«Դատարան հայց ենք ներկայացրել. Բա չիմանա՞մ, թե ում սխալ կատարած աշխատանքի հետևանքով են այդ կորուստները տեղի ունեցել». Արսեն Ղուկասյան
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում խոսելով 44-օրյա պատերազմի զեկույցի մասին, ասաց, որ զեկույցը գտնվում է գաղտնի բաժնում։
«Զեկույցի հետ կապված վերջին փաստաթղթերը, գաղտնի փաստաթղթերը բոլորը հանձնել ենք։ 3 ամիս է՝ պատկերացրեք ծավալը, թե որքան փաստաթղթեր են ուսումնասիրվել։ Սա հնարավորություն է տալիս ոչ միայն պատգամավորներին, այլև պատկան մարմիններին ստանալ զեկույցը, ունենալ այն՝ իր հիմնավորումներով, որովհետև զեկույցը հո միայն գրած թուղթ չէ՞։ Բուն զեկույցը 500 էջից ավելի է։ Ծնողներն այնպես, ինչպես իրենք են ուզում, լիազորված չեն այդպիսի իրավասությամբ, որպեսզի ծանոթանան այդ հույժ գաղտնի փաստաթղթին»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։
44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանը խոսելով Անդրանիկ Քոչարյանի այս հայտարարության մասին, նշեց, որ վերջերս ինքն է առաջինը դրա մասին խոսել ու բոլոր ծնողներին ասել՝ պետք է գնալ ու պահանջել, որպեսզի այդ զեկույցը հրապարակեն։
«Գրավոր դիմում եմ ուղարկել, որի մերժումն արդեն ստացել եմ՝ փաստաթղթի տեսքով։ Բայց իրենք այնքան անհեռատես են, որ չեն հասկանում, որ այդպես չէ, ու չի կարելի։ Մենք արդեն դատի ենք տվել՝ դատարան հայց ենք ներկայացրել, քանի որ օրենքով էլ իրավունք չունեն նման բան անելու։ Եթե պետական չինովնիկների, բարձրաստիճան պաշտոնյաների կատարած արարքի հետևանքով երկիրն ունենում է անդառնալի կորուստներ, նման փաստաթղթի վրա իրավունք չունեն գաղտնիության գրիֆ դնել։
Ես այնքան չեմ ուզում Անդոյի խոսքերը մեկնաբանել, անկախ նրանից, թե ինչ կասի կամ չի ասի։ Նույն Անդրանիկ Քոչարյանն էր եկել ու մեզ ասում էր, թե՝ բա դուք այդ ամենի միջով անցել եք, մեզ հանձնաժողովում ձեր նյութերը պետք են, մենք էլ ասել ենք՝ հարց չկա, ինչ գիտեք՝ կտանք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արսեն Ղուկասյանը։
Նա հռետորական հարց է բարձրացնում՝ ինչպե՞ս է ստացվում, որ հիմա Անդրանիկ Քոչարյանն ամեն ինչ գիտի, իրենք չգիտեն։
«Այնպես չէ, որ հիմա իշխանությունն այս ծնողների համար պետք է Ամերիկա հայտնաբերի, թե ո՞վ է դավաճան, ո՞վ դասալիք, պանիկա տարածող, թուրքերին խիստ գաղտնի տեղեկատվություն զեկուցող և այլն։
Անդրանիկ Քոչարյանը, Նիկոլ Փաշինյանն ասում էին, որ հազարավոր գործեր են լինելու, ինքը չի կարող ինձ, առավել ևս՝ զոհվածների հարազատներին չասի ամեն ինչ, քանի որ դատարանով ես ունեմ կարգավիճակ՝ տուժողի իրավահաջորդ։ Իմ հարազատը տուժել է 44-օրյա պատերազմի հետևանքով, բա ես չիմանա՞մ, թե ում սխալ կատարած աշխատանքի հետևանքով են այդ կորուստները տեղի ունեցել։ Ուղղակի հիմա իրենք փորձում են ամեն կերպ ձգել՝ շատ լավ հասկանալով, որ գալու է պահը, որ իրենք իրականությունը հանրությանը ներկայացնելու են, իսկ այդ պահն անկասկած գալու է։
Հույսս չեմ կտրում, որ վերջապես մեր հանրության մոտ կզարթնի այդ բանը, որ գնան պահանջեն, ՀՀ ցանկացած քաղաքացի ունի այդ իրավունքը, հանրային հետաքրքրություն ունեցող թեմա է։
Հիմա եթե ժողովուրդը սթափվի՝ պահանջի, շուտ կասեն, եթե չսթափվի, մեկ է՝ օրը կգա, բարին էլ՝ հետը։ Ուղղակի իրենք հիմա հասկանում են, որ, եթե իսկությունը բացահայտվի, շատ մարդկանց մոտ «գլուխները կգնա», իսկ հիմա սա իրենց պե՞տք է, դե, նախընտրական շրջան է, իրենց վարկանիշն է, և այլն»,- հավելեց Արսեն Ղուկասյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ նույնիսկ իշխանությունները չէին էլ ուզում խոսել 44-օրյայի զեկույցի մասին, երևի որոշել էին, որ ժողովրդին բան չունեն ասելու։




