Իրանի ԱԳ նախարարը և Լիբանանի խորհրդարանի խոսնակը քննարկել են իրենց երկրների դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերին ուրբաթ ուշ երեկոյան հեռախոսազրույց են ունեցել՝ Իրանի վրա ամերիկա-իսրայելական հարձակումը քննարկելու համար, հայտնում է Mehr գործակալությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային վերջին զարգացումների, Իրանին հասցված ամերիկա-իսրայելական հարվածների և դրանց ծանր հետևանքների, ինչպես նաև Լիբանանի դեմ Իսրայելի հարձակումների վերաբերյալ։
Ներկայացնելով Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարձակման և երկրի զինված ուժերի պատասխան միջոցառումների վերաբերյալ համապարփակ զեկույցը՝ Աբբաս Արաղչին բարձր է գնահատել Լիբանանի ազգային միասնության պաշտպանության վերաբերյալ Լիբանանի խորհրդարանի խոսնակի սկզբունքային դիրքորոշումը։
«Վերահաստատելով Լիբանանի ազգային ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականության նկատմամբ Իրանի սկզբունքային աջակցությունը՝ Արաղչին լիբանանյան հասարակության շահերի դեմ ուղղված արտաքին գործոնների դավադրություններին դիմակայելու համար ներքին համախմբվածության պահպանումն ու ամրապնդումն անվանել է «անհրաժեշտություն ներկայիս բարդ հանգամանքներում», – ասվում է իրանական լրատվամիջոցի հաղորդագրության մեջ։
Լիբանանի խորհրդարանի խոսնակն իր հերթին Արաղչիին տեղեկացրել է Լիբանանի դեմ Իսրայելի հարձակումների և այդ գործողությունների սարսափելի հետևանքների հետ կապված իրավիճակի մասին։
Նաբիհ Բերին ընդգծել է, որ Լիբանանի կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների ոչնչացումը, ինչպես նաև իրենց բնակավայրերից լիբանանցի քաղաքացիների բռնի տեղահանումն«իսրայելական վարչակարգի չարամիտ նպատակներից մեկն են»։
Արաղչին և Բերին շեշտել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման և զարգացման կարևորությունը։



