են զգալու: Դա՞ եք ուզում, ես չեմ ուզում դա»:
Մանրամասները՝ տեսանյութում