Թեհրանը Վաշինգտոնին կոչ է արել ազատ արձակել գրավված իրանական նավը և դրա անձնակազմին

Իրանի արտաքին գործերի նախարարությունը ծովահենություն է որակել ԱՄՆ-ի կողմից իրանական Touska բեռնատար նավի գրավումը և Վաշինգտոնին կոչ է արել ազատ արձակել նավը, դրա անձնակազմին և նրանց ընտանիքների անդամներին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Այդ գործողությունը, որը զուգակցվել է նավի ուղևորների, անձնակազմի և նրանց ընտանիքների ահաբեկմամբ, ծովահենության և ահաբեկչության ակտ է։ Իրանի Իսլամական Հանրապետությունը, նախազգուշացնելով ԱՄՆ-ի այդ անօրինական և հանցավոր գործողության ծանր հետևանքների մասին, ընդգծում է իրանական նավի, դրա ուղևորների և անձնակազմի, ինչպես նաև նրանց ընտանիքների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը», – ասվում է Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Նշվում է, որ Իրանը կօգտագործի իր բոլոր հնարավորություններն ազգային շահերի պաշտպանության համար, և որ տարածաշրջանում իրադրության հետագա սրման լիակատար պատասխանատվությունը կրում է ԱՄՆ-ն։

Ապրիլի 13-ին ԱՄՆ-ն հայտնել է իրանական նավահանգիստների շրջափակման մասին՝ նշելով, որ թույլ չի տա այնտեղ որևէ նավի մուտքը կամ ելքը։ Ապրիլի 20-ին ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է Օմանի ծոցում Իրանի դրոշի ներքո նավարկող բեռնատար նավի կալանման մասին։ Ըստ հրամանատարության՝ իրանական նավի անձնակազմը հրաժարվել է ենթարկվել ԱՄՆ զինված ուժերի պահանջներին, որից հետո ամերիկյան ուժերը հարվածել են նավին, այնուհետև ուղղաթիռից դեսանտ են իջեցրել տախտակամած:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930